Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՌԵՎԱՆՇ ՄՐՑԱՄԱՐՏ Է ՈՒԶՈՒՄ

Հուլիս 11,2007 00:00

\"\"Իսկ ֆիլիպինցի Նոնիտո Դոներն ըմբոշխնում է իր սենսացիոն հաջողությունը

Վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանի կրած անակնկալ պարտությունը մնում է հայաստանցի մարզասերների քննարկման գլխավոր թեման: Բայց եղածն արդեն եղել է: Հիմա, ինչպես եւ սպասվում էր, բռնցքամարտիկները մենամարտից հետո զանգվածային լրատվամիջոցներով հայտարարություններ են անում կատարվածի եւ հետագա ծրագրերի մասին:

Նոնիտո Դոները, որը մի գիշերվա մեջ մտավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի վերնախավ, ԶԼՄ-ներին ասել է. «Ես ինձ անասելի լավ եմ զգում: Դեռ չեմ հասցրել ամբողջովին հասկանալ, թե ինձ ինչ հաջողվեց անել: Ես մարտը շահեցի մաքուր նոկաուտով: Միայն ես էի հավատում իմ հաղթանակին: Մենամարտից առաջ ես ասում էի, թե մեր միջեւ տարբերությունն ընդամենը մեկ հարվածի մեջ կարող է լինել: Կարծում եմ՝ իմ հաջողության գրավականն այն էր, որ ամեն անգամ, երբ Դարչինյանը ձեռքը բերում էր առաջ կամ հարված էր հասցնում, ես միշտ պատասխանում էի դրանց: Եվ դա նրան դուր չէր գալիս: Ես մենամարտել եմ տղաների հետ, որոնք Դարչինյանից անհամեմատ ծանր են եղել: Այդ պատճառով էլ ինձ մնում էր ընտրել հարվածներ հասցնելու իմ ժամանակը: Վախթանգը ծանր ձեռք ունի: Սակայն եղբայրս ինձ ասում էր, թե նա այնքան էլ սարսափելի չէ, որքան ինքն իր մասին մտածում է: Ես փակեցի նրա բերանը: Սակայն նա, միեւնույն է, չի ցանկանում խոստովանել, որ ես ծեծեցի նրան»:

Վախթանգ Դարչինյանն իր հերթին հայտարարել է. «Անչափ հիասթափված եմ: Ես չափից ավելի շատ էի նոկաուտի ձգտում ու նա ինձ որսաց շատ լավ հարվածով: Բայց պատրաստվում եմ վերադառնալ ու միանշանակ ռեւանշ մրցամարտ եմ պահանջում: Ես այս պարտության դիմաց ֆիլիպինցուց վրեժխնդիր կլինեմ նույնպես նոկաուտով»:

Դարչինյանի մենեջեր Մեթ Ուոթը, որը, դատելով արտասահմանյան լրատվամիջոցներից, մարտի օրը եղել է Ավստրալիայում, լրագրողներին տեղեկացրել է, թե հիմա պատրաստվում է իր հովանավորյալի հետ քննարկել ստեղծված իրավիճակը եւ միայն դրանից հետո որոշել հետագա անելիքները: «Նախ հարկավոր է պարզել, թե Վախթանգն ի՞նչ է ցանկանում,- ասել է Ուոթը:- Նա կարող է տեղափոխվել առաջին թեթեւագույն քաշային կարգ կամ մնալ թեթեւագույնում: Այս ամենը պետք է մանրակրկիտ քննարկել, երբ Վիկը կվերադառնա Ավստրալիա: Ես կարծում եմ, որ այս խնդիրները հիմա ավելի կարեւոր են, քան այն՝ կլինի՞ ռեւանշ մրցամարտ, թե՞ ոչ: Ճիշտ է, հեռախոսով խոսել եմ Վախթանգի պրոումոթեր Գերի Շոուի հետ, սակայն մինչեւ Վախթանգի հետ էլ չբանակցեմ, մեր ապագա ծրագրերի մասին հարցին պատասխանել չեմ կարող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել