Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ

Հուլիս 11,2007 00:00

\"\"Մեկ շաբաթից էլ կկայանան Մատենադարանի տնօրենի ընտրությունները \"\"

Երեկ Մատենադարանում ընտրություններ էին: 27 «կողմ», 5 «դեմ», 1 «անվավեր» արդյունքով՝ Մատենադարանի խորհրդի նախագահ ընտրվեց միակ թեկնածու, նախկին տնօրեն Սեն Արեւշատյանը: ԿԳ նախարարը դեռ նրա հրաժեշտի օրը՝ մայիսի 25-ին հայտարարել էր. «Ես, որպես նախարար, կցանկանայի այդ բարձր եւ հեղինակավոր պաշտոնում տեսնել մեր լավագույն հայագետին՝ Սեն Սուրենիչին» («Առավոտ», 26.05.2007, «Տնօրենի հրաժեշտը զուգադիպեց Վերջին զանգին»):

Մինչ քվեաթերթիկների բաժանելը՝ գիտնականներին շուրջ 15 րոպե բացատրեցին, հետո էլ մոնիտորի վրա մանրամասն ցույց տվեցին, թե ինչպես պետք է համապատասխան քառակուսու մեջ անգլերեն «V» դնել: Հնչեցին ամենաանսպասելի տեքստերով գովեստներ Ս. Արեւշատյանի հասցեին, իսկ ամենապերճախոսը ավագ գիտաշխատող Վարդան Դեւրիկյանն էր: Նա Ս. Արեւշատյանին համեմատեց ականավոր գիտնական Հովսեփ Օրբելու հետ, ինչը փռթկոց առաջացրեց ոմանց մոտ: «Երեւի ինքն էլ Նիկողայոս Մառն է»,- տեղից հնչեց մի ռեպլիկ: Գլխավոր ֆոնդապահ Գեւորգ Տեր-Վարդանյանն էլ կարծիք հայտնեց, թե «Արեւշատյանի ընտրվելով՝ ժառանգորդության հարց ենք լուծում» (՞):

Գովեստախառն ելույթներով միմյանց հետ մրցող գիտնականները մատենադարանյան աղմուկների համար սկսեցին մեղադրել ԶԼՄ-ներին, որոնք իբր ապակայունացնում են այդ գիտական հիմնարկի մթնոլորտը: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն էլ հավելեց. «Մամուլի վերջին ամիսների հրապարակումները Մատենադարանի ընտրությունների մասով ստեղծել էին մի մթնոլորտ, ինչին այս գիտական կազմակերպությունը բոլորովին արժանի չէ»: «Երբ ընտրվեմ, կաշխատեմ կայունացնել մթնոլորտը, կասեցնել հուզումները»,- խոստացավ Մատենադարանի խորհրդի նորընտիր նախագահ Սեն Արեւշատյանը ներկաներին: Նաեւ հայտարարեց, որ հաջորդ երեքշաբթի՝ հուլիսի 17-ին կկայանան նաեւ Մատենադարանի տնօրենի ընտրությունները: Այդ պաշտոնի հավակնորդներն են գիտության 2 դոկտոր՝ Էռնա-Մանյա Շիրինյանը եւ Հրաչյա Թամրազյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել