Լրահոս
Օրվա լրահոսը

55 «ոսկի»՝ շրջանավարտներին

Հուլիս 12,2007 00:00

Երեկ մայր բուհի դահլիճում լավագույն շրջանավարտները մեդալներ ստացան

Երեւանի պետական համալսարանի դահլիճում երեկ Հայաստանի 55 շրջանավարտ պարգեւատրվեց ոսկե մեդալներով: Նրանք ընտրվել են ներկայացված 128 աշակերտից: Արդեն 4 տարի է՝ մեդալակիրները արտոնություններ չունեն: Անցյալ տարի 127 հավակնորդից մեդալի արժանացավ 93-ը: Եթե այս ցուցանիշները համեմատենք 2001-2002 եւ 2002-2003 ուստարիների արդյունքների հետ, երբ մեդալակիրը կարող էր 1 քննությամբ բուհ ընդունվել, ապա կտեսնենք, որ այդ տարիներին նրանց թիվը համապատասխանաբար 145 եւ 112 էր: Իսկ այս տարի մեդալի արժանացան Երեւանից՝ 12, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերից՝ 7-ական, Շիրակից՝ 6, Գեղարքունիքից՝ 5, Արմավիրի մարզից՝ 2, Վայոց ձորից՝ 1 եւ այլ մարզերի եւս 15 շրջանավարտներ: Երեւանի ֆիզմաթ դպրոցից Սամվելը նաեւ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է, իսկ Երեւանի թիվ 7 դպրոցի սան Ելենան ռուսերենի միջազգային օլիմպիադայի հաղթող է: Չնայած շատերը պնդում են, որ եթե մեդալը շրջանավարտին չի օգնելու բուհ ընդունվելիս, հետեւաբար՝ մեդալակիրը հազիվ թե արտոնություններ ունենա, սակայն ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հետեւյալ կարծիքի է. «Ձեզ համար ամենամեծ արտոնությունը այսօր այս դահլիճում ձեր ծնողների հպարտ դեմքերն են եւ մայր բուհում մեդալ ստանալու փաստը»: Բուհի ընդունելության քննությանը հավասար միավորներ հավաքելու դեպքում եւս մեդալակիրները ունեն արտոնություն: ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն էլ հիշեց, թե ինքն ինչպես է պայքարել մեդալի համար. «Ես էլ էի մեդալակիր, ու տան գործ չէի անում, անընդհատ դաս էի սովորում: Մի օր մայրս դժգոհեց ինձնից: Իսկ մեր հարեւանը նրան ասաց, թե ի՞նչ ունի դժգոհելու, երեխան ամեն օր ոսկի է աշխատում»: Մեդալակիրների հետ զրույցում պարզ դարձավ, որ նրանք հիմնականում նախընտրում են տնտեսագիտություն, կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա մասնագիտությունները: «Առավոտը» նրանցից հետաքրքրվեց, թե մի քննությամբ բուհ ընդունվելու առավելությունը չունենալով հանդերձ, այնուամենայնիվ, ինչու ցանկացան մեդալ ստանալ: Երեւանի թիվ 172 դպրոցի շրջանավարտ Քրիստինա Կարճիկյանն ասաց. «Երբ տասը տարի գերազանց սովորում ես եւ չես ցանկանում մեդալ ստանալ, նմանվում ես մի զինվորի, որը հրաժարվում է հերոսի կոչումից»: Թիվ 112 դպրոցի մեդալակիր Դանիելա Մելիքյանն ավելի զուսպ էր իր մեկնաբանություններում. «Ուղղակի անչափ ուզում էի, որ իմ աշխատանքը գնահատվեր»: Շիրակի մարզի Այգաբաց գյուղի միջնակարգ դպրոցի մեդալակիր Սոնա Մսրյանն էլ անկեղծորեն ասաց, թե ինչու է դիմել մեդալ ստանալու քայլին. «Մայրիկս շատ խնդրեց, այդ պատճառով էլ չմերժեցի նրան»: Հրազդանի թիվ 1 դպրոցի մեդալակիր Նորայր Արամյանն էլ հայտնեց. «Հաջողություններս թող այսպիսի մանրուքներից սկսվեն: Չնայած սա մանրուք է, բայց, այնուամենայնիվ, լավ սկիզբ է»: Արմավիրի մարզի վարժարանի սան Լուսինե Շիրինյանն էլ ասաց, որ մեդալի քննություն է հանձնել ոչ թե այն ձեռք բերելու համար, այլ բուհական ընդունելության քննություններին փորձ ունենալու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել