Լրահոս
Օրվա լրահոսը

2008-ԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

Հուլիս 13,2007 00:00

\"\"Սրա հավանականության մասին հեռուստաընկերությունների ղեկավարներին ոչ պաշտոնապես հայտնել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:

2009-ին լրանում է Հայաստանում գործող հեռուստաընկերություններից շատերին տրված արտոնագրի ժամկետը, եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ 2008-ի կեսերից պիտի հայտարարվեն մրցույթներ: Հիշեցնենք, որ «Ա1+»-ը զբաղեցրած 37 կապուղին «Շարմ» ընկերությանը մրցույթով հանձնեցին 2002-ի ապրիլին, եւ ըստ այդմ՝ 2008-ի աշնանը պիտի կայանա նոր մրցույթ այդ կապուղով հեռարձակման համար: «Ա1+»-ը կունենար տեսական հնարավորություն՝ դարձյալ վերադառնալու հեռուստաեթեր, սակայն արդեն իսկ տեղեկություններ կան, որ չեն կայանալու ո՛չ այդ, ո՛չ այլ կապուղիների համար մրցույթները: Երեկ դիմեցինք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին՝ պարզելու, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ ինքը հեռուստաընկերությունների ղեկավարներին ոչ պաշտոնապես հայտնել է, թե այլեւս մրցույթներ չեն լինելու, քանի որ ընթացքի մեջ է Հայաստանում հեռարձակման թվային համակարգի ներդրման հարցը, ու նաեւ հայտնել է, թե փոխարենը ՀՌԱՀ-ն է որոշելու՝ ո՛ր հեռուստաընկերության արտոնագրի ժամկետը երկարաձգեն կամ չերկարաձգեն: Ի պատասխան՝ պրն Ամալյանն ասաց. «Հայաստանում լիցենզավորման նոր շրջան սպասվում է 2009-ից սկսած, քանի որ հանձնաժողովն իր առաջին լիցենզավորումներն իրականացրել է 2002-ին: Սակայն գիտեք, որ աշխարհում ընթանում է թվայնացման գործընթաց, որը ենթադրում է եթերային ռեսուրսների օգտագործման էապես նոր սկզբունք: Մյուս կողմից՝ սահմանված են ժամկետներ գործընթացի ավարտի համար: Որոշ եվրոպական երկրներ արդեն իսկ ավարտել են թվայնացման գործընթացը: Եվրամիությունն առաջարկել է իր անդամ երկրներին մինչեւ 2012 թվականն ավարտել անցման գործընթացը, եւ հեռահաղորդակցության միջազգային կոմիտեն եւս տվել է իր առաջարկները: Հայաստանի կառավարության միջգերատեսչական հանձնաժողովն ուսումնասիրել է այս հարցը եւ պիտի ներկայացներ միջոցառումների իր ծրագիրը, որը դեռեւս չի հաստատվել: Այդ ծրագրով կունենանք Հայաստանում թվային համակարգի անցման ժամանակացույց ու նաեւ անհրաժեշտ միջոցառումներ: Ըստ այդմ՝ այս պահին հնարավոր չէ հստակ ասել, թե ինչպիսին կլինի արտոնագրման գործընթացը, քանի որ, բնականաբար, ենթադրվում է, թե կլինեն նաեւ օրենսդրական փոփոխություններ: Բայց կարծում եմ, որ ամեն դեպքում՝ Հայաստանը պիտի վերանայի արտոնագրման իր սկզբունքները: Ըստ իս, միանշանակ է, որ լիցենզավորման ներկա մեխանիզմը հնարավորություններ չի ընձեռում թվայնացման գործընթացի անցման համար»: ՀՌԱՀ նախագահը նաեւ նշեց, թե պիտի գտնեն գործող հեռուստաընկերությունների հետագա գործունեության «կարգավորման ժամանակավոր մեխանիզմ, որ հեռուստաեթերի սպառողը զրկված չլինի տեղեկատվություն ստանալուց»:

Եվ այսպես, փոքր-ինչ մանվածապատ ձեւով Գրիգոր Ամալյանն, այնուամենայնիվ, հաստատեց տեղեկությունը, որ արտոնագրման սկզբունքները վերանայվելու են, եւ 2008-ին մրցույթներ, ըստ ամենայնի, չեն լինի: Ինչպե՞ս է այս հեռանկարին վերաբերվում «Ա1+»-ը, որը, փաստորեն, կորցնում է առաջիկա տարիներին եթեր վերադառնալու հնարավորությունը: «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն ասաց. «Ինչպես միշտ, պրն Ամալյանի բոլոր փաստարկները ծիծաղելի են: Դրանք կարող է ծիծաղելի չթվան որեւէ խուլ գյուղի բնակչի, որն ընդհանրապես չի հետաքրքրվում հեռուստատեսության խնդիրներով: Ինձ թվում է, այս ամենը նրա նախավերջին հնարքն է. համարում է, թե հեռուստատեսային ամբողջ դաշտը վերահսկելի է իր եւ իր շեֆերի կողմից, ու երեւի ժամանակն է թույլ չտալու, որ որեւէ մեկը որեւէ հնարավորություն ունենա արանքը խցկվելու: Իրենց «թայֆան» արդեն ձեւավորված է, եւ նրանք նույն կերպ կարող են շարունակել՝ մինչեւ թվայնացման խնդիրը լրջորեն հասունանա Հայաստանում: Ենթադրում եմ, որ դա կլինի երեւի մի 10 տարի հետո, քանի որ սրանց զարգացման տեմպերը տեսնելով՝ հասկանում եմ, որ երեւի իմիտացիոն ձեւերով՝ էլի մի 10 տարի կձգեն: Իսկ վերջին հնարքը թվայնացման այն գործընթացն է, որ նախատեսում են Հայաստանի չինովնիկներն ու ղեկավարները. նրանք հեռուստատեսային դաշտն իրենց ձեռքից բաց չթողնելու նպատակով նախատեսում են, որ ընդհանուր պրովայդերը լինելու է պետության կողմից նշանակված կամ որոշված մարդ, որն էլ ընտրություն կկատարի հեռուստաընկերությունների միջեւ, թե ում ընդգրկի բնակչությանն առանց բաժանորդագրային սահմանափակման հաղորդվող հեռուստածրագրերի փաթեթի մեջ: Այստեղ շա՜տ մեծ հնարավորություն կա ընդգրկելու այն մարդկանց, ովքեր կանգնած են իրենց կողքին, եւ չընդգրկելու նրանց, ովքեր չեն ուզում ընդունել իրենց կողմից վարվող քաղաքականությունը»: «Ա1+»-ի նախագահը նաեւ վստահություն հայտնեց, որ այս ամենը վերջ կունենա, եւ անպայման խնդիրներ կունենան նման հնարքներ գործադրողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել