Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱՐՑԸ ՕՐԱԽՆԴԻՐ Է

Հուլիս 13,2007 00:00

Վարդան Ղուկասյանին ուզում են դրդել ինքնահրաժարականի

Միայն վերջին երեք օրերի ընթացքում Գյումրիից ստացվող լրահոսը չի դադարում, եւ տպավորություն կա, թե մեր երկրում բոլոր կարեւոր իրադարձություններն այս օրերին կատարվում են հե՛նց Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում: Հիշեցնենք դրանք, որովհետեւ վերջիններս ուղղակի կապ ունեն այդ քաղաքին առնչվող այն իրադարձությունների հետ, որոնք ներկայացնելու ենք քիչ հետո: Այսպես, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, միայն հուլիսի 9-ին եւ 10-ին Գյումրիի քաղաքապետը հասցրել է հանդիպել ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի հետ: Այդ տեղեկություններից մեկի համաձայն, Ռ. Քոչարյանի հետ հանդիպումից հետո է, որ նա իրավապահներին է հանձնել իր եղբոր որդուն՝ մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության մասնակից եւ հետախուզման մեջ եղած Կոլյա Ղուկասյանին: Մյուս տեղեկության համաձայն, Վարդանիկը Ս. Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ «դաբրո» է ստացել, որ մինչեւ նախագահական ընտրությունները շարունակելու է պաշտոնավարել, որովհետեւ, ըստ աղբյուրի, ՀՀ նախագահի պոտենցիալ թեկնածու Սերժ Սարգսյանը հե՛նց նրա միջոցով է ակնկալում Գյումրիից իր համար անհրաժեշտ քվեներն ստանալ: Ու, թերեւս, այդ երկու հանդիպումների արդյունքում է, որ Վ. Ղուկասյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո եւեթ կրկին կերուխում է կազմակերպել իր ընտանիքին պատկանող «Օազիս» օբյեկտում եւ հայտարարել, թե՝ «ինձ ի՞նչ է եղել, որ հրաժարական տամ: Ես էս մարզի հա՛մ մարզպետն եմ, հա՛մ էլ քաղաքապետը»:

«Առավոտի» աղբյուրներն այս երեք իրադարձությունները միանգամայն այլ կերպ են մատուցում. «Ուղղակի Վարդանիկը «վա-բանկ» է գնում»: Մեր տեղեկություններով, Վ. Ղուկասյանը գոնե Ս. Սարգսյանից որեւէ «դաբրո» չի ստացել, թե ի՞նչ է նա խոսել իրեն ավելի հարազատ մարդու՝ Ռ. Քոչարյանի հետ՝ հայտնի չէ: Բայց փաստ է, որ այդ հանդիպումը որեւէ կապ չունի նրա եղբոր որդու՝ քաղաքի ավագանի Կոլյա Ղուկասյանի կալանավորման կամ իրավապահներին, իբր, հանձնելու հետ:

ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների հավաստմամբ, Կ. Ղուկասյանին իրականում ի հայտ են բերել եւ ձերբակալել են իրավապահները, բայց, ինչ-ինչ մտադրություններից ելնելով, հանրությանն են մատուցել նրա՝ Կոլյայի ինքնակամ ներկայանալու տարբերակը: Ըստ ամենայնի, իրավապահներն իրենց գործն արած են համարել եւ պատրաստ են աչք փակել այդ «մանր» դետալի վրա, որը քաղաքապետի եղբոր որդու համար շատ կարեւոր կարող է լինել դատարանում նրա հանցանքը իբրեւ մեղմացնող հանգամանք դիտարկելու համատեքստում: Բացի այս, մեր տեղեկություններով, հիմա քաղաքապետը փաստաբան է վարձել, որի միջոցով փորձում է քննչական մարմնին միջնորդել, որ Կ. Ղուկասյանի նկատմամբ նշանակվի ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն: Հասկանալի է, որ խոսքը հերթական «գժի թուղթ» հանելու մասին է: Փաստաբանը փորձելու է քննչական մարմնին համոզել, որ իր պաշտպանյալը հանցագործություն կատարելու պահին եղել է հոգեկան խիստ հուզումների մեջ: Թե այս հնարքները որքանով արդարացված կլինեն՝ ցույց կտա ապագան, իսկ մինչ այդ՝ այսօր մխիթարական ոչինչ չկա քաղաքապետ Ղուկասյանի համար, որովհետեւ, «Առավոտի» տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից քաղաքապետ եղած տարիներին Գյումրիում կատարված մի քանի չարաշահումների փաստերի վերաբերյալ: Նախ, այս օրերին ոստիկանության մարզային վարչություն եւ Գյումրիի ոստիկանության բաժին են հրավիրվում այն գյումրեցիները, ովքեր այստեղ-այնտեղ դժգոհել են քաղաքապետարանի չինովնիկներից իրենցից կաշառք վերցնելու, նաեւ «քցելու» կապակցությամբ: Ըստ մեր տեղեկությունների, Վ. Ղուկասյանի դեմ, ոմանք դժկամությամբ, բայց արդեն ցուցմունքներ է տվել 30-40 գյումրեցի, ովքեր 1988թ. երկրաշարժի ժամանակ կորցրել են իրենց տները եւ հիմա բնակվում են ժամանակավոր կացարաններում: Գյումրիի բնակիչները (նրանց ամբողջական անունները մեր ձեռքի տակ են- Ն. Մ.) իրավապահներին հայտնել են, որ քաղաքապետարանի տարբեր աշխատակիցների $1000-1500 են տվել, որպեսզի իրենց արտահերթ՝ որպես խիստ անապահովների, ընդգրկեն Գյումրիում «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցվող շենքերից բնակարաններ ստացողների ցուցակում: Նրանք, ըստ այդմ, պետք է ստանային 2-3 սենյականոց բնակարաններ: Մարդիկ գումարներ են տվել եւ ստացել են համապատասխան օրդերներ, քաղաքապետ Վ. Ղուկասյանի ստորագրությամբ համապատասխան որոշումներ, սակայն հետո պարզվել է, որ իրենց 2 սենյականոց բնակարաններ են հատկացվել կոնկրետ շենքի 5-րդ հարկում, բայց հետո պարզվել է, որ այդ շենքը, որտեղ իրենք պետք է, իբր, բնակարան ստանային, կառուցվում է ոչ թե 5, այլ՝ 3 հարկանի: Ընդ որում, քաղաքացիներին նաեւ այլ բնույթի հայտարարություն տալուն շահագրգռելու կամ նրանց զգուշավորությունը փարատելու համար նրանց ցուցմունքներն այնպես են ձեւակերպվում, որ կաշառատուները, որոնց համար եւս օրենքով պատասխանատվություն է սահմանված, վախեցել են դրա մասին հայտնել իրավապահներին: Պատճառաբանություններն այն են, թե՝ քանի որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ պետական չինովնիկներն ու մասնավորապես՝ քաղաքապետն իր ապօրինությունների համար պատասխանատվության չի ենթարկվել, իրենք՝ քաղաքացիներն էլ վախեցել են, որ մեկ է՝ չինովնիկներին չեն պատժի, բայց փոխարենն իրենք ընդամենը վատամարդ կլինեն կամ ընդհանրապես կհանվեն բնակարան ստացողների ցուցակներից, կմնան անօթեւան: Ըստ մեր աղբյուրների, ՀՀ իշխանությունների համար Վարդանիկին սանձելն այնքան կարեւոր է, որ բանը հասել է նրան, որ իշխանության ինչ-որ օղակ բողոքավորներին պատրաստ է աջակցել նաեւ նրանց համար փաստաբաններ վարձելու առումով, միայն թե նրանք առանց վախենալու ցուցմունքներ տան: Թե չէ՝ ուրիշ կերպ, ասում են, Վարդանիկից ազատվել հնարավոր չէ: Քաղաքապետի դեմ, ի դեպ, ցուցմունքներ են տալիս նաեւ նրա այն ենթակա-աշխատակիցները, ովքեր, ըստ բնակիչների, առձեռն ստացել են գումարները: Այդ աշխատակիցները իրավապահների առաջ ստիպված են եղել արդարանալ, որ եթե իրենք գումարը վերցրել են, ապա դրա միայն չնչին մասն է իրենց հասել, մնացածն իրենց միջոցով փոխանցվել է Վարդանիկին: Նման ցուցմունքներ այս մարդիկ, բնականաբար, տալիս են նախեւառաջ իրենց պաշտպանելու համար:

Հավելենք, որ Վարդանիկով զբաղվելու հայտ էր ներկայացրել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ի դեմս քննչական վարչության, բայց իշխանություններն այլ որոշում էին ընդունել: Ասում են՝ հիմա Գլխավոր դատախազությունում չարախնդում են, որ եթե Վարդանիկի գործն իրենց վստահվեր, հիմա նրանից շուտ էին ազատվել, իսկ ոստիկանությունը կտեսնենք՝ որքան հեռու կգնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել