Լրահոս
Օրվա լրահոսը

Իսագուլյանի հարցումները Սերժի մասով բան չեն ասել

Հուլիս 11,2007 00:00

Փոխարենը ՀՀ նախագահի խորհրդականի անցկացրած հարցումներով՝ Քոչարյանն իր վարկանիշով թիվ մեկն է:

Ռոբերտ Քոչարյանի անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը երեկ «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած իր ասուլիսի մի զգալի ժամանակը տրամադրել է՝ ապացուցելու համար, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն եւ առավել եւս նրա առաջադրումը 2008թ. նախագահական ընտրություններում չլինելու բան է, որովհետեւ, նրա ասելով, ՀՀ նախկին նախագահը հաջողության հասնելու շանս չունի: «Դրա համար շատ հստակ պատճառներ կան»,- ըստ «lragir.am»-ի, հայտարարել է պարոն Իսագուլյանն ու թվարկել՝ «չեմ ուզում ուրանալ, որ 1994 թ.-ին հաղթանակ ենք ունեցել, եւ դրա մեջ, որպես ՀՀ նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանի լուման է եղել: Բայց, երբ համեմատում ենք, թե վերջում՝ երբ որ այդ ամեն ինչն արդեն ունեինք, ի՞նչ քաղաքական գիծ էր որդեգրվում եւ դա ո՞ւր կարող էր մեզ հասցնել… Կարծում եմ, հասարակությունն այդպիսի բաները չի մոռանա երբեք»: Իսկ ահա վերջին 10 տարում ԼՂ հարցում, Ռ. Քոչարյանի խորհրդականի ասելով, ոչ մի ետընթաց չի արձանագրվել: Ըստ այդմ էլ, նա եզրակացրել է՝ «ժողովուրդը չի ցանկանում նախկինին վերադառնալ», իսկ եթե Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, վերադառնա, դա, ըստ Իսագուլյանի, կնշանակի գործող քաղաքական ընդդիմության կապիտուլյացիա:

Այսուհանդերձ, Գ. Իսագուլյանը նաեւ որոշակի վերլուծություն է արել այն հարցի շուրջ, թե ինչու է նախագահական ընտրությունից ընտրություն շրջանառվում Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձի թեման: Ըստ նրա, ընդդիմադիր դաշտում քաղաքական գործիչները այդպես էլ չեն կարողանում եւ իրենց գործընկերներին հնարավորություն չեն տալիս ինքնադրսեւորվելու, դրա համար էլ նրանց հայացքները միշտ ուղղված են դեպի ետ: «Սա, իհարկե, ցավալի է, եւ, կարծում եմ, հենց սա է նաեւ պատճառը, որ ընդդիմությունը մինչեւ օրս կողմնորոշվել չի կարողանում: Ամեն մեկը համարում է, որ ինքն է, բայց երբ հարց է գնում միասնական թեկնածուի մասին, ամեն մեկը համարում է, որ դիմացինը չէ, որ պետք է լինի այդ թեկնածուն: Դրա համար էլ ՀՀՇ-ն առիթից օգտվելով՝ ամեն անգամ ասպարեզ է նետում Լեւոն Տեր-Պետրոսյանի անձը՝ որպես միասնական հնարավոր թեկնածու: Ես դա համարում եմ շատ քիչ հավանական՝ շատ լավ ճանաչելով մեր էլիտայի ներկայացուցիչներին»:

Փոխարենը Գ. Իսագուլյանը համարում է, որ ՀՀ քաղաքական գործիչների շրջանում ամենամեծ վարկանիշն ունի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ավելին, եթե հավատանք պարոն Իսագուլյանին՝ Քոչարյանի վարկանիշը չի նվազում անգամ այն դեպքում, երբ նրա պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին: Քոչարյանի խորհրդականի ղեկավարած եւ ՀՀ նախագահին կից գործող հետազոտությունների ինստիտուտի անցկացրած սոցհարցումների համաձայն, Հայաստանի բնակիչների 25 տոկոսը ցանկանում է Քոչարյանին երրորդ անգամ տեսնել ՀՀ նախագահի պաշտոնում: Թե որքան է ՀՀ նախագահի պաշտոնի հավակնորդ Սերժ Սարգսյանի վարկանիշը՝ պարոն Իսագուլյանը չի մանրամասնել՝ կրկնելով, որ ամենաբարձր վարկանիշը Ռոբերտ Քոչարյանինն է: Ի վերջո, լրագրողները Գ. Իսագուլյանից հաջողացրել են կորզել նրա այն դիտարկումը, թե Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը նույն թիմից են, իսկ ահա նրանց «որակների» համեմատության առումով, ըստ բանախոսի՝ «ժամանակից առաջ ընկնել պետք չէ. կյանքը ցույց կտա»: Իր անձնական կարծիքը հայտնելով՝ Ռ. Քոչարյանի խորհրդական Գ. Իսագուլյանն ասել է, թե ինքը շատ կուզենար, որ այն գործը, որը անցած տարիներին իրականացրել է Քոչարյանը, շարունակվեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել