Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՏՏԱՆՔՆԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ

Հուլիս 11,2007 00:00

«Եթե քաղաքացու մահը վրա է հասնում պետական հիմնարկում, ապա պետությունը պետք է ապացուցի, որ ինքը մեղավոր չէ, հակառակ պարագայում մեղքն ամբողջությամբ ընկնում է պետության վրա»,- «Panorama.am»-ի մատուցմամբ, նման հայտարարությամբ օրերս հանդես է եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, ինքը Լեւոն Գուլյանի մահվան հետ կապված գործին ծանոթ է միայն հայկական մամուլից, սակայն նման գործեր ՄԻԵԴ-ում շատ կան: Նման մի գործ Եվրադատարանում քննվել է Ռուսաստանի հետ կապված, երբ ոստիկանության բաժանմունքում սպանության մեջ մեղադրվող քաղաքացին պատուհանից փորձել է փախչել, սակայն ընկել եւ հաշմանդամ է դարձել: Հետագայում պարզվել է, որ այն աղջիկը, որի սպանության մեջ ինքը մեղադրվում էր, հայտնաբերվել է ողջ եւ առողջ եւ ՄԻԵԴ վճռով այդ հաշմանդամին ՌԴ իշխանությունները վճարել են 75 հազար եվրո:

Ա. Գյուլումյանն անդրադարձել է նաեւ Միշա Հարությունյանի հայցին, որը Եվրոպական դատարանը բավարարել էր: Դատավորը հիշեցրեց, որ Մ. Հարությունյանը մեղադրվել էր զինծառայության մեջ գտնվելու ընթացքում սպանություն կատարելու մեջ եւ նրանից կտտանքների միջոցով ինքնախոստովանական ցուցմունքներ էին կորզվել: «Ես անհարմար վիճակում էի, երբ պարզվեց, որ ցուցմունք կորզելու համար եղունգներ են քաշել»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչ այդ գործը ՄԻԵԴ հասնելը՝ խոշտանգումների հեղինակներն արդեն դատապարտվել էին Հայաստանում:

Ա. Գյուլումյանը ցավով նշել է, որ երբեմն նման կերպ կորզված ցուցմունքները մնում են գործի մեջ, ինչը դատավորի մոտ կասկած է առաջացնում, որ «եթե արած չլիներ՝ չէր խոստովանի»: Հայ դատավորը շեշտել է, որ հե՛նց Մ. Հարությունյանի գործով, անգամ ԵԴ վճռից հետո, առաջին ատյանի դատարանի որոշման մեջ մնացել են կտտանքների միջոցով կորզված ցուցմունքները, անգամ եղել է այսպիսի արտահայտություն՝ «ճիշտ է, նման բան տեղի է ունեցել, բայց դա տեղի է ունեցել արդարությունը բացահայտելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել