Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուլիս 13,2007 00:00

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ, ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՆՔ

\"\"Զահրատի հիշատակին

Ապրում էր բանաստեղծը: Պարզ ու հստակ: Առանց ծեքծեքումների ու երկիմաստության՝ բառերը գալիս ու շարվում էին տողին, տողերը գալիս ու շարվում էին թղթին: Պարզ ու հստակ: Ապրում էր բանաստեղծությունը: Մարդիկ կարդում էին ու փակում գիրքը: Պարզ ու հստակ: Համարյա սովորական, համարյա սովորությամբ: Կարդում էին ու փակում գիրքը:

Իսկ բանաստեղծությունը շարունակում էր ապրել նրանց երակներում ու պտտվում էր նրանց հոգու ու մտքի մեջ՝ պահ առ պահ ծնկի բերելով իր անքթիթ ճշմարտության ու անհերքելիության առաջ, որ հետո տանի թռիչքի: Եվ արդեն դա էր բանաստեղծի գործը՝ անընդհատ ու անդադրում հիշեցնել հողի ու երկնքի մասին, որ մարդիկ իրենք իրենց չկորցնեն հողի ու երկնքի արանքում՝ խելահեղ մեծ ու խելահեղ անհասկանալի-անկառավարելի տարածքում, որ իրենց հարմար է անվանել կյանք, իսկ բանաստեղծը կոչում է հավերժություն:

Մարդիկ փակում էին գիրքը՝ երբեմն նաեւ անհասկանալի զայրույթով, որովհետեւ առանց ծեքծեքումների ու երկիմաստության տող առ տող շարված բառերը, որ բնավ էլ արդեն միայն բանաստեղծություն չէին, նրանց հիշեցնում էին սկիզբը: Իսկ սկիզբը վերապրելը միշտ էլ ցավոտ է: Նրանց հիշեցնում էին ընթացքը, իսկ ընթացքը վերապրելը միշտ էլ ստիպում է մտածել՝ ու երկբայության պահերը մարդիկ չէին ներում բանաստեղծին, որ իրենց ստիպում էր զգալ: Իսկ իրենք ընտելացել էին ու իրենց կարծիքով նաեւ երջանիկ էին՝ ինչպես կապիկը, որ ընկույզ էր գտել ու այն էլ՝ նեխած… Եվ արդեն բնավ չէին ներում ու աններելի էր հիշեցնել ապագան, որ անցյալի ու ներկայի պարզ շարունակությունը չէ ու չի կարող լինել երբեք, որովհետեւ կյանքը մեխանիկական գործողությունների գումար կամ բազմապատկում չէ, այլ՝ քայլեր, որ արվում են երբեմն ակամա, բայց միշտ՝ իմաստավորված այն ներքին ընտրությամբ, որ երբեմն նույնիսկ չի գիտակցվում:

Նրանց երբեմն նաեւ թվում էր, որ իրենք ընտելացրել են նրանց, ում համարում էին իրենց հարազատ ու սիրելի, իսկ բանաստեղծը գալիս ու ասում էր՝ բացեք ձեր աչքերը, ու նույնիսկ դրանից հետո չէր լռում՝ ասում էր՝ նայեք ձեր ներսը: Ու անգամ դրանից հետո չէր հեռանում՝ ասում էր՝ այդպես է, դա է ու այդքանը: Ու մեղավոր մի որոնեք, պատճառն ու հետեւանքը դուք եք ու կյանքի ձեր ընտրությունը: Ու նրանք, ովքեր հասկանում էին դա, չէին ներում բանաստեղծին, նրանք, ովքեր չէին հասկանում, դարձյալ չէին ներում: Ու հենց այդպես՝ առանց ծեքծեքումների ու երկիմաստության՝ բանաստեղծը գալիս ու փոխում էր կյանքը նրանց, ովքեր նույնիսկ բանաստեղծություն չէին սիրում:

Ու որովհետեւ այդ ընթացքն այլեւս անկասելի էր՝ բանաստեղծը շարունակում էր գրել: Ու ամենածանրը նրա գործն էր, որովհետեւ նրա սովորական սրտում ապրում էին բոլոր մարդկանց սրտերը ու նրա հոգում ցավում էր բոլորի ցավը: Բայց բանաստեղծը չէր ծնվել ցավի համար ու սերն էր նրա միակ լույսը: Իսկ լույսը, սիրո նման, հնարավոր չէ ոչ քողարկել, ոչ թաքցնել, ոչ ուրանալ, ոչ կորցնել: Ու դա միակ արդարացումն էր, որ բանաստեղծն ուներ իր տված ցավին ի տրիտուր. նա սեր էր բերում ու սիրո հետ ամեն ինչ հասկանալի ու հնարավոր էր դառնում: Ու նրա գործն արդեն այդ էր՝ տողերի մեջ ապրող ու մեռնող սիրո շարունակությունը գտնել մարդկանց մեջ, որ մոռացել էին սիրո ու լույսի հրաշքը:

Աստծո հատիչը ձեռքին ունեցող քանդակագործի պես՝ բանաստեղծը եկել ու կյանքի անտաշ քարից կերտում էր մարդուն՝ առանց դույզն-ինչ գեղեցկաբանության, առանց երկմտանքի՝ դա էր, այդպես ու այդքան: Ու դա կոչվում էր բանաստեղծություն:

Նրան քիչ էր հետաքրքրում աշխարհը, որովհետեւ այն, ինչ իր ներսում էր ու իր հետ, հենց աշխարհն էր՝ Աստծո յոթ օրում ստեղծածը՝ առանց դարերի աղտ-աղարտի, ու դա գեղեցիկ էր, դա ապրեցնող էր, դա աստվածավայել էր:

Ու բանաստեղծը դա գիտեր: Ու գիտեին բոլոր նրանք, ովքեր որոնում էին բանաստեղծին՝ նաեւ իրենց մեջ ու իրենց կյանքը մարդավայել ապրելու ձգտումով: Բանաստեղծի անունը ԶԱՀՐԱՏ էր՝ ծնվեց, ապրեց ու հեռացավ՝ լույսի պես ու սիրո, որ ունի միայն սկիզբ ու ընթացք եւ բնավ երբեք ավարտ չի ունենում: Բանաստեղծության անունը՝ «Բառ բառի քով». Երեւան, «Նաիրի» հրատարակչություն, 2007 թ., 401 էջ՝ բանաստեղծության, նաեւ անտիպների, որ բառ բառի քով են հավաքվել ժողովածուի խմբագիր Այդին Մորիկյանի ձեռքով ու հրատարակվել են Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հովանավորությամբ: Մնացածը՝ արդեն բանաստեղծի ու իր ընթերցողի գործն են՝ սպիտակ թղթին առանց ծեքծեքումների ու երկիմաստության շարված բառերի ու նրանց ընկալման՝ ով ինչքան, ինչ ու ինչպես կարող է:

Բացեք գիրքը ու…

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել