Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆԻ ՊԵՏԻՑ՝ ՄԱՐԶՊԵՏ

Հուլիս 13,2007 00:00

\"\"Հանրապետականները Շիրակում կին մարզպետ նշանակեցին

Այսուհետ կոնֆլիկտային ու կրիմինալ մարզը կղեկավարի մարզի հարկային տեսչության նախկին պետ Լիդա Նանյանը, որն, ի դեպ, առաջին կին մարզպետն է մեր հանրապետության պատմության մեջ, եւ որը, ըստ մեր լավատեղյակ աղբյուրների, վաղուց էր աշխատում այս պաշտոնի համար: Բանն այն է, որ վերոհիշյալ տիկինը արդեն իսկ կենսաթոշակային տարիքում է, որքան էլ նրա նախկին աշխատանքը եկամտաբեր լիներ, առաջիկայում, ուզեր թե չուզեր, լքելու էր հարկային տեսչությունը:

Շիրակի մարզպետարանում մինչեւ վերջ չէին ուզում հավատալ տիկին Նանյանի նշանակմանը, նախ այն պատճառով, որ կառավարության երեկվա նիստի օրակարգում մարզպետի հարցն ընդգրկված չէր, եւ բացի այդ, բոլորը համոզված էին, որ մինչեւ մոտալուտ նախագահական ընտրությունները կառավարությունը կբավարարվի մարզպետի պաշտոնակատար Միքայել Վարդանյանի հետ աշխատելով: Հակառակ մարզպետարանի աշխատակիցների ենթադրություններին ու ցանկություններին՝ երեկ կառավարության նիստում միաձայն ընտրվեց ու կայծակնային արագությամբ անձնակազմին ներկայացվեց «տիկին մարզպետը»: Նրան մարզի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գովերգելու պատիվը ընձեռված էր փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանին, որը տիկին Նանյանի ընտրությունը մեկնաբանեց այսպես. «Նշանակելիս հաշվի ենք առել այն, որ նա միշտ պատասխանատու պաշտոններ է գրավել, առաջին հարկային պետերից մեկն է եղել, որ պլանները կատարել է եւ իր առջեւ ծառացած խնդիրներին լուծում է տվել ի շահ պետության: Կարեւոր էր մեզ համար նաեւ այն, որ տեղացի լիներ եւ այնպիսի մարդ, որ ընդունված լիներ բոլոր ուժերի կողմից: Դե, գիտեք, այստեղ՝ մարզպետարանի ու քաղաքապետարանի միջեւ մեծ լարվածություն կար, որը վնաս էր բերում ընդհանուր մեր գործին: Ես համոզված եմ, որ տիկին Նանյանը Ղուկասյան Վարդանի եւ մյուսների հետ համերաշխ կաշխատի, եւ կկարողանանք մարզի պրոբլեմները օպերատիվ լուծել: Ինձ համար կարեւոր է, որ նորանշանակ մարզպետը շատ եռանդուն է, համարձակ, կբարձրացնի Շիրակի խնդիրները կառավարությունում: Իսկ մեզ՝ հանրապետականներիս համար կարեւոր չէ, որ նա հանրապետական չէ, կարեւորն այն է, թե ոնց կաշխատի»:

Որ տիկինը «դելավոյ» է, հանրապետությունով մեկ մեծ կապեր ունի, սրանում կասկած չկա: Նրան, օրինակ, հաջողվեց «Հայփոստի» տնօրեն կարգել իր որդուն, «սեփականաշնորհել» «ԱրմենՏելի» մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը, երկար տարիներ այն զբաղեցնում է նրա ամուսինը՝ Հենրիկ Նալբանդյանը, ինքն էլ իր եղբոր միջոցով Սերժ Սարգսյանի հետ բավականին լավ հարաբերություններ ունենալով՝ կարողացավ մարզպետի աթոռը զբաղեցնել: Ի դեպ, տիկին Նանյանի նշանակման հետ կապված՝ երկու օր առաջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իր «դաբրոն» էր տվել քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել