Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՎԵԼԻ ԿԱՏԱՂԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՄ ՏԱՆԵԼՈՒ»

Հուլիս 12,2007 00:00

\"\"Երեկ «Առավոտին» հեռախոսով տված հարցազրույցում վստահեցրեց բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը

Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Վախթանգ Դարչինյանն արդեն որոշել է բարձրանալ մեկ աստիճան բարձր քաշային կարգ (մինչեւ 52,163 կգ, 115 ֆունտ) եւ այնտեղ ոչ միայն ռեւանշ մրցամարտ անցկացնել ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ ու հաղթել նրան, այլեւ չեմպիոնական նոր տիտղոսներ նվաճել:

Երեկ «Առավոտը» հեռախոսով կապվեց Վիկի հետ՝ տեղեկանալու նրա տրամադրության, առողջական վիճակի եւ հետագա ծրագրերի մասին: Սակայն հեռախոսային վատ կապի պատճառով հնարավոր չեղավ մանրամասներ իմանալ Դոների հետ մենամարտի մասին: Այդուհանդերձ, ներկայացնում ենք Վախթանգի հետ զրույցի սղագրությունը:

– Հայաստանում մարզասերները ծանր տարան պարտությունդ: Բայց բոլորը հավատում են, որ չես ընկճվել:

– Շնորհակալություն: Իսկապես, ցավալի պարտություն էր ու դրա մեղավորը ես եմ: Շատ էի ցանկանում անպայման նոկաուտի ենթարկել հերթական մրցակցիս: Եթե մարտը նայել եք, տեսած կլինեք, որ այդ պահին ես էի գրոհ ձեռնարկել: Ուզում էի այն եզրափակել վճռորոշ հարվածով: Բայց չհասցրի: Ու ստացվեց, որ ինքս ընդառաջ գնացի նրա պատասխան հարվածին: Բռնցքամարտում այդպես էլ է պատահում: Բայց պարտությունից հաստատ չեմ ընկճվել:

– Դեռ Ամերիկայո՞ւմ ես, թե՞ վերադարձել ես Ավստրալիա:

– Արդեն տանն եմ:

– Հիմա քո երկրպագուները սպասում են նոր հաղթանակների:

– Խնդրում եմ գրեք խոսքերս ու թող Հայաստանում բոլորն իմանան. մինչեւ վերջին մենամարտը իմ երկրպագուներն ինչքան ինձ ճանաչել են, սրանից հետո ավելին են տեսնելու:

– Առաջիկա մենամարտդ ե՞րբ ես պլանավորում ու ո՞ր քաշային կարգում: Ո՞վ է լինելու մրցակիցդ:

– Բարձրանում եմ առաջին թեթեւագույն քաշային կարգ: IBO-ում այդ քաշի չեմպիոնական տիտղոսի տեղը թափուր է: Ինձ տեղեկացրել են, որ IBO-ի ղեկավարները տեսել են Դոների հետ իմ մարտը եւ համոզված են, որ ավելի շատ ոչ թե ֆիլիպինցին է ինձ նոկաուտի ենթարկել, այլ ինքս եմ ընդառաջ գնացել նրան: Դրա համար որոշել են թափուր տիտղոսի համար կայանալիք մենամարտի հավակնորդների մեջ առաջին համարն ինձ տալ: Այս պահին բանակցություններ են ընթանում հյուսիսաֆրիկացի մի բռնցքամարտիկի հետ, որը վարկանիշային ցուցակում 3-րդն է: Ամեն բան գրեթե համաձայնեցված է: Կարծում եմ, մի երկու շաբաթվա ընթացքում պայմանագիրը կստորագրվի: Հավանաբար, այդ մենամարտը կկայանա երկու-երկուսուկես ամիս հետո:

– Նոնիտո Դոներին պարտքդ վերադարձնելու մասին ի՞նչ կասես:

– Ես հայտարարել եմ, որ ռեւանշ մրցամարտ պահանջում եմ: Եվ Դոներին առաջարկել եմ նույնպես վերադառնալ առաջին թեթեւագույն քաշային կարգ, որպեսզի կրկին հանդիպենք:

– Իսկ համոզվա՞ծ ես, որ հյուսիսաֆրիկացուն կհաղթես:

– Ավելի քան:

– Ե՞րբ ես գալու Հայաստան:

– Երբ տիտղոսի համար մենամարտում հաղթելով չեմպիոնի գոտին կնվաճեմ, անմիջապես կգամ:

– Դու եւ տիկինդ՝ Օլգան, երեխա եք սպասում: Ե՞րբ է փոքրիկը լույս աշխարհ գալու:

– Սպասում ենք այս շաբաթ: Հնարավոր է՝ նույնիսկ երկու օրվա ընթացքում: Այ, հենց իմ անդրանիկ զավակի պատվին էլ չեմպիոնի տիտղոսը նվաճելու եմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել