Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԻՆՉ-ՈՐ ՈՒԺԵՐ «ՔՑԵԼ» ԵՆ

Հուլիս 14,2007 00:00

Հուլիսի 22-ին Երեւանի Շենգավիթ համայնքում տեղի կունենան թաղապետի արտահերթ ընտրություններ

«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ Շենգավիթում համայնքի ղեկավարի պաշտոնի համար հավակնող չորս թեկնածուներից երկուսը՝ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Գագիկ Ավետյանն ու անկուսակցական Ռոբերտ Մասումյանը՝ «Բենզին Ռուբո», երեկ ինքնաբացարկ են հայտնել: Մինչեւ այդ օրը դիտորդները կանխատեսում էին, որ ամենասուր պայքարն ընթանալու է մրցապայքարը դեռ շարունակող թեկնածու Սարգիս Հովհաննիսյանի՝ «Կադիլակ Սերոժի», եւ ինքնաբացարկ հայտնած «Բենզին Ռուբոյի» միջեւ: Ավելի պակաս էին գնահատում ՕԵԿ անդամ Գագիկ Ավետյանի թեկնածությունը, թեեւ վերջինս մեր թերթին տված հարցազրույցում մինչեւ որեւէ ընտրությունների քվեարկության օրն ու դրանից հետո նման կանխատեսումներ անելն ընդհանրապես ժամանակավրեպ էր համարել: Ավելին, նա մինչեւ իր ինքնաբացարկի օրը բավականին մարտական էր տրամադրված: Ուրմեն ի՞նչ փոխվեց: «Ես իմ ուժերը, թերեւս, ճիշտ չէի գնահատել: Որոշակի քաղաքական ուժեր եւ քաղաքական գործիչներ կային, որոնք ի սկզբանե պատրաստակամություն էին հայտնել ինձ սատարել, բայց վերջին պահին ոնց որ թե քաղաքական կամք չդրսեւորվեց: Նրանք պետք է ինձ պաշտպանելու մասին հայտարարություններ անեին, բայց վերջին պահին չարեցին»,- իր ինքնաբացարկն այսպես պատճառաբանեց Գ. Ավետյանը:

Ի պատասխան մեր այն հարցին, թե արդյոք խոսքը իր հարազատ կուսակցության՝ ՕԵԿ-ի կրավորական կեցվածքի մասի՞ն է (հիշեցնենք, որ այդ կուսակցությունում հայտարարել էին, թե Գ. Ավետյանն իր թեկնածությունը սեփական նախաձեռնությամբ է առաջադրել, ուստի՝ կուսակցությունը նրան ո՛չ պաշտպանում է, ո՛չ չի պաշտպանում- Ն. Մ.), Գ. Ավետյանը դա կտրականապես հերքեց. «Ոչ, խոսքը ՕԵԿ-ի մասին չէ: Ես առաջադրվել եմ քաղաքացիական նախաձեռնությամբ եւ, որպես այդպիսին, ես ՕԵԿ-ի ընտրազանգվածի վրա հույս չեմ դրել եւ կուսակցությունից աջակցություն չեմ ստացել»: Թե՝ այլ ո՞ր ուժերի կամ գործիչների մասին է խոսքը, ՕԵԿ անդամը նախընտրեց գաղտնի պահել: Իսկ երբ մենք փորձեցինք ենթադրություն անել, թե դա պիտի որ ընդդիմադիր ինչ-որ կուսակցություն եղած լիներ՝ պարոն Ավետյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց՝ «ենթադրությունը թողնում եմ ձեզ»:

Նախկին թեկնածուն նաեւ հայտարարեց, թե իր ինքնաբացարկը քաղաքական կամ այլ թեկնածուների կողմից ճնշումների արդյունք չէ:

Իսկ արդեն որպես նախկին թեկնածու՝ պարոն Ավետյանն այդ համայնքի թաղապետի երկու թեկնածուներից՝ Սարգիս Հովհաննիսյանից եւ Մուշեղ Մովսիսյանից, որի՞ ընտրվելու հնարավորությունն է ավելի մեծ գնահատում: «Չեմ կարող ասել, չնայած որ այդ իմաստով հիմնականում Ս. Հովհաննիսյանի անունն է շրջանառվում: Համենայնդեպս, մարդիկ նման կանխազգացողություն ունեն: Մյուս թեկնածուի՝ Մուշեղի մասին ես ոչինչ ասել չեմ կարող: Եթե մարդը մտել է պայքարի մեջ՝ ուրեմն ինչ-որ ակնկալիքներ ունի»,- ենթադրեց նախկին թեկնածուն: Մեր այն դիտարկման առնչությամբ, թե՝ ինքն էլ էր պայքարի մեջ մտել ակնկալիքներով, բայց չստացվեց, ՕԵԿ ներկայացուցիչը այսպես արձագանքեց. «Իմ դեպքում, կրկնում եմ, վերջին պահին քաղաքական դաշտում որոշակի կոնյունկտուրա փոխվեց: Ես իմ հաշվարկն այնքան էլ սխալ չէի արել մինչեւ վերջին պահը, բայց եթե մարդ կոնկրետ պլատֆորմ չի ունենում, նրա համար որոշակի դժվարություններ են առաջանում: Որքան էլ դու հզոր լինես, ամեն դեպքում քաղաքական որեւէ ուժի աջակցության կարիքը կզգաս»: Այս վերջին հայտարարությունից երկու հետեւություն կարելի էր անել. կամ՝ Գ. Ավետյանը հույս էր ունեցել, որ ՕԵԿ-ը, այնուամենայնիվ, կարձագանքի իր առաջադրման նախաձեռնությանն ու կաջակցի, կամ՝ եղել է իշխանական թեւի, բայց ո՛չ ՀՀԿ-ի, կուսակցություններից մեկի կողմից նրան սատարելու նախնական պայմանավորվածություն:

Անկախ այդ հանգամանքներից, երեկ արդեն կարծիքներ կային, թե Գ. Ավետյանն ի սկզբանե իր թեկնածությունը դրել էր մյուս թեկնածուներից մեկի համար ֆոն ստեղծելու նպատակով, բայց հետո համապատասխան գումարի դիմաց ինքնաբացարկ է հայտնել: «Ինձ ճանաչողները գիտեն, որ եթե այսօր կան մարդիկ, ովքեր կարող են հպարտանալ իրենց ազնվությամբ, ուրեմն՝ դրանցից մեկը ես եմ: Ես 4 տարի պատգամավոր եմ եղել եւ 4 տարի ինձ ընձեռված այդ հնարավորությունից ու դիրքից 4 լումայի օգուտ իմ կամ ընտանիքիս համար չեմ քաղել: Այնպես որ, ես այն մարդը չեմ, որ մի քանի դրամի համար անունս արատավորեմ: Այդ խոսակցությունները, եթե կան՝ անհեթեթություն են: Նման բան ասողները դատում են իրենց փչացածության աստիճանից ելնելով»,- հայտարարեց թաղապետի նախկին թեկնածու Գ. Ավետյանը: Նա նաեւ հավելեց, որ ՕԵԿ-ից դուրս գալու մտադրություն ինքն էլի չունի:

Երեկ մեզ չհաջողվեց ինքնաբացարկի իր պատճառաբանությունը ստանալ մյուս թեկնածուից՝ Ռ. Մասումյանից, թեեւ դիտորդների գնահատմամբ՝ նա ուղղակի ձեռնպահ է մնացել ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի հետ մրցակցելուց՝ նկատի ունենալով, որ «Կադիլակ Սերոժի» թեկնածությունը հե՛նց նրանք են պաշտպանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել