Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդ անասունների կաթը մթերո՞ւմ են

Հուլիս 11,2007 00:00

Սյունիքի մարզի բնակիչները հավաստիացնում են, որ իրենց հաջողվում է վաճառել անգամ հիվանդ անասունի կաթը:

2-3 ամիս է՝ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների դաբաղ հիվանդության ուժեղ բռնկում կա: Սյունիքի մարզի մի շարք գյուղերում մինչ օրս էլ անասունները մեկը մյուսի հետեւից վարակվում են դաբաղով: Մասնավորապես Սիսիանի շրջանի գյուղերում այս օրերին էլ դաբաղով վարակված հազարավոր անասուններ կան: Այս խնդրին «Առավոտն» արդեն անդրադարձել է (31.05.07):

Չնայած գյուղնախարարության սննդամթերքի եւ անասնաբուժական պետական տեսչության մասնագետները, որոնք պատասխանատու են կենդանիների առողջության համար, հավաստիացնում են, որ դաբաղով հիվանդ անասունի կաթը եւ միսը մարդու առողջության համար վտանգավոր չեն, սակայն որոշ անասնաբույժներ ճիշտ հակառակն էին պնդում: Անասնաբույժ Հովիկ Չիթիրյանի խոսքերով. «Դաբաղով հիվանդ անասունից մարդուն կարող են փոխանցվել տարբեր մաշկային հիվանդություններ: Անգամ եղել են մարդկանց՝ դաբաղով վարակման դեպքեր: Սակայն առաջին հերթին վտանգված են կթվորներն ու այն մարդիկ, որոնք անմիջականորեն շփվում են հում կաթի հետ»: Չնայած սրան, «Աշտարակ կաթը», որը կաթ է մթերում հանրապետության 5 մարզերում, այդ թվում նաեւ Սյունիքի մարզում, գյուղացիների տեղեկացմամբ, դաբաղի բռնկման համաճարակի օրերին էլ շարունակում է գյուղացիներից կաթ ընդունել: Օրերս «Առավոտի» հետ զրույցում այս մասին հավաստեցին նաեւ Սառնակունքի բնակիչները: Այս գյուղում էլ անասունների հիվանդության մեծաթիվ դեպքեր են գրանցվել:

Այս առնչությամբ «Աշտարակ կաթ» ընկերության մթերման գծով փոխտնօրեն Ռաֆիկ Մուրադյանն «Առավոտին» պարզաբանեց. «Ճիշտ է, Սյունիքի մարզի շատ գյուղերից ենք կաթ մթերում, սակայն յուրաքանչյուր ֆերմերային տնտեսության կաթն ամեն օր առանձին լաբորատոր փորձաքննության է ենթարկվում: Վարակակիր որեւէ անասունի կաթը մեր ընկերության կողմից չի մշակվում: Դեռ ավելին, երբ կաթն ինչ-ինչ պատճառով չի համապատասխանում մեր պահանջներին, մենք այն հետ ենք ուղարկում տիրոջը»: Ինչ վերաբերում է Սառնակունք գյուղում կաթի մթերմանը, ապա Ռ. Մուրադյանը տեղեկացրեց. «Մենք արդեն գիտենք, թե որ ֆերմերային տնտեսությունների կովերն են դաբաղով վարակված, եւ նրանց հետ մեր պայմանագիրը չեղյալ ենք համարել: Սառնակունքում կա մոտ 80 տնտեսություն, սակայն մենք կաթ ենք ընդունում միայն 40 տնտեսությունից»: «Աշտարակ կաթ» ընկերության որակի բաժնի տնօրեն Տիգրան Շալջյանի հավաստմամբ էլ. «Դաբաղով հիվանդ անասունի կաթը, առավել եւս միսը մարդու առողջության համար վտանգավոր են: Ճիշտ է, կաթը ջերմային մշակման ենթարկելուց հետո վարակի փոխանցման հնարավորությունը գրեթե բացառվում է, բայց ամեն դեպքում դաբաղով հիվանդ անասունի կաթի օգտագործումը պետք է բացառել»: Տ. Շալջյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ դաբաղով հիվանդ անասունը կարող է վարակել նաեւ առողջ անասուններին: Նրա խոսքերով. «Վարակի տարածումից խուսափելու համար ֆերմերային տնտեսությունները պետք է մեկուսացնեն իրենց անասուններին եւ չարածեցնեն միեւնույն արոտավայրում»:

«Աշտարակ կաթ» ընկերությունն էլ իր հերթին դժգոհ է գյուղացիներից: Ռ. Մուրադյանի ներկայացմամբ. «Ինչ խարդախություն ասեք՝ անում են, կաթի սերն են քաշում, կաթի հետ ջուր են խառնում: Լաբորատոր փորձաքննությունից հետո կաթը չենք ընդունում, որովհետեւ նվազագույն 3.6% յուղայնությունը չեն ապահովում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել