Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՀՈՅԱՆՔՈՎ ԼՂ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Հուլիս 14,2007 00:00

«Եթե կա ընդհանուր մոտեցում՝ չճանաչել չճանաչված պետությունների ընտրությունները, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է ԼՂՀ-ի համար իրենք բացառություն անեն»,- «Ռեգնում»-ի անդրկովկասյան խմբագրությունում երեկ կայացած ասուլիսում այսպես պատասխանեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ միջազգային կազմակերպությունները դատապարտում են ԼՂՀ նախագահի ընտրությունները:

Նաեւ նշեց, թե «այս վերաբերմունքը պետք է շատ հանգիստ եւ համարժեք ընկալվի. սա որեւէ առնչություն չունի ԼՂ կարգավորման գործընթացի հետ»: «Առավոտը», սակայն, հիշեցրեց, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանն օրերս պատասխանելով հարցին, թե Ղարաբաղում ինչպե՞ս են վերաբերվում ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարությանը, թե աշխարհը, միեւնույն է, չի ճանաչի ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքները՝ ասել էր. «Թերի Դեւիսը քաղաքականությունից բան չի հասկանում. անունից էլ երեւում է. «թերի» մարդ է՝ քաղաքական պարանոիկ է, որը չի կարող անկողմնակալ գնահատական տալ Ղարաբաղում եւ Ղարաբաղի շուրջ ընթացող իրադարձություններին»: Տիգրան Թորոսյանն ի պատասխան ասաց. «Համոզված եմ՝ առնվազն 19 տարին բավարար ժամանակ է, որ մենք գիտակցենք, թե հայհոյանքներով որեւէ հարց չի լուծվում, այդ թվում՝ նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը: Շատ ավելի լուրջ մոտեցում է անհրաժեշտ: Ամեն մեկը կարող է իր վերաբերմունքն արտահայտել՝ անուններ մեկնաբանելով եւ այլն: Բայց ուզում եմ մի բան հիշեցնել Թերի Դեւիսի հետ կապված. երբ ինքը ԼՂ հարցով զեկուցող էր՝ ԼՂՀ-ին վերաբերող բանաձեւում ներառվեց այն ձեւակերպումը, որը որեւէ միջազգային կազմակերպության փաստաթղթում չեք կարող գտնել ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված: Այդ բանաձեւում հստակորեն ամրագրվում է 2 դրույթ, առաջինը՝ Լեռնային Ղարաբաղը կարող է անկախանալ ժողովրդավարական մեթոդներով այդ տարածքի ժողովրդի աջակցության պարագայում, եւ երկրորդ՝ ԵԽ որեւէ անդամ երկիր չի կարող իրեն միացնել ԵԽ անդամ այլ երկրից անջատվող տարածք»: ԱԺ նախագահն ընդգծելուց հետո, թե այս ամենը չտեսնելն ու ուղղակի հայհոյելը՝ սխալ է, նաեւ ասաց. «Շատ չեմ էլ զարմանում, քանի որ եթե Հայաստանի՝ շատ ավելի փորձառու եւ ճանաչված պետության խորհրդարանում կան մարդիկ, որոնք նման ձեւակերպումներ են օգտագործում, ԼՂ ԱԺ-ից ավելի մեծ պահանջներ ունենալու հիմք չունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել