Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդ մարմինը բողոքներ չի ստացել

Հուլիս 11,2007 00:00

Ըստ կառույցի անդամ Բորիս Նավասարդյանի, դա չի նշանակում, որ բոլորը գոհ են լրատվամիջոցներից:

Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախաձեռնությամբ՝ մի շարք լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների ղեկավարների այս տարվա մարտի 10-ի հավաքում ընդունվել էր լրագրողական Վարքականոն եւ ընտրվել 7 անդամից բաղկացած Դիտորդ մարմին: Վերջինիս առաքելությունը Վարքականոնի խախտումներին առնչվող դիմում-բողոքների քննարկումն ու համապատասխան եզրակացությունների կայացումն էր լինելու: Նախաձեռնությանը միացել էին 21 լրատվամիջոց, 8 լրագրողական կազմակերպություն եւ անհատ լրագրողներ (այդ թվում՝ «Ա1+», «Առավոտ», «Ազգ» օրաթերթեր, «Արմինֆո» լրատվական գործակալություն, «Ռադիոհայը», «Լրագիր» էլեկտրոնային թերթը եւ այլք):

Երեկ էլ «Կոնգրես» հյուրանոցում Երեւանի մամուլի ակումբը ներկայացրեց իր՝ «Հայաստանի ԶԼՄ-ներում ՀՀ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման դիտարկում» բրոշյուրը: ԵՄԱ նախագահ, Դիտորդ մարմնի անդամ Բորիս Նավասարդյանը փաստեց, որ ընտրությունների ժամանակ օրենսդրությամբ սահմանված նախընտրական քարոզչության շրջանում ԶԼՄ-ները հիմնականում բազմակարծություն են ապահովել: Իսկ Դիտորդ խմբի անդամների համոզմամբ, TV-ները քաղաքական ուժերին հավասարաչափ են լուսաբանել միայն նախընտրական քարոզչության առաջին կեսին, իսկ ընտրությանը մոտ օրերին աճել են այս կամ այն քաղաքական ուժի ու գործչի հասցեին արված որակումները: Դիտարկող խումբը փաստեց, որ նախընտրական օրերին TV-ների վրա ազդելու հայտնի լծակներ ունեցող ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ կուսակցությունների մասին հիշատակումները խիստ դրական էին եւ այս 3 կուսակցությունների ներկայությունը եթերում, հատկապես նախընտրական քարոզարշավի վերջին օրը՝ դոմինանտ էր:

«Առավոտի» հարցին՝ Դիտորդ մարմինը Վարքականոնի խախտման վերաբերյալ ստացե՞լ է կոնկրետ բողոքներ, ԵՄԱ նախագահը պատասխանեց. «Մենք որոշել էինք, որ եթե ընտրությունների ժամանակ լինեն բողոքներ քաղաքացիներից կամ կուսակցություններից, կանդրադառնանք դրանց, եթե վերաբերեն մեր նախաձեռնությանը միացած լրատվամիջոցներին: Չնայած անմիջական բողոքներ չեն եղել, դա չի նշանակում, որ ամեն ինչից գոհ ենք ու համարում ենք, որ նախաձեռնության մեջ ընդգրկված 21 լրատվամիջոցների առումով ամեն ինչ լավ է»: Նա նաեւ հայտնեց, որ ընտրություններից հետո ուսումնասիրել են կուսակցությունների գնահատականներն ու առաջարկները լուսաբանման վերաբերյալ. «Այդ ամենը հաշվի առնելով, Դիտորդ մարմնի մոտակա նիստում կգանք վերջնական եզրահանգման՝ այն մասին, թե ինչպես են ԶԼՄ-ները լուսաբանել ընտրությունները: Նախնական տվյալների համաձայն, նախաձեռնությանը միանալն իր ազդեցությունն է թողել վերջիններիս գործունեության վրա»: Մեր հաջորդ հարցին էլ, թե բողոքների բացակայությունը արդյո՞ք չի վկայում կառույցի՝ Դիտորդ մարմնի, ձեւական բնույթ ունենալու մասին, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Կառույցը նոր է, ուստի նրա արդյունավետության մասին խոսելը վաղ է: Հնարավոր է կասկածներ լինեն, որ այն ձեւական է, որ նրանից չի կարելի ակնկալել օբյեկտիվ գնահատական կամ պրակտիկ ազդեցություն: Իսկ թե որքանո՞վ են այդ պատկերացումները հիմնավորված, կերեւա առաջիկայում ընտրությունների լուսաբանման ամփոփման մեր արդյունքներից եւ լրատվամիջոցներին տրված գնահատականների արձագանքներից»: Բ. Նավասարդյանը չբացառեց, որ արդյունքների ամփոփումից հետո որոշ ԶԼՄ-ներ դժգոհ կմնան Դիտորդ մարմնի եզրակացություններից եւ նույնիսկ կհրաժարվեն նախաձեռնությունը պաշտպանել. «Իսկ եթե այդպես լինի, ուրեմն կարելի է ասել, որ Հայաստանում հերթական անգամ ինքնակարգավորման մեխանիզմների ձեւավորման փորձը տապալվեց»:

Հ. Գ. Հուլիսի 4-ին Դիտորդ մարմնի հերթական նիստում հրապարակվել է կուսակցությունների շրջանում անցկացված հարցումների հիման վրա կազմված եզրակացություն, ըստ որի՝ «Առավոտն» ու «Ազատություն» ռ/կ-ն են ամենաօբյեկտիվը լուսաբանել ընտրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել