Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ, ԿԴԱՏԱՊԱՐՏԵՆ

Հուլիս 12,2007 00:00

\"\"Երեկ ՎՈՒԱՄ-ը դատապարտել է հուլիսի 19-ին ԼՂ-ում կայանալիք նախագահական ընտրությունների անցկացումը

Հուլիսի 11-ին ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նախարարների կոմիտեն հայտարարել է, թե ԼՂՀ-ում անցկացվելիք նախագահական ընտրությունները պետք է «ապօրինի» համարվեն եւ չեն կարող որեւէ օրինական ուժ ունենալ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂ-ում ե՛ւ այս, ե՛ւ այլ ընտրությունների անցկացման առիթով պարբերաբար ափսոսանք են հայտնում նաեւ միջազգային կառույցների ղեկավարները: Թե ո՞րն է մշտապես տրվող այսպիսի գնահատականների շարժառիթն ու նպատակը՝ երեկ պարզաբանեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա, «ԼՂՀ-ում անցկացված բոլոր հանրաքվեներից եւ որեւէ մակարդակի ընտրություններից հետո, առանց բացառության, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն, ԱՄՆ պետդեպարտամենտը միշտ շեշտում էին, որ իրենք այդ քվեարկությունների արդյունքները չեն ճանաչում: Հարցը ոչ միայն այն է, որ այդ երկրներն ու կառույցները հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, այլեւ համարում են, որ ԼՂ հարցով բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, եւ այդ գործընթացի շրջանակներում է, որ պետք է լուծվի Ղարաբաղի հարցը, իսկ որեւէ այլ քայլ կարող է խոչընդոտել կարգավորման գործընթացին»: Ստ. Գրիգորյանը կանխատեսեց, որ ինչպես միշտ, այս ընտրություններից հետո եւս ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն, ԱՄՆ պետդեպը, նաեւ ՎՈՒԱՄ-ը կհայտարարեն, որ ընտրությունների արդյունքները չեն ճանաչում: Ընդ որում, քաղաքագետի ասելով, այդ հայտարարությունների համատեքստում որեւէ նշանակություն չունի, թե ԼՂՀ-ում ընտրությունները արդա՞ր կանցնեն, թե՞ խախտումներով: «Նույն մոտեցումը նրանք դրսեւորում են նաեւ մյուս չճանաչված միավորումների դեպքում: Միջազգային կառույցների եւ օտարերկրյա պետությունների արձագանքը այլ կլիներ, եթե ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Պրահյան գործընթացը հաջողություն ունենար եւ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գային ԼՂՀ-ում հանրաքվեի կամ որեւէ ընտրության անցկացման շուրջ: Այդ դեպքում դրանց արդյունքները միջազգային հանրությունը կճանաչեր»,- իր կարծիքը ձեւակերպեց քաղաքագետը: Նրա փոխանցմամբ, ՎՈՒԱՄ-ի հայտարարությունը իր համար մտահոգիչ չէ: Կոնկրետ այս դեպքում խնդիրն ավելի շատ քաղաքական նպատակահարմարությունն է. «ՎՈՒԱՄ-ի կայացրած որոշումն, անշուշտ, քաղաքական է, մանավանդ որ՝ այդ միավորման անդամ բոլոր պետություններն իրենց տարածքներում ունեն չճանաչված միավորումներ, փոխարենն ունեն տնտեսական եւ քաղաքական համատեղ շահեր»:

ԼՂՀ-ում նախագահական ընտրությունների թեժ փուլում ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լենմարկերն է հանդես եկել վիճահարույց հայտարարությամբ՝ ասելով, թե ԼՂ խնդրի կարգավորման շրջանակային համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, եւ մնում է միայն՝ կողմերը քաղաքական կամք ցուցաբերեն: Ստ. Գրիգորյանը նախ հիշեցրեց, որ վերջին 2 տարվա ընթացքում ԵԽ-ի ներկայացուցիչները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շատ հաճախ են ԼՂ հարցը ուր որ է՝ լուծելու վերաբերյալ լավատեսական հայտարարություններով հանդես եկել, որոնք հետո իրենց չեն արդարացրել, ուստի նա Լենմարկերի հայտարարությունը դիտարկում է հե՛նց այդ համատեքստում եւ բացառում է դրա տակ որեւէ այլ ենթատեքստի առկայությունը: «Դժբախտաբար, ե՛ւ Լենմարկերի, ե՛ւ եվրոպական կառույցների ղեկավարների կողմից հնչող այդօրինակ հայտարարություններից պետք է եզրակացնել, որ նրանք շատ վատ են պատկերացնում իրավիճակը: Նրանք չեն հասկանում, որ Հայաստանում եւ Ադրբեջանում գործող իշխանությունները հիմնախնդիրը լուծելու քաղաքական կամք չունեն, չեն պատկերացնում հասարակությունների տրամադրությունները, որ Հայաստանի, ԼՂ-ի եւ Ադրբեջանի հասարակությունները պատրաստ չեն խաղաղության համաձայնագրին: Նրանք սահմանափակվում են պաշտոնյաների հետ հանդիպումներով, իսկ վերջիններս էլ, բնականաբար, խնդիրը լուծելու «պատրաստակամություն» են հայտնում»,- նկատեց քաղաքագետը:

Անկախ միջազգային հանրության գնահատականներից՝ ԼՂ-ում ընտրություններ լինելու են: Եթե այդ ընտրություններն այս անգամ նմանվեն հայաստանյան կեղծված ընտրություններին եւ նախագահի լեգիտիմության հարցեր առաջացնեն, որքանո՞վ դա կվնասի միջազգային ասպարեզում ԼՂ դիրքերին: «Որքան էլ միջազգային հանրությունը չճանաչի այդ ընտրությունների արդյունքները, այնուամենայնիվ, կարծում եմ, որ դրանք՝ լինեն ՏԻՄ, խորհրդարանական, թե նախագահական, կարեւոր են, որովհետեւ առաջին հերթին դրա լեգիտիմությունը պետք է ԼՂ ժողովրդին: Ժողովրդի կողմից եւ արդար ընտրություններով ընտրված իշխանություններն ավելի արդյունավետ են աշխատում: Ի վերջո, լեգիտիմ իշխանությունները մե՛զ են պետք, ոչ թե միջազգային հանրությանը, կամ այդ հանրությանը սիրաշահելու համար են: Մյուս կողմից, եթե ԼՂ-ում նորմալ ընտրություններ լինեն, դա միայն կնպաստի ԼՂ հեղինակության բարձրացմանը միջազգային հանրության աչքում: Այդ իմաստով ԼՂ-ին ազատ ու արդար ընտրություններ պետք են: Միանշանակ կարող եմ ասել, որ եթե պրոբլեմներ լինեն, ընտրություններն, իրոք, անարդար լինեն, դա շատ մեծ հարված կլինի Ղարաբաղի անկախացման ողջ գործընթացին»,- եզրակացրեց Ստ. Գրիգորյանը:

ԼՂՀ նախագահական ընտրությունների շեմին ե՛ւ ԼՂՀ-ում, ե՛ւ ՀՀ-ում քաղաքական դիտորդները բարձրաձայնում են այդ ընտրություններին հայաստանյան հեռուստաընկերությունների փաստացի մասնակցության եւ դրանց կողմից ընտրությունների միակողմանի լուսաբանման մասին: Սա փաստացի նշանակո՞ւմ է, որ ՀՀ-ն միջամտում է անկախության ճանապարհին կանգնած ԼՂՀ ներքին գործերին: Քաղաքագետն այս առնչությամբ ասաց. «Եթե Հայաստանը համարում է, որ ԼՂ-ն անկախ միավոր է, ուրեմն պետք է զերծ մնա այդօրինակ քայլերից եւ չմիջամտի ԼՂ-ում ընթացող ներքաղաքական պրոցեսներին: Թեեւ միջազգային հանրության համար նշանակություն չունի՝ Հայաստանն ազդո՞ւմ է ԼՂ-ում ընտրությունների վրա, կամ՝ ԼՂ-ն ազդո՞ւմ է Հայաստանի քաղաքական պրոցեսների վրա, այդուհանդերձ, դա բխում է մեր շահերից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել