Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԸ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ Է ԱԶԱՏԵԼ ԴԱՀԼԻՃԸ

Հուլիս 11,2007 00:00

\"\"Հանրահավաք դատական նիստերի դահլիճում \"\"

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Մնաց Մարտիրոսյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու եւ ապօրինի զենք պահելու համար: Դատական նիստի մասնակիցներին միացել էին հիվանդությունից դեռ չապաքինված ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, հայտնի դերասան Երվանդ Մանարյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Տիգրան Կյուրեղյանը, արցախյան պատերազմի մասնակիցներ: Քանի որ երեկ Ժ. Սեֆիլյանի ծննդյան օրն էր, ակադեմիկոս Ռ. Ղազարյանը վարդերով էր եկել դատարան, ինչը պահպանությունն իրականացնող ոստիկանները չթույլատրեցին հանձնել Սեֆիլյանին: Ամբաստանյալները երբ մտան նիստերի դահլիճ՝ ժողովուրդը միաձայն վանկարկեց. «Ազատություն», «Ծնունդդ շնորհավոր, Ժիրայր»: Սա պատճառ դարձավ, որպեսզի դատավորը հեռանա դահլիճից: Հեռանալիս 10 րոպե ժամանակ տվեց ոստիկաններին՝ «մաքրելու դահլիճը»: Ժողովուրդը, բնականաբար, չհեռացավ: Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն ասաց. «Հայի դիմադրող տեսակը ոչնչացվում է, ինչը մեր ազգի բարոյական ոչնչացումն է: Դիմադրող կայծը մնում էր Ժիրայրի, Վարդանի, Ռոյալի տղաների մեջ (նկատի ունի «Ռոյալ Արմենիա» սուրճ ներկրող ՍՊԸ-ի ազատազրկված տնօրենին ու նրա տեղակալին- Ռ.Մ.): Իշխանությունները նրանց տեսակը չեն հանդուրժում: Նրանց համար գոյություն ունի օլիգարխի առաջ քծնող տեսակը»: Ակադեմիկոսն ասաց, որ ինքը տեղյակ է Սեֆիլյանի կոչերից եւ պատրաստ է դրանց համար բանտ նստել, ինչպես արեց ղարաբաղյան շարժման տղաների հետ կապված: Նրա կարծիքով, այդ ժամանակ գուցե «մեր բազեացված ուսանողները ոտքի կկանգնեն»:

Մտավորական Երվանդ Մանարյանը մեր ազգային խայտառակությունը համարեց, որ ազգային հերոսին դատում են: Իսկ հասարակական գործիչ Գրեզելդա Ղազարյանը (Ռաֆայել Ղազարյանի կինը) ասում էր. «Այս երկրի ղեկավարները լեգիտիմ չեն: Մենք հո ձեր ճորտերը չենք, որ դատական նիստն ուզում եք դռնփակ անցկացնել»: Յուրաքանչյուր ելույթից հետո դահլիճը համերաշխ ծափահարում էր: Ոստիկաններից մեկը, ի վերջո, մտավ դահլիճ ու ասաց. «Դատավորի հետ խոսել եմ: Եթե ձեզ լավ պահեք՝ նիստը կսկսվի»:

Դատավոր Մնաց Մարտիրոսյանը եկավ: Դահլիճը լուռ էր: Նա ասաց, որ նիստը հետաձգվում է, քանի որ դահլիճը իրեն պատշաճ չի պահում: Նա հեռացավ՝ «ամոթ, ամոթ դատարանին» բացականչությունների ներքո:

Նիստից նետո դիմեցինք Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Կյուրեղյանին. «Ինձ առաջին հերթին զարմացնում է Ժիրայրին Հայաստանի Հանրապետության քաղաքացի չշնորհելը: Ամեն ինչ սկսվում է նրանից, որ քաղաքացիություն շնորհելը նախագահի իրավունքն է դարձել, այլ ոչ թե հայերի իրավունքը: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ազգությամբ հայերի հայրենիքն է: Ժիրայրի դեպքում նրան քաղաքացիություն չշնորհելն ուղղակի անհեթեթություն է: Ցանկացած հայ, եթե իրավունք ունենար քաղաքացիություն ունենալու, լեգիտիմ ձեւով կմասնակցեր Հայաստանի քաղաքական կյանքին, կուսակցություններ ստեղծելուն, ինտեգրվելուն: Գիտեմ, որ Ժիրայրը դիմել է նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահին՝ քաղաքացիություն ստանալու դիմումով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել