Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից ԿԳԲ-ի վրա գցեցին

Հուլիս 14,2007 00:00

 «Ծրագրային ապահովման ոլորտում կատարվող հեղինակային իրավունքների խախտումների բարձր թվով Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է: Այստեղ խախտումների մակարդակը կազմում է 95 տոկոս»:

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո թագուհի» դահլիճում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նա փաստեց նաեւ, որ տարբեր ոլորտներում տեղի ունեցող խախտումների պատճառով մեր երկիրը տարեկան 20 մլն դոլարից ավելի կորուստ է ունենում. «Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շուրջ 4 միլիոնը կորցնում է կառավարությունը եւ 15 միլիոնը՝ հեղինակները»: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կազմակերպած «Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության արշավ» նախագծի հիմնական նպատակը հեղինակային իրավունքի խախտումների նվազեցումն է, տարբեր ոլորտների ներկայացուցիչներին այս խնդրի շուրջ համախմբելը: «Օրենքներ կան մշակված, բայց մտահոգիչ է, որ դրանք հիմնականում չեն գործածվում»,- նշեց ԻՏՁՄ կրթության եւ շահերի գծով փոխտնօրեն Մերի Դուրյանը:

Երեկվա կլոր սեղանի ներկայացուցիչներին հուզում էր նաեւ այն հարցը, թե իրականում ստեղծագործողն ի՞նքը պիտի զբաղվի հեղինակային իրավունքի պաշտպանությամբ, թե՞ մեկ այլ մարմին կամ պետությունը: «Հեղինակային իրավունքը երկրի ներսում պաշտպանելը պետության պարտավորությունն է եւ ոչ թե հեղինակինը: Սակայն մեր օրենսդրությունը հակառակն է նախատեսում: Նախեւառաջ կառավարությունը ինքը պիտի հարգի հեղինակային իրավունքը»,- կարծում է Գ. Բարսեղյանը: Հայ հեղինակների իրավունքների պաշտպանության կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանն էլ կարեւորեց դատական համակարգի տեղեկացվածության խնդիրը. «Մի քանի դատական նիստի եմ մասնակցել եւ համոզվել, որ դատավորները բացարձակ տեղեկացված չեն այս հարցում: Հիմնականում որոշումներ են կայացնում առանց օրենքն իմանալու, առանց որեւէ հիմնավորման»: Վերջինս նկատել է, որ աշխարհում չկա մի պետություն, որը ՀՀ-ի պես 3 անգամ փոփոխած լինի հեղինակային իրավունքի պաշտպանության մասին գործող օրենքը:

Մասնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ հեղինակային իրավունքները մեր երկրում ամենից շատ խախտվում են շուկայում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Սակայն քիչ չեն նաեւ խախտումները արվեստի բնագավառում: Չնայած այս փաստին, երեկվա կլոր սեղանին հրավիրված արվեստագետներից միայն կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն էր ներկա: Երաժիշտը բորբոքված սկսեց խոսել այն կորուստներից, որ այս տարիներին ինքն ու իր գործընկերներն ունեցել են: «Արդյունքում ստիպված եղա անգիր սովորել հեղինակային իրավունքի պաշտպանության մասին օրենքը, որպեսզի կարողանամ ինքնուրույն պաշտպանվել: Խորհրդային միության տարիներին կար գործող համակարգ: Մինչդեռ Հայաստանում վերեւներում այս հարցը հրատապ դարձավ այն ժամանակ, երբ «Մաքրոսոֆթը» եկավ: Այնինչ, հեղինակային իրավունքի խախտման հարցը վտանգում է մեր անկախությունը»: Ա. Մարտիրոսյանը պնդեց, որ հարցը պետք է վերեւից լուծվի. «Հասարակական մեթոդով լուծվող հարց չէ սա: Ուժով, թեկուզ ԿԳԲ-ի մակարդակով պետք է այն կարգավորել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել