Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները խաղալու են խանութում

Հուլիս 12,2007 00:00

\"\"Քաղաքապետը որոշել է հերթական խաղահրապարակը «զոհել»՝ հանուն հերթական օբյեկտի

Հակոբյան թիվ 9 եւ 11 շենքերի բնակիչները երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Արաբկիրի ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ փորձում են քանդել շենքի բակում գտնվող խաղահրապարակը: Նրանց խոսքերով՝ «Սա մեր տարածքի միակ խաղահրապարակն է: Անգամ հարակից Քեռու փողոցի, Գյուլբենկյանի, Գ. Էմինի եւ Բլուր թաղամասի երեխաներն են գալիս այստեղ խաղալու: Ճիշտ է, ընդամենը 100 մետր հեռավորությամբ՝ Մերգելյան ինստիտուտի կողքի այգում էլի խաղատեղի կա, բայց՝ վճարովի, իսկ ամեն օր իր երեխային կարուսել նստեցնելու համար ո՞վ կարող է վճարել»: Բնակիչների հավաստմամբ, ընդամենը մի քանի ամիս առաջ ներկայիս խաղահրապարակի տեղում քարուքանդ տարածք է եղել. «Այն մեր ջանքերով աղբից ու քարերից մաքրել ենք: Թաղապետարանն էլ ֆինանսավորեց, որ մաքրված տարածքում կարուսելներ ու տաղավարներ տեղադրվեն»:

Նախօրեին, երբ ոստիկանության աշխատակիցները սկսել են քանդել խաղահրապարակի ցանկապատն ու անգամ փորձել են տարածքն ազատելու համար այգու մի քանի հաստաբուն ծառերը կտրել, բնակիչներն ու երեխաները ցույցի են դուրս եկել ու ոստիկաններին արգելել են շարունակել իրենց գործը: Հակոբյան թիվ 9 շենքի բնակիչների ներկայացմամբ՝ «Մեր աչքին թոզ փչելու համար ընտրություններից առաջ բարեկարգեցին այգին, թաղապետարանի փողով էլ ճոճանակ ու կարուսել դրեցին: Հիմա արդեն մեզանից ոչ մի սպասելիք չունեն, դրա համար էլ առանց մեզ բանի տեղ դնելու մի օրվա մեջ որոշում են կայացրել ու քանդում են մեր երեխաների միակ խաղատեղին»: Մի տարեց բնակիչ էլ վրդովված էր, որ իրենց խաբել են: Նրա խոսքով. «Ոստիկանները մեզ ասեցին, որ 2 օր առաջ տարածքը աճուրդի է հանվել, աճուրդն էլ արագացված կարգով հաստատվել է ու նույն օրը խաղահրապարակը վաճառվել է՝ ինչ-որ օբյեկտ կառուցելու նպատակով: Բայց մենք էլ ենք օրենքից բան հասկանում: 2 օրվա մեջ աճու՞րդ է լինում: Ոչ մի թերթում այս տարածքի աճուրդի մասին հայտարարություն չկա»:

Խաղահրապարակի հարակից շենքերի բնակիչները մոտ 400 ստորագրությամբ դիմում-բողոք էին նախապատրաստել՝ ուղղված քաղաքապետին, որտեղ նշել էին, որ բակը համայնքի սեփականությունն է, եւ որեւէ մեկն իրավունք չունի հանուն իր բիզնեսի իրենց երեխաների խաղատեղին գրավելու: Բնակիչները պնդում էին նաեւ, որ կդիմեն իրենց համայնքի ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ): Նրանց խոսքերով. «Ժամանակին ինքն էր մեզ դիմում, որ իրեն ձայն տանք ու վստահենք, հիմա էլ էդ վստահությունն արդարացնելու իր հերթն է»:

Մեր տեղեկություններով՝ խաղահրապարակն արդեն վաղուց սեփականատեր ունի: Այս տարվա նոյեմբերի 2-ի քաղաքապետի որոշմամբ, այդ տարածքից 20 քմ վաճառվել է մի անհատ ձեռներեցի, որն էլ որոշել է իր սեփական տարածքում անվճար խաղահրապարակի փոխարեն խանութ կառուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել