Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիում «Ազատություն» արդեն վաղուց չկա

Հուլիս 14,2007 00:00

ՀԺԿ մեղրեցի քարտուղար Գրիգոր Հարությունյանը վստահ է, որ հասարակությունը փոփոխություններ է ակնկալում:

ՀԺԿ քարտուղար, ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Գրիգոր Հարությունյանը այս օրերին գտնվում է իր հայրենի Մեղրիում եւ մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ մեղրեցիները մինչ այսօր դեռ չեն կարողացել ընկալել այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Գրիգոր Հարությունյանի փոխանցմամբ, մեղրեցիները «ուղղակի ապշած են այդքան «պրոֆեսիոնալ» կազմակերպված ընտրություններից: Արդյունքն այն եղավ, որ մարդիկ այստեղ հույս չունեն, որ իրենք կարող են լինել գործոն, սա է ամբողջը, այսինքն՝ այստեղ եւս նույն տրամադրություններն են՝ ինչ որ Երեւանում»:

Մեղրեցիների հետ զրույցները եւ քննարկումները Գրիգոր Հարությունյանին հիմք են տալիս պնդելու, որ, այնուամենայնիվ, մարդիկ դեռ հույսեր են փայփայում, որ փոփոխություններ հնարավոր են. «Այստեղ՝ Մեղրիում եւս քաղաքականությամբ քիչ թե շատ հետաքրքրվածները մտածում են, որ ընդդիմությունը այս անգամ արդեն ուղղակի չի կարող նախագահական ընտրությունների գնալ առանձին-առանձին: Պետք է լինի այնպիսի թեկնածու, որը ընդունելի կլինի քաղաքական ուժերի լիդերների, նաեւ՝ հասարակության կողմից, եւ դրանից հետո, կարծում եմ, հաջողություն կարող է լինել, որովհետեւ անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ այսօր իշխանությունները այդքան էլ վստահ չեն, եւ դա է նաեւ պատճառը, որ փորձ արվեց փակել «Ազատություն» ռադիոկայանը: Միանշանակ, իշխանությունները լուրջ մտավախություն ունեն եւ այդ պատճառով էլ յուրաքանչյուր համապետական ընտրություններից առաջ, հատկապես նախագահականից առաջ, ազատ խոսքը փակում են, ինչպես 2003-ից առաջ փակեցին «Ա1+»-ը, հիմա էլ փորձում են փակել «Ազատությունը»: Սրա հիմնական պատճառն այն է, որ իշխանությունները իրենց ուժերի վրա վստահ չեն: Իրենք էլ հարցումներ են կատարում եւ գիտեն, որ հասարակության մեջ վստահություն չեն վայելում»: Մեղրեցիները վաղուց զրկված են նորմալ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից. «Մինչեւ այժմ այստեղ եղել է լարային ռադիո, այսօր «ԱրմենՏելը» սպասարկումներ չի կատարում, եւ Մեղրին զրկված է «Ազատություն» ռադիոկայան լսելու հնարավորությունից արդեն վաղուց: Իսկ FM-ն ընդհանրապես Մեղրիում չկա: Մեղրիում դիտում են միայն Հանրայինը, Կարապետիչի ԱԼՄ-ն եւ Հ2-ը, կա նաեւ կաբելային ալիք, որը, հասկանալի է, բոլորին հասանելի չէ»:

Ըստ մեր զրուցակցի, մեղրեցիներին այսօր Ղարաբաղի հարցը հետաքրքրում է ճիշտ այնպես, ինչպես հետաքրքրում է հենց Մեղրիի հարցը. «Այս տեսանկյունից մտավախություն միշտ եղել է, բայց ներքին եւ արտաքին ճնշումները իշխանություններին ստիպեցին այդ Մեղրիի հարցից ետ կանգնել: Եվ այսօր կարելի է ասել, որ Մեղրին դարձել է լուրջ ներդրումների կենտրոն: Մի կողմից՝ լավ, մյուս կողմից՝ ոչ, իմ կարծիքով՝ չի կարելի աս ծավալներով երկրի ընդերքը փորփրել: Ինչպես Մեղրաձորում, նույնն էլ Մեղրիում վայրենի ձեւով սկսվել է հանքավայրերի շահագործումը: Մի քանի ճակատներ կան, որ ուղղակի լրջորեն շահագործվում են: Չեմ կարծում, որ մեր հանրապետությունը իր ամբողջ ստրատեգիան պետք է ուղղի հումքահանքարդյունաբերությանը, եւ այս տեսակետից շատ զգույշ պետք լինել: Իշխանությունները, կարծում եմ, ճիշտ քաղաքականություն չեն վարում այստեղ»։ Մեր դիտարկմանը՝ սակայն չէ՞ որ այդ գործընթացը նոր աշխատատեղեր է ստեղծում, Գրիգոր Հարությունյանը նկատեց. «Աշխատատեղերը կարեւոր են, բայց աշխատատեղերը ստեղծելուց առաջ պետք է այնպես անել, որ գյուղերը, հողը անտերության չմատնվեն: Մանավանդ՝ այս կարգի ոչ ռացիոնալ շահագործումը, կարծում եմ, ոչ հեռավոր ապագայում բնապահպանական խնդիրներ է առաջացնելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել