Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը նախագահի 10 թեկնածու ունի

Հուլիս 13,2007 00:00

Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

– Խորհրդարանական ընտրություններից առաջ Դաշնակցությունը հայտարարեց, որ այլընտրանք է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, այդպես լինո՞ւմ է:

– Այո, մենք իսկապես այլընտրանք ենք, մենք այլընտրանք ենք նախ մեր պահվածքով, վարքուբարքով, մեր մտածողության ձեւով, մեր ծրագրերով, մեր քաղաքական ուղղությամբ, այս ամեն ինչի մեջ հստակությամբ, որ ունենք: Մենք արտառոց ճիգ չենք թափում տարբեր երեւալու համար: Այն ուժերն են արտառոց ճիգ թափում, որոնք կայանալու խնդիր ունեն: Մենք հանգիստ, հանդարտ, հաստատուն քայլերով գնում ենք այն ուղիով, որը մերն է, ուրիշինը չէ, եւ հենց որովհետեւ մերն է, դրանով տարբերվում է բոլորից:

– Բայց դուք այս իշխանության մեջ եք, դուք օգտվում եք այս իշխանության հնարավորություններից, ինչպե՞ս կարող եք տարբեր լինել:

– Ոչ, դուք տեսաք, որ ընտրությունների ժամանակ մենք չօգտվեցինք այդ հնարավորություններից: Մենք առաջին հերթին քաղաքական մշակույթով ենք տարբերվում: Իշխանությունը միշտ փորձել է Հայաստանի մեջ ոչնչացնել, արհամարհել ընդդիմությանը, չեզոքացնել, իսկ ընդդիմությունն առաջին օրվանից մտածում է իշխանափոխություն իրականացնելու մասին: Իսկ մենք ասում ենք՝ այդպես չի լինում, ճիշտ ուղին այն ուղին է, որ մենք ենք ընտրել՝ առանց ցնցումների եւ հույսը մեզ վրա դնելով: Որովհետեւ, եթե դու ամեն օր իշխանափոխության ես ձգտում, պետք է դրսում փնտրես հենարան, այդ դեպքում «Ազատություն» ռադիոկայանը դառնում է հիմնական արժեք: Եթե դու նպատակ ես դնում հակառակորդ չունենալ, ինչպես անում է իշխանությունը, ուրեմն՝ մեր ազգային մթնոլորտը տանում ես դեպի լարվածություն, տանում ես դեպի հակաժողովրդավարություն, ձայներ փակելու, «Ա1+» փակելու, թերթ փակելու, կուսակցություն փակելու գործընթաց: Մենք երկուսն էլ չենք ընդունում: Մենք ասում ենք՝ այս ընտրություններում ինչ որ հաջողել ենք, հաջողել ենք, ինչ որ չենք հաջողել, առաջին հերթին մեր կազմակերպական թուլության հետեւանք է, եւ այսօր պետք է ավելի շատ կազմակերպվենք, որ նախագահական ընտրությանը հաջողենք, հաջորդ ընտրությանը հաջողենք: Մենք նաեւ այլընտրանք ենք իբրեւ սոցիալիստական կուսակցություն թե՛ ընդդիմության եւ թե՛ իշխանության, մենք այլընտրանք ենք նաեւ ազգային հեռանկարով։

– Ասում են, այնուամենայնիվ, Դաշնակցությունը պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

– Այս կազմակերպության մեջ ես ինչ-որ պատասխանատվություն զբաղեցնում եմ, որ կարողանամ վստահաբար ասել՝ մենք մեր թեկնածուով ենք մասնակցելու նախագահական ընտրություններին:

– Չեմ պատկերացնում՝ ով կարող է լինել ձեր թեկնածուն, երբ ձեր ղեկավար անդամներից ոչ մեկը մեծամասնականով երբեք չի հաղթել:

– 41 մեծամասնական թեկնածու կա, որ հաղթել են, նրանք կարո՞ղ են նախագահի թեկնածու լինել, եթե դա չափանիշ է: Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը իր առաջիկա ժողովում որոշելու է մեր թեկնածուի անունը, մենք այսօր ունենք կարող շատ անձեր, նախագահի շուրջ 10 թեկնածու, որից Գերագույն ժողովը որոշելու է մեկին, եւ վստահ եմ՝ մյուսները անմիջապես կկանգնեն այդ թեկնածուի թիկունքին: Երկրի նախագահը պետք է այնպիսին լինի, որ 10 նախագահացու իր թիկունքին կանգնած լինի:

– Իսկ այդ 10-ի մեջ կարո՞ղ են լինել Վարդան Օսկանյանը եւ Ռոբերտ Քոչարյանը:

– Եթե ուզեն՝ այո:

Հրանտ Մարգարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ հուլիսի 17-ի համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել