Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խուզարկում են արվեստագետի բնակարանը

Հուլիս 13,2007 00:00

\"\"Արգելում են ստեղծագործել

Վաղամեռիկ վաստակավոր նկարիչ Տիգրան Թոքմաջյանը (մահացել է 2004թ.) տարիներ առաջ Կոմիտասի 19 շենքի թիվ 40 բնակարանը գնել է եւ օգտագործել իբրեւ արվեստանոց: Արվեստանոց-բնակարանի սեփականատերն է նրա դուստրը՝ Նկարիչների միության անդամ Արփինե Թոքմաջյանը: Վերջինս զբաղվում է հասարակական գործունեությամբ, կազմակերպում բիենալեներ, շարունակ լինում ստեղծագործական հավաքների:

«Առավոտի» հետ զրույցում Արփինե Թոքմաջյանը պատմեց, որ 1999թ. սկսած, իրենց ներքեւի հարեւան Ջուլիետա Հարությունյանն իրենց հանգիստ չի տալիս. «Նա բողոքներ է ուղարկել դատախազություն, ոստիկանություն, դատարան, Ազգային անվտանգության ծառայություն, թաղապետարան, իբր ինչ-որ էլեկտրական սարքավորումներ ենք միացնում, որը ցնցումներ եւ ձայներ է առաջացնում իր բնակարանում: Աղմուկից հիվանդացել է»: 70-ն անց հարեւանուհին իրավապահներին բողոքել էր՝ աղմուկի հարցում մեղադրելով հորը՝ վաստակաշատ նկարչին այն ժամանակ, երբ վերջինս կնքել էր իր մահկանացուն: Սակայն բոլոր պատկան մարմինների արձանագրություններում, հարեւանների բացատրություններում նշված է, որ հարեւանուհու բողոքները հիմնավորված չեն եւ իրականությանը չեն համապատասխանում, քանի որ, բացի դժգոհ հարեւանուհուց, ոչ ոք նրանից չի դժգոհում: Հարեւանուհու բողոքներն այնքան հեռու են գնացել, որ բնակարան-արվեստանոցում ոստիկաններ են հայտնվել եւ բնակարանը խուզարկել 30 եւ ավելի անգամ. «Հայաստանում ցույց տվեք մի հանցագործի, որի բնակարանը 30 անգամ խուզարկվի, տեղազննվի, այսքան հսկվի: Ոստիկաններն այցելում են տարբեր ժամերի, գիշեր թե ցերեկ, ասում են՝ հաստոց կա, սղոց, դանակ, հարցնում են՝ ո՞ւր են հաստոց բերողները, որոնք իբր աշխատում են մեր տանը»,- շարունակում է արվեստագետը:

Այս խառնաշփոթի պատճառը եղել է Արաբկիրի նախկին թաղապետ Լեւոն Հարությունյանի 2003թ. թիվ 71 կարգադրությունը, ըստ որի՝ արգելվել է Կոմիտասի 19 շ. թիվ 40 բնակարանի սեփականատեր Ա. Թոքմաջյանին «բնակտարածությունը որպես արվեստանոց օգտագործելը, այնտեղ փայտամշակման աշխատանքներ կատարելը, «օֆորտ» հաստոցի աշխատեցնելը»: ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը այդ ժամանակ պաշտոնական գրությամբ հաստատել է, որ «Օֆորտ» հաստոցն աշխատեցվում է ձեռքով, չունի շարժիչ, ըստ էության՝ աղմուկի աղբյուր չի հանդիսանում»: «Փայտամշակման աշխատանքներ» մեղադրանքի հետ կապված էլ Կ. Աղամյանը պարզաբանել էր, թե «այն պատրաստի նկարների տեղադրումն է պատրաստի շրջանակների մեջ, ինչն արվում է դեպքից դեպք, դժվար չէ կռահել, որ աղմուկ չի առաջացնում»: Ըստ մասնագետի կազմած արձանագրության. «Այն, որ արվեստանոցում կատարվում են փայտամշակման աշխատանքներ՝ չի համապատասխանում իրականությանը: Այդ միտքն առաջացել է, երբ Արաբկիր համայնքի ոչ պրոֆեսիոնալ մասնագետներն արվեստանոցում տեսել են ստեղծագործական 40 տարիների ընթացքում ստեղծված եւ բազմաթիվ ցուցահանդեսների մասնակցած Տ. Թոքմաջյանի վաղուց արդեն շրջանակված գործերը» (մոտ 200): «Աղմուկի գործը» այս օրերին հանգրվանել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում. հարեւանուհին դարձյալ բողոքում է եւ պահանջում արգելել պատասխանող Թոքմաջյանին ստեղծագործել իր բնակարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել