Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՍԱՆՄԵԿ ՓԱՍՏ՝ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հուլիս 14,2007 00:00

\"\"ԼՂՀ ԿԸՀ-ն կարձագանքի՞ խախտումների մասին ահազանգերին

ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Յուրի Զաքարյանը երեկ դիմել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանին. «Ստիպված ենք փաստել, որ քարոզարշավը սկսվելու առաջին իսկ օրվանից լուրջ օրինախախտումներ են տեղի ունենում: Եթե անհետաձգելիորեն դրանց չտրվի սկզբունքային գնահատական ու հետեւողականորեն միջոցներ չձեռնարկվեն հետագա օրինախախտումները կանխարգելելու ուղղությամբ, ապա ստիպված ենք լինելու կանգնել նորանկախ երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող ընտրությունների վարկաբեկման փաստի առջեւ»:

Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբը ներկայացրել է իրենց ստացած ահազանգերի մի մասը, ակնկալելով, որ ԿԸՀ-ն կուսումնասիրի դրանք, եւ օրինախախտումների հեղինակները, որոնք այս դիմումում նշված են շատ որոշակի՝ կենթարկվեն պատասխանատվության: Շարադրված են 21 փաստեր խախտումների մասին: Եվ մասնավորապես հիշատակված է. քարոզարշավի առաջին իսկ օրը ԼՂՀ Հանրային հեռուստատեսությամբ թեկնածուներին հատկացված եթերաժամից հետո հեռարձակվեց Մուրադ Պետրոսյանի հեղինակային հաղորդումը, որի ընթացքում նա քարոզչություն արեց Բակո Սահակյանի օգտին եւ հակաքարոզչություն՝ Մասիս Մայիլյանի դեմ: Վերջինիս նախընտրական շտաբն այս կապակցությամբ դիմել էր ԼՂՀ ԿԸՀ-ին, որն ընդունել էր այդ փաստը, ու տեղեկացրել, որ ԿԸՀ-ն առաջարկել է ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագայում Արցախի հանրային հեռուստատեսության կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումները կանխելու համար»: Սակայն նման օրինախախտումները շարունակվեցին, եւ դրանց գնահատական չտրվեց: Ասենք, քարոզարշավի 2-րդ օրը «Հայրենյաց պաշտպան» հաղորդաշարի ընթացքում քարոզչություն է արվել Բակո Սահակյանի օգտին: Հուլիսի 10-ին Հանրային հեռուստատեսությամբ, «իբր թե հեռուստադիտողների խնդրանքով», կրկնվել է Հ1-ի «360 աստիճան» հաղորդումը, որում բացահայտ «նախապատվություն է տրվել թեկնածուներից մեկին»:

ԼՂՀ ԿԸՀ-ին ուղղված այս դիմումում կա փաստ Մասիս Մայիլյանի կողմնակիցների նկատմամբ հաշվեհարդարի վերաբերյալ: «Արցախէներգո» ընկերության Մարտակերտի մասնաճյուղի տնօրեն Արմեն Սիմոնյանը հունիսի 7-ին աշխատանքից ազատել է անվտանգության գծով տեսուչ Ջեմս Ղահրամանյանին: Եվ առանձնազրույցի ժամանակ տնօրենն ասել է, «որ այդպես է վարվել այն պատճառով, որ նա՝ Ղահրամանյանը, պաշտպանում է Մասիս Մայիլյանին»:

Ավելի շատ են վարչական լծակների գործադրման մասին պնդումները: «ԼՂՀ ազատամարտիկների միության Ասկերանի շրջանային վարչության ղեկավար Սամվել Աղաջանյանը հավաքել է շրջանի Իվանովկա բնակավայրի ընտրողներին եւ հայտարարել, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից լիազորված է այստեղ ապահովել թեկնածու Բակո Սահակյանի օգտին միաձայն քվեարկություն»,- նշված է դիմումում: Կան նաեւ պնդումներ, թե ԼՂՀ ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցներն ընտրողների հետ Մասիս Մայիլյանի յուրաքանչյուր հանդիպումից առաջ «կանխարգելիչ» աշխատանք են տանում համայնքների ղեկավարների հետ՝ փորձելով խափանել նախընտրական հանդիպումները: Եվ մասնավորապես՝ Ստեփանակերտի Ալեք Մանուկյան փողոցի բնակիչների հետ Մասիս Մայիլյանի հանդիպումից առաջ «ԼՂՀ ԱԱԾ Ստեփանակերտի ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ նշյալ ստորաբաժանման աշխատակիցները մտել են բնակիչների տները եւ հորդորել դուրս չգալ հանդիպման», «Հուլիսի 10-ին եւ 11-ին Մարտակերտի շրջանի Հաթերք, Զարդախաչ եւ այլ գյուղերում ընտրողների հետ Մասիս Մայիլյանի հանդիպումները փորձել է խափանել ոստիկանության գնդապետ Արկադի Միրզոյանը»: Իսկ Մարտակերտի Գետավան, Չափար գյուղերում ընտրողների հետ Մասիս Մայիլյանի հանդիպումները փորձել են խափանել… Մարտակերտի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սերգեյ Օհանյանը եւ ԼՂՀ անտառտնտեսության շրջանային վարչության պետ Արկադի Շիրինյանը:

Շտաբի պետի տեղակալը պնդում է, թե գյուղապետերի մեծ մասը լծված է Բակո Սահակյանի նախընտրական հանդիպումները կազմակերպելու եւ Մայիլյանի հանդիպումները տապալելու գործին. «Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ եւ Փրջամալ գյուղերի համայնքների ղեկավարները փորձել են բոլոր միջոցներով խափանել Մասիս Մայիլյանի հանդիպումը նշյալ գյուղերի ընտրողների հետ, ինչի մասին վկայել են այդ գյուղերի այն բնակիչները, ովքեր անգամ այդքանից հետո համարձակություն են ունեցել մասնակցելու հանդիպմանը», «Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղի համայնքի ղեկավարն անձամբ խոչընդոտել է գյուղում ընտրողների հետ Մասիս Մայիլյանի հանդիպմանը»:

Եվս մի փաստ մեջբերենք այս դիմումից, որն ուղղակի վկայություն է, թե որքան նման են Հայաստանի եւ ԼՂՀ-ի ընտրական գործընթացները. «Հուլիսի 11-ին Մարտունի քաղաքում մեծաքանակ ընտրազանգվածի հետ Մասիս Մայիլյանի հանդիպումից առաջ անջատվել է էլեկտրականությունը, իսկ հաջորդ օրը Մարտունու վարչակազմի ղեկավարը հավաքել է շրջանի գյուղապետերին եւ հայտարարել՝ «եթե դուք չեք տիրապետում իրավիճակին, ապա մենք համապատասխան եզրակացություն ենք անելու»:

Մնում է միայն տարակուսել՝ եթե Բակո Սահակյանի թեկնածության վերաբերյալ իսկապես կա քաղաքական լայն համաձայնություն, ու նրան սատարում են Արցախի հիմնական կուսակցությունները, ժողովուրդն էլ, Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումների համաձայն՝ գերազանցապես Բակոյին է ճանաչում իբրեւ թեկնածու՝ ի՞նչ կարիք կա նման խախտումներով ստվեր նետելու հուլիսի 19-ին կայանալիք ընտրությունների արդյունքների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել