Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱՀԻՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՆԵԴԴԱ ԿԵՐԳԻ

Հուլիս 12,2007 00:00

Երգչուհին կներկայանա նոր «իմիջով»

«Ա. Խաչատրյան» համերգասրահում 2007 թ. հուլիսի 17-ին եւ 19-ին կկայանա Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի բեմականացումը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հովեր», «Սպեղանի» երգչախմբերի, «Միմ ստուդիոյի» եւ մեներգիչների մասնակցությամբ: Օպերայի բեմադրիչն է Սուքիաս Թորոսյանը, դիրիժորը՝ Էդուարդ Թոփչյանը: «Պայացներում» Նեդդայի դերերգով հանդես է գալու ճանաչված երգչուհի Անահիտ Մխիթարյանը: Ըստ լիբրետոյի, Նեդդան դրամատիկ կերպար է, բայց, միեւնույն ժամանակ, նրան բնորոշ են կատակերգական տարրերը: Իսկ Անահիտ Մխիթարյանին մասնագետներն ու արվեստասերը առայժմ նման «իմիջով» չեն տեսել: Երգչուհին այս եւ այլ հարցերի մասին զրուցեց «Առավոտի» հետ:

– Ինչո՞վ կբացատրեք մասնագետների նման վերաբերմունքը:

– Բնական եմ համարում, որ երաժշտական աշխարհի մարդիկ ու երկրպագուներս ազդագրում տեսնելով «Անահիտ Մխիթարյան՝ Նեդդա», պետք է զարմանային: Այն դերերգերը, կերպարները, որոնցով ես տարիներ շարունակ ներկայացել եմ, շեշտակիորեն տարբերվում են Նեդդայից, անգամ հակադիր բեւեռներում են: Բեմից դուրս իմ էությամբ ու նկարագրով էլ Նեդդայից միանգամայն տարբեր եմ: Շուրջ տասը տարի առաջ մեր օպերային թատրոնում ինձ առաջարկվում էր այս դերերգը, որից անընդհատ հրաժարվում էի: Եվ ահա տարիներ հետո կրկին նույն առաջարկը ստացա դիրիժոր Էդուարդ Թոփչյանից: Չեմ թաքցնի. անակնկալ էր, սակայն մեկ օր խորհելուց հետո համաձայնեցի: Չկարծեք, թե տարիներն ինձ մոտեցրել են Նեդդայի կերպարին: Ուղղակի որոշեցի իմ ստեղծագործական կյանքում շատ համարձակ քայլ անել: Կարծում եմ՝ Նեդդայի դերերգը հնարավորություն է տալիս ցուցադրել լայն ու ճկուն ձայնածավալս: Մյուս կողմից, մեր օպերային թատրոնում գործունեությանս ողջ ընթացքում մինչ օրս չկան այն փառահեղ դերերգերը, ինչպես, օրինակ, Ջիլդան, Լուչիան, Ամինան, Կոնստանցան, Նորինան, Դինորան, որոնք գրված են հենց իմ ձայնի համար: Սպասել դրանց բեմադրություններին, կնշանակի մատնվել հարկադրված պարապուրդի:

– Գիտենք, որ առաջարկը ստացել եք շուրջ 20 օր առաջ: Կարճ չէ՞ ժամանակահատվածը նման լուրջ դերերգ պատրաստելու համար:

– Առաջարկը ստացել եմ 25 օր առաջ: Իհարկե, կարճ ժամանակամիջոց է կերպարը «քեզնով անելու» համար: Բայց արտիստը պիտի կարողանա միանգամայն տարբեր կերպարներ կերտելուց զատ, յուրաքանչյուրին հաղորդել սեփական անձի հմայքն ու գրավչությունը, նաեւ, ինչպես ընդունված է Եվրոպայում, կարճ ժամանակահատվածում պատրաստել դերերգ եւ մատուցել ունկնդրին:

– Առաջին անգամ եք աշխատում Էդուարդ Թոփչյանի հետ, ինչպե՞ս են ընթանում աշխատանքները:

– Այո, սա իմ առաջին համագործակցությունն է նրա հետ: Ես հայտնաբերեցի, որ Էդուարդ Թոփչյանն իսկական օպերային դիրիժոր է եւ դրա համար ունի հիանալի պատրաստվածություն:

Հ. Գ. «Պայացները» Ազգային օպերային թատրոնում առաջին անգամ բեմադրվել է 1940-ականներին, հետագայում վերաբեմադրվել 50-ականներին ու 70-ականներին: Վերջին բեմադրությունն իրականացվել է 90-ականներին (բեմադրիչ՝ Տիգրան Լեւոնյան, բեմադրող դիրիժոր՝ Յուրի Դավթյան): Խաղացանկից հանվել է 1999թ.:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.07.2007 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031