Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՎ 15-ՈՒՄ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Հուլիս 12,2007 00:00

Օգոստոսի 26-ին թիվ 15 ընտրատարածքում տեղի կունենա պատգամավորի ընտրություն:

Մենք արդեն գրել ենք այն մասին, որ այս ընտրատարածքը հատկապես բարդ է, քանի որ այս ընտրատարածքի մեջ մտնող բնակավայրերը բավականին փռված եւ տարածված են, եւ ոչ թե մեկ մարզպետ է զբաղվելու ընտրական հոգսերով, այլ միանգամից մի քանիսը: Երեկ մեզ ահազանգեց վերոհիշյալ ընտրատարածքում գտնվող գյուղերից մեկի գյուղապետը եւ տեղեկացրեց, որ օրերս Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին, գյուղապետերից բացի, մասնակցել են նաեւ թիվ 15-ի պատգամավորության թեկնածուներից մեկը՝ ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը եւ վերջինիս թռչնաբիզնեսի ընկեր Մհեր Բագրատյանը: Ի դեպ, նույն աղբյուրի պնդմամբ, մարզպետը եւս Խաչիկ Մանուկյանի եւ Մհեր Բագրատյանի հետ համատեղ բիզնես ունի եւ նաեւ այդ պատճառով է շահագրգիռ, որ ընտրվի հատկապես այս թեկնածուն: Ըստ մեզ զանգահարած գյուղապետի, մարզպետը հանձնարարել է բոլոր գյուղապետերին օգոստոսի 26-ին թիվ 15 ընտրատարածքում ամեն ինչ անել Խաչիկ Մանուկյանի ընտրվելու համար: Երեկ մենք խոսեցինք մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ եւ փորձեցինք անձամբ իրենից ճշտել՝ տվե՞լ է նման հանձնարարական եւ նշված անձանց հետ իրո՞ք ունի համատեղ բիզնես: Արմավիրի մարզպետը չժխտեց, որ օրերս իր մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն: Սակայն ասաց, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են բոլորովին այլ հարցեր, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքներին եւ այլ հիմնախնդիրներին վերաբերող: Աշոտ Ղահրամանյանը ժխտեց, սակայն, որ ինքը համատեղ բիզնես ունի. «Ես որեւէ բիզնես չունեմ, եթե դուք գիտեք, ասեք, թե դա ինչ բիզնես է, սիրով կկիսվեմ ձեզ հետ»: Մեր հարցին՝ իսկ անձամբ ինքը ո՞ր թեկնածուին է պաշտպանելու օգոստոսի 26-ի ընտրություններում, մարզպետն այսպես պատասխանեց. «Հանրապետության նախագահի եւ վարչապետի հանձնարարականները կան՝ ապահովել ընտրությունների թափանցիկությունը, եւ այդ ընտրատարածքում կընտրվի նա, ում կընտրի ժողովուրդը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել