Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորման» չընդունե՞ց իր բեմադրիչին

Հուլիս 13,2007 00:00

Բորիս Հայրապետյանը, հավանաբար, ընդհանուր հայտարարի չի գալիս Ազգային օպերային թատրոնի ղեկավարության հետ:

0րերս Ազգային օպերային թատրոնում, շուրջ 3 տարվա ընդմիջումից հետո, ներկայացվեց Բելինիի «Նորմա» օպերան, որը 2001թ. բեմադրել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար, պրոդյուսեր եւ կինոռեժիսոր Բորիս Հայրապետյանը: Նախագիծն արժեցավ 1մլն 500000 դրամ, եւ ըստ «Առավոտի» տեղեկությունների, ներդրում էր արել նաեւ Բ. Հայրապետյանի ռուսաստանաբնակ գործարար հորեղբայրը՝ Լեւոն Հայրապետովը:

2003-ին «Նորման» ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում: Ըստ վերջինիս գլխավոր տնօրեն Ա. Իկսանովի՝ Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կ. Հովհաննիսյանին գրած նամակի, «Նորմա» ներկայացումը հաստատում է Հայաստանի օպերային թատրոնի բարձր մակարդակը. «Անկասկած, սա թատրոնի ստեղծագործական զարգացման նոր էտապի նշան է»: 2003-ին, ֆինանսական պատճառներով, ներկայացումը չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Ոսկե դիմակ-2003» փառատոնին, որտեղ ներկայացված էր 5 անվանակարգերում: Թատրոնի տնօրեն Կ. Հովհաննիսյանը մեր թղթակցին ասել էր («Առավոտ», 17.04.03թ.). «Էդ ռեժիսորը՝ Բորյան, երեւի փառատոնի կազմակերպիչներին ասել է, թե իբր Արա Աբրահամյանը փող կտա, իրականում ոչ մի փող էլ չի եղել: Հետաքրքրվել ենք Արա Աբրահամյանի շրջապատից, իմացել, որ նա տեղյակ չէ այս ամենից»: Հետագայում «Նորման» «վերաճեց» ֆիլմ-օպերայի՝ Ռուսաստանի մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի ֆեդերալ գործակալության եւ ABBA ստուդիայի աջակցությամբ, պրեմիերան էլ կայացավ 2005-ին՝ Մոսկվայում, ապա Երեւանում: Ըստ մեր տեղեկությունների, այս նախագծում էլ էր ներդրում կատարել Լ. Հայրապետովը: Իր «Նորմայի» հաջողությունից հետո, ռեժիսոր Բ. Հայրապետյանը «Առավոտին» ասել էր, որ այլեւս առանց Հայաստանի չի պատկերացնում իր հետագա գործունեությունը, սակայն այն այդպես էլ շարունակություն չունեցավ:

«Առավոտին» հասած տեղեկություններով՝ 2006-ին ռեժիսորը եկել է Երեւան, դիմել է Ազգային օպերային թատրոնի ղեկավարությանը՝ օպերան վերականգնելու խնդրանքով, սակայն ինչ-ինչ պատճառներով, դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ ունեցած տարաձայնություններից հետո, վերադարձել էր Մոսկվա: Նա դարձյալ վերջերս դիմել է թատրոնի ղեկավարությանը՝ «Նորմայի» վերականգնման աշխատանքներին իր մասնակցության հետ կապված: Նշենք, որ կան չգրված օրենքներ՝ եթե բեմադրիչը ողջ է, ինքը պետք է ժամանակին բեմադրած իր աշխատանքը վերականգնի, եթե հարկ է՝ փոփոխություններ կատարի, ինչը գումար արժե: Օպերային թատրոնին մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, որ ղեկավարությունը բարեհաճ չի գտնվել ռեժիսորի հանդեպ: Այս առիթով պարզաբանում խնդրեցինք թատրոնի տնօրեն Կ. Հովհաննիսյանից. «Ես չգիտեմ Բորիսը ինչի համար էր եկել Երեւան: Նրան տեսել եմ ներկայացման օրը ու շատ զարմացել: Ասեմ, որ իր բեմադրությունը ոչ մի փոփոխության չի ենթարկվել: «Նորման» քանի տարի չէր գնում, որովհետեւ դեկորներն ու զգեստները փոքր-ինչ վնասվել էին: Ինչ վերաբերում է այսօրվա «Նորմային», այն չի կարելի համարել վերականգնած ներկայացում, որովհետեւ ոչինչ փոփոխված չէ: Իհարկե, որոշակի գումար ծախսել ենք, բայց մեր բյուջեից»:

Փորձեցինք Կ. Դուրգարյանից էլ պարզաբանում ստանալ, ինչը հնարավոր չեղավ նրա՝ Հայաստանից բացակայելու պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել