Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳԱԶԻ ՎԹԱՐՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Հուլիս 13,2007 00:00

\"\"Պատճառն այն է, որ սպառողները հաճախ են խախտում գազի օգտագործման կանոնները, իսկ գազի տեսուչներն էլ «ալարում» են դրանք հայտնաբերել:

«Ձեր տանը գազի հոտ շուտ-շո՞ւտ եք առնում»,- գազի սպառողների դռները թակելով՝ այսպիսի հարցում են անում գազի տեսուչները, հավաստիանալու՝ սպառողի գազօգտագործումն անվտա՞նգ է, թե՞ ոչ: Եթե Աստված չանի, որեւէ բնակիչ թույլ հոտառություն ունենա եւ գազի հոտը չզգա՝ փաստորեն, նրա եւ հարեւան բնակարանները պայթելու վտանգի տակ են: Մինչդեռ, իրականում «ՀայՌուսգազարդի» գազի տեսուչները, ներտնային գազամատակարարման համակարգի շահագործման նկատմամբ հսկողությունն իրականացնելիս պետք է ոչ թե թակեն դռները, «ծիկ» անեն ու գնան, այլ պարտավոր են ստուգել ծխաօդատար ուղիների քարշը, խողովակները, գազի սարքավորումների միացման ճշտությունը եւ այլն: «Ես չեմ բացառում, որ մեր տեսուչները հնարավոր է ստուգումներն իրականացնեն «հայկական տարբերակով», այսինքն՝ ոչ թե մտնեն տուն առ տուն, նորմալ ստուգեն խողովակները, այլ մի բերան հարցնեն, բայց մենք չենք կարող ամեն մի տեսուչի հետեւից ընկնել, կարծում ենք, որ սպառողը ինքը պետք է պահանջի տեսուչից, որ նա իր գործը լավ անի: Ճիշտ է, անկախ ամեն ինչից, տեսուչը պարտավոր է մտնել տուն եւ իր մասնագիտական ստուգումներն իրականացնել, որովհետեւ դա իր գործն է, բայց մենք ավելի շուտ կոչ ենք անում սպառողներին, որ նրանք պահանջեն տեսուչից՝ անպայման ստուգումներն անել»,- «Առավոտի» հետ զրույցում խնդիրն այսպես պարզաբանեց «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ արդեն մոտ 2 տարի է, գազի հաշվիչների անվտանգության պատասխանատվության հարցը, ինչպես նաեւ ներտնային համակարգերի կառուցման, փորձարկման, սպասարկման գործառույթները վերապահվել են «ՀայՌուսգազարդին», նախկինում այդ գործը կատարում էին մասնավոր ՍՊԸ-ները: Այսինքն՝ ներկայումս գազամատակարարման եւ ներտնային սպասարկման համար պատասխանատու է «ՀայՌուսգազարդը»: Սակայն նկատենք, որ գազի տեսուչների աշխատանքային թերացումից բացի, վթարներին նպաստում է նաեւ սպառողի «հայավարի» մտածելակերպը. նրանք ամեն կերպ փորձում են գազիֆիկացումից էժան պրծնել ու ինքնաշեն գազօջախներով հաճախ այնպիսի «հարմարություններ» են ստեղծում, որ նույն սարքով ե՛ւ ջեռուցում են բնակարանը, ե՛ւ ճաշ եփում, ե՛ւ որպես ջրատաքացուցիչ օգտագործում՝ լողանալու համար: Բացի այդ, հայերը լույսի, գազի եւ ջրի տեսուչների առջեւ դուռը չբացելու սովորություն ունեն, ուստի գազի տեսուչը չի կարող 1 շաբաթ անընդմեջ մեկ սպառողի հետեւից ընկնել՝ նրան տանը «բռնացնելու» եւ ստուգումն իրականացնելու համար:

Արդյունքում՝ ինչպես տեղեկացանք Արտակարգ իրավիճակների վարչությունից, տարեցտարի գազի վթարների թիվն ավելանում է: Եթե ողջ 2006-ի ընթացքում գազի վթարներից մահացել է 10 մարդ, ապա միայն այս տարվա առաջին 6 ամիսներին արդեն գրանցվել է գազի վթարի 35 դեպք՝ 11 մարդու մահվան ելքով: Սրանք միայն ԱԻՎ-ի գրանցած տվյալներն են, վարչությունից հայտնեցին, որ իրականում վթարների եւ դրանից տուժածների թիվը հնարավոր է շատ ավելի մեծ լինի:

Ներկայումս «ՀայՌուսգազարդը» 460 հազար սպառող ունի: Նրանց թիվը գնալով ավելանում է եւ օր օրի գազի սարքավորումների անվտանգության ապահովումը դառնում է ավելի անվերահսկելի ու բարդ աշխատանք: «ՀայՌուսգազարդից» հայտնեցին, որ իրենք պարբերաբար՝ 2-3 ամիսը մեկ անգամ բնակարաններում ստուգումներ են անցկացնում: Վերջին ստուգումն անցկացրել են այս տարվա ապրիլի 1-ին ու 1 ստուգման ընթացքում հայտնաբերել 41 հազար 800 խախտում: Այսինքն՝ այդքան բնակարաններում գազօգտագործումը եղել է նախագծային շեղումներով: Խախտում թույլ տված բաժանորդներից մոտ 900-ի գազամատակարարումն ընկերությունը ստիպված է եղել անջատել, իսկ մնացածների բնակարաններում սարքավորումները ստանդարտի են բերել, վերափոխել են ու զիջումների գնացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել