Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼ

Հուլիս 13,2007 00:00

Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, այն կարծիքին է, որ այսօր ժողովուրդը ցանկություն ունի փոփոխության, եւ այդ փոփոխությունը պետք է կատարել նախագահական ընտրություններով. «Ես իմ կողմից փորձելու եմ իրականացնել. պատասխանատվություն վերցնել:

Բայց խնդիրը մեկ անձով չի լուծվում, այլ հասարակության համախմբմամբ»: Ընդդիմության միասնական թեկնածուի հարցը, ըստ Վազգեն Մանուկյանի, ավելի հեշտ կլուծվի, որովհետեւ «2007 թվականն իր չարիքների հետ բերեց բարիք, նաեւ ընդդիմադիր կուսակցությունների մի մասը իրենց տեղը տեսան իրական պրոցեսների ժամանակ, եւ անհրաժեշտ չէ արհեստականորեն բոլորին վերակենդանացնել»: Ըստ Վ. Մանուկյանի՝ նույնիսկ, եթե նախագահական ընտրություններում ընդդիմությունը հաղթի, միեւնույն է՝ կա տրամաբանական խոչընդոտ. «Այսպիսի իշխանությունների դեմ պետք է կառուցվածքային մի հսկայական կուսակցություն, որը իր մեջ ներգրավեր հասարակության ուժեր, տասնյակ մարդկանց: Իսկ Հայաստանում այդպիսի կուսակցություն չկա»: Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց նաեւ, որ նրանք, ովքեր ինչ-որ բան են անում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի համար քաղաքական հող նախապատրաստելու ուղղությամբ, իրականում անում են մի բան, որը ձեռնտու է իշխանությանը: «Առավոտի» հարցին պատասխանելով՝ ինչպե՞ս է նայում Լեւոն Տեր-Պետրոսյանի հավանական վերադարձին, Վազգեն Մանուկյանն ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը տասը տարի լռել է, ոչ մի բան չի ասում, կողքը մարդիկ են հայտնվել, որոնք քաղաքական դաշտի բոլոր ընդդիմադիր գործիչներին խփում են՝ դաշտը ազատելու Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի համար, եւ դրանով ծառայում են ամենաշատը այս իշխանություններին՝ հօգուտ իշխանության, մնացած բոլորին խփում են: Լեւոն Տեր-Պետրոսյանը կորոշի վերադառնալ, չի որոշի՝ ինքը թող ասի, որից հետո կքննարկենք այդ հարցը: Հիմա ինչո՞ւ ենք իզուր տեղը, դատարկ տեղը քննարկում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել