Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ արտահերթ համագումարը չի կայանա

Հուլիս 12,2007 00:00

Այդ մասին որոշում կայացվեց երեկ ուշ երեկոյան գումարված ՀՀԿ խորհրդի նիստում

Հուլիսի 14-ին պիտի կայանար ՀՀԿ արտահերթ համագումարը, սակայն երեկ ՀՀԿ խորհուրդը որոշում կայացրեց, որ այն խնդիրները, որոնք պիտի քննարկվեին այդ համագումարում՝ կլուծվեն հոկտեմբերին կայանալիք հերթական համագումարում:

Որոշման պատճառների մասին «Առավոտին» պարզաբանումներ ներկայացրեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը. «Սկզբից մի քանի տարբերակ կար՝ ասենք, հիմա անցկացնել հերթական համագումար, ապա աշնանը՝ արտահերթ համագումար: «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ այն կուսակցությունները, որոնք նախագահական ընտրություններում թեկնածու են առաջադրելու, պիտի անպայման համագումարով անեն դա: Եվ իհարկե, ավելի նպատակահարմար էր դա անել աշնան վերջին: Սա հանգամանքներից մեկն էր, որ թելադրում էր երկու համագումար անցկացնել, մեկը՝ հերթական, մյուսն՝ արտահերթ: Բայց ընդամենը 3-4 ամսվա ընթացքում միաժամանակ 2 համագումար անցկացնելը, առավել եւս՝ դրանցից մեկն ընտրություններից գրեթե անմիջապես հետո ընկած այս ժամանակահատվածում, համարվեց աննպատակահարմար: Նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակը շատ կարճ էր հերթական համագումար անցկացնելու համար: Հետեւաբար, հերթականը մնում էր աշնանը, իսկ այդ պարագայում մի քանի տեխնիկական խնդիրների՝ կանոնադրական փոփոխությունների համար արտահերթ համագումար անցկացնելը պարզապես նպատակահարմար չէ»:

Օրեր առաջ պատասխանելով «Իրավունքի» հարցին, թե ի՞նչ արտահերթ խնդիրներ ունեն քննարկելու, որ չեն կարող համբերել մինչեւ հերթական համաժողով՝ ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանն ասել էր. «Ամենահետաքրքիրն այն է, որ քաղաքական լուրջ վերլուծություններ, հաշվետվություններ կլինեն՝ ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական գործընթացներում Հանրապետականի տեղի, դերի, նաեւ առաջիկա անելիքների վերաբերյալ»: Մեր հարցին՝ մի՞թե մինչ այժմ հստակ չէ ՀՀԿ-ի տեղն ու դերը, եւ դրանք պարզելու համար կար արտահերթ համագումարի անհրաժեշտություն՝ ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Ծանոթ չեմ այդ տեսակետին: Բայց ակնհայտ է, որ յուրաքանչյուր կուսակցության տեղը, դերը եւ անելիքները հստակեցնում են խորհրդարանական ընտրությունները»:

Տեխնիկական խնդիրների մասին, որոնք պիտի քննարկվեին այս արտահերթ համագումարում. տեղեկություններ կային, թե փոքրացվելու է ՀՀԿ խորհուրդը, վերացվելու է կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը եւ այլն: Մեր հարցին, թե կանոնադրական փոփոխությունները հենց այդ հարցերի՞ն են վերաբերվելու՝ Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, եւ յուրաքանչյուր նոր իրավիճակ պահանջում է նոր հնարավորություններ կուսակցության գործունեությունը լիարժեք ապահովելու համար: Ինչպես հայտնի է՝ թեեւ նախկինում էլ է ՀՀԿ-ն հաջողություններ ունեցել խորհրդարանական ընտրություններում, բայց այս անգամ որակապես նոր դերակատարություն ստանձնեց կուսակցությունը եւ ԱԺ-ում փաստորեն ունի պատգամավորների կեսի ձայները: Ահա սրան են միտված լինելու կանոնադրական փոփոխությունները, որոնք պիտի բխեն կուսակցության դերակատարությունից՝ մեր գործունեությունը լիարժեք եւ առավել արդյունավետ ապահովելու համար: Բայց կարծում եմ, եթե մի քանի ամիս հետո արվեն այդ փոփոխությունները՝ որեւէ խնդիր չի առաջանա: Եվ մյուս կողմից՝ ակնհայտ է, որ չեն կարող լինել հեղափոխական փոփոխություններ՝ ի վերջո, կա «Կուսակցությունների մասին» օրենք, որը կարգավորում է կուսակցությունների գործունեությունը ընդհանուր առմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել