Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԿԻՆԸ ԾԵԾՈ՞ՒՄ Է ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ

Հուլիս 14,2007 00:00

Իսկ անգործության մատնված գյուղապետարանի դռները շարունակում են մնալ փակ

Արդեն անդրադարձել ենք Լոռու մարզի Քարկոպ գյուղում ստեղծված իրավիճակին («Առավոտ», 28.02.07): Հիշեցնենք, որ համայնքի ավագանին եւ բնակիչները Լոռու մարզպետից եւ ՀՀ կառավարությունից պահանջում են անվստահություն հայտնել գյուղապետ Կամո Ռամազյանի նկատմամբ: Իրենց այդ պահանջը բողոքավորները մեկնաբանում են գյուղապետի կամայականություններով, գյուղապետարանում ստեղծված անգործությամբ, առանց ավագանու իմացության որոշումներ կայացնելով եւ համայնքային բյուջեն անարդյունավետ եւ կամայականորեն ծախսելու հանգամանքով: Հիշեցնենք նաեւ, որ գյուղապետը իր ամենաթողությունը արդարացնում էր «վերեւների», մասնավորապես՝ Լոռու այն ժամանակվա մարզպետ Հենրիկ Քոչինյանի հետ մտերիմ լինելու հանգամանքով: Մարզպետի փոփոխությունը հույսեր արթնացրեց քարկոպցիների մեջ եւ նրանք իրենց բողոքն ուղարկեցին Արամ Քոչարյանին: Քարկոպի ճակատագրի եւ գյուղապետի անվստահության հարցը հասել է կառավարություն եւ արդեն քանի ամիս է՝ քարկոպցիներն իրենց բողոքից ու նրա հետեւանքից տեղեկություն չունեն: Երեկ Լոռու մարզպետարանից հեռախոսով մեզ տեղեկացրին, որ կառավարությունը գործերը հետ է ուղարկել մարզպետարան՝ պահանջելով փաստաթղթային հիմնավորումները եւ գործին առնչվող բոլոր նյութերը: Ըստ «Առավոտի» աղբյուրի, Ռամազյանի դեմ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի դատախազությունում գործ է հարուցվել, սակայն Ռամազյանը ինչ-ինչ բանակցությունների «շնորհիվ» կասեցրել է գործը:

Մինչ կառավարությունը երկար-բարակ մտածում է, թե ինչպես վարվի Կամո Ռամազյանի ու նրա ղեկավարած համայնքի հետ, Քարկոպը մնում է առանց ղեկավարի, գյուղապետարանի դռները, ինչպես միշտ, շարունակում են մնալ փակ, բնակիչները եւ ավագանին անտեղյակ են, թե ինչ որոշումներ է կայացնում իր տանը «աշխատանքային գործունեություն» ծավալող գյուղապետը: Իսկ երբ որեւէ մեկին գյուղապետարանից ինչ-որ տեղեկանք է պետք լինում, ապա մարդիկ ստիպված են գնալ գյուղապետի տուն: Իսկ դա բավականին համարձակ քայլ է, քանի որ գյուղապետի կինը՝ Ալվարդ Բեժանյանը, վիրավորված՝ ամուսնուն չսիրող համագյուղացիներից, կարող է անպատվել, վիրավորել, անգամ ծեծել նրանց: Ըստ «Առավոտի» աղբյուրի, այդպես նա վարվել է մի քանի հոգու հետ, ինչպես նաեւ գյուղապետարանի նախկին քարտուղար Կարինե Լուարսաբյանի հարսի հետ: Վերջինս գյուղապետի դեմ պայքարող ակտիվիստներից է, եւ ս/թ մարտի 28-ին գյուղապետը առանց հիմնավորման նրան ազատել է աշխատանքից: Ամուսնու նախկին գործընկերուհու հարսի հետ հունիսի 11-ին ընդհարվելուց հետո տիկին Ալվարդը դիմել է ոստիկանություն, թե իբր իր տանը իրեն են ծեծել: Մինչ դատական բժիշկը հետազոտել է երկու «տուժածներին», վերջիններս եկել են ընդհանուր համաձայնության եւ որոշել փակել այդ գործը: Կարինե Լուարսաբյանը այդ ընդհարումը համարում է ամոթալի երեւույթ, դրանով հիմնավորելով իրենց հարաբերական «հրադադարը»:

Ի դեպ, ըստ քարկոպցիների, գյուղապետի կինը անընդհատ չարացած է շրջում «գյուղամիջում» եւ իր ամուսնու չուզողներին անպատվում, անիծում եւ փորձում ներքաշել կռիվների մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել