Լրահոս
Օրվա լրահոսը

140 հազարանոց թուրքական բանակ՝ Իրաքի սահմանին

Հուլիս 11,2007 00:00

Շուրջ 140 հազար թուրք զինծառայող ներկայումս գտնվում է Իրաքի սահմանի մոտ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, նախօրեին այդ մասին հաղորդել է Իրաքի ԱԳ նախարար Հոշիար Զեբարին, հավելելով. «Մենք դեմ ենք ռազմական միջամտության եւ Իրաքի ինքնիշխանության խախտման փորձերին»:

Թուրքական բանակն առայժմ չի մեկնաբանել զորքերը Իրաքի սահմանի մոտ կուտակելու մասին հիշյալ հաղորդագրությունները: AP լրատվական գործակալությունը նշում է, որ Իրաքի տարածքում ամերիկյան զորքերի թվաքանակը կազմում է 155 հազար: Իսկ դա նշանակում է, որ եթե թուրքերը մտնեն Իրաք, նրանց զորքը քանակով գրեթե չի զիջի ամերիկյանին:

Ըստ այլ աղբյուրների, Անկարայում բարձրաստիճան թուրք զինվորականները կառավարությանը կոչ են արել թույլ տալ ներխուժել Իրաքի հյուսիսային տարածք եւ այնտեղ մարտական գործողություններ ծավալել Քրդական աշխատավորական կուսակցության զինված ջոկատների դեմ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Անկարայում քանիցս ակնարկել են, որ եթե ամերիկացիները չկարողանան ոչնչացնել քրդական ջոկատները, այդ խնդիրը կիրականացնի Թուրքիայի բանակը:

Իր հերթին, «Նոյյան տապանը», հղում անելով թուրքական «Զաման» օրաթերթին, մեջբերել է Թուրքիայի արտգործնախարար եւ փոխվարչապետ Աբդուլլահ Գյուլի խոսքերն այն մասին, որ «Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններ սկսելու հարցում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ գոյություն չունի ընդհանուր տեսակետ»: Ըստ այդմ, Գյուլը հայտարարել է, թե ոչ ոք չի կարող արգելք հանդիսանալ իրենց կայացրած որոշմանը: Թե ինչ որոշման մասին է խոսքը, Գյուլն առավել մանրամասնել է թուրքական ATV հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ: Իր հեռուստաելույթում Աբդուլլահ Գյուլը, մասնավորապես, անդրադարձել է Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ իր ունեցած հեռախոսազրույցին: Նույն ելույթում Գյուլը վերահաստատել է անդրսահմանային գործողություններ սկսելու՝ թուրքական կառավարության վճռականությունը եւ հայտարարել, թե այդ հարցում իրենք պարտավոր չեն որեւէ մեկից թույլտվություն վերցնել: «Ոչ մեկի ուժը չի բավականացնի մեր ընդունած որոշմանը խոչընդոտելու համար»,- ATV-ի եթերում ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նշենք, որ ամերիկյան «Washington Post» թերթը, անդրադառնալով նախորդ ուրբաթ Աբդուլլահ Գյուլի եւ Քոնդոլիզա Ռայսի միջեւ Հյուսիսային Իրաքում հնարավոր ռազմական գործողություններ սկսելու կապակցությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցին, գրել էր. «Քոնդոլիզա Ռայսը Թուրքիայի արտգործնախարարից պահանջել է չներխուժել Հյուսիսային Իրաք: Սակայն ԱՄՆ պետքարտուղարին չի հաջողվել այդ հարցում որեւէ երաշխիք ստանալ Աբդուլլահ Գյուլից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել