Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական» կոնֆերանս

Հուլիս 12,2007 00:00

\"\"Երեկվա միջոցառման բանախոսները փաստեցին, որ նոր Սահմանադրությունը «բացեր» ունի

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «ՀՀ Սահմանադրություն. Տեսություն եւ քաղաքական իրականություն» խորագրով կոնֆերանս էր հրավիրվել: Կազմակերպիչներն էին Միացյալ ազատական ազգային կուսակցությունն (ՄԻԱԿ) ու Բրիտանական շրջանավարտների ասոցիացիան: Կոնֆերանսին մասնակցում էին ՄԻԱԿ գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանը, ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ուսանողներ, իրավաբաններ, կուսակցությունների ներկայացուցիչներ:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ ողջունելով կոնֆերանս կազմակերպելու գաղափարը, ասաց, որ ՀՀԿ-ն նույնպես պատրաստվում է նախաձեռնել նման քննարկումների շարք, որոնք ցույց կտան, թե ինչքանով են սահմանադրական բարեփոխումները համապատասխանում երկրում առկա իրողություններին: Նաեւ կարծիք հայտնեց, թե հանրաքվեները հնարավորություն չեն ընձեռում անձանց քվեարկել այս կամ այն դրույթի շուրջ, որովհետեւ, որպես կանոն, միշտ էլ քվեարկության է հանվում պատրաստի փաթեթ: Դ. Հարությունյանն ասաց, որ 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը իշխանությունը կենտրոնացնում էր մեկ մարդու՝ հանրապետության նախագահի ձեռքում, արդարադատության խորհրդի ղեկավարը նախագահն էր, քիչ էին ԱԺ-ն լուծարելու սահմանափակումները, եւ այս ամենը հանգեցնում էր ճգնաժամերի: Ըստ բանախոսի, բարեփոխումներից հետո շատ հարցեր լուծվել են. օրինակ, ԱԺ լուծարումն այլեւս առաջվա նման դյուրին չէ: Դ. Հարությունյանը միաժամանակ փաստեց, որ նոր Սահմանադրության մեջ, այնուամենայնիվ, առկա են մի շարք բացթողումներ. «Օրինակ, Սահմանադրական դատարանին չենք վերապահել, որ լուծի իշխանության տարբեր ճյուղերի միջեւ առաջացած վեճերը՝ կապված լիազորությունների տարանջատման հետ: Մեր ընդունած պառլամենտական-նախագահական երկրում հաճախ է լինում, երբ իշխանությունների միջեւ վեճեր են ծագում նրանց լիազորությունների շրջանակներում: Պետք է լիներ մի մարմին, որը ի զորու կլիներ լուծել այդ հարցերը»:

Ա. Հարությունյանը համաձայնելով, որ Սահմանադրության մեջ առկա են բացթողումներ, հայտարարեց. «Պետք է ոչ թե խոսել, թե ինչն է վատ արվել կամ ինչու են պետական շատ մարմիններ (Կենտրոնական բանկ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ այլն) դուրս մնացել Սահմանադրությունից, այլ այն մասին՝ արդյո՞ք Սահմանադրությունը կարողանում է լուծել այն խնդիրները, ինչի համար մենք այն փոխեցինք: Ի՞նչ ճանապարհով ենք գնում՝ իրավական պետություն դառնալո՞ւ, թե՞ ոչ»: Ա. Հարությունյանի խոսքով, Սահմանադրությունը կարող է շատ բան տալ եւ շատ բան էլ չտալ, ամեն ինչ կախված է հասարակական պրակտիկայից. «Կարող եմ համարձակորեն ասել, որ այսօր իշխանությունների բաժանման տեսությունը ինչ-որ չափով հնացել է: Յուրաքանչյուր պետություն պետք է նոր ձեւով ակտուալացվի»:

Վերջում օմբուդսմենը դեկլարատիվ հայտարարություն արեց, թե մարդու իրավունքների եւ ազատությունների ապահովման համար պետք են քաղաքացիական հասարակություն, իր իրավունքների համար պայքարող քաղաքացի եւ մրցակցային ուժային կենտրոններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել