Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ-ՈՒՄ ԿԵՆԱՑՆԵՐՆ ԷԼԻ ՔԱՂՑՐԱՆՈ՞ՒՄ ԵՆ

Հուլիս 11,2007 00:00

\"\"Հուլիսի 7-ին ՍԻՄ գրասենյակ այցելած կուսակցականները, ըստ նրանց ընդդիմախոսների, օղի էին խմում՝ համեմելով թթու վարունգով:

Հունիսի 16-ին Չարենցավանում գումարվել էր Հայկ Բաբուխանյանի կողմնակիցների նախաձեռնած ՍԻՄ ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստը, որի որոշումներից մեկը հետեւյալն էր. «Ներկայացուցիչների խորհրդի հաջորդ նիստը նշանակել հուլիսի 7-ին եւ անցկացնել ՍԻՄ «Ազդակ» ակումբի դահլիճում»: Եվ ահա անցած շաբաթ օրը իրականացվել է այդ որոշումը, եւ Հայկ Բաբուխանյանն ու իր երկու տասնյակ համախոհները ՍԻՄ կենտրոնական գրասենյակում անցկացրել են շուրջ 11 ժամ՝ կեսօրից մինչեւ կեսգիշեր: Հուլիսի 10-ի «Իրավունքի» համաձայն՝ ժամանել էին «թաշախուստով», եւ «Ազդակ» ակումբում ժողովին «հաջորդեց արաղախմության լուրջ գործընթացը՝ թթու վարունգի, հացուպանրի, հանքային ջրերի լայն տեսականու օգտագործմամբ»: Ըստ հրապարակման՝ դրանից հետո հնչել են սպառնալիքներ, հայհոյանքներ, բացի այդ, քաշքշել ու փորձել են ծեծել խմբագրության ամենատարեց մարդուն՝ 70-ամյա մի ծերունու: Այս ամենին կեսգիշերին վերջ է տրվել Կենտրոնի ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ, եւ Հայկ Բաբուխանյանի կողմնակիցները հեռացել են:

Երեկ Հայկ Բաբուխանյանից փորձեցինք պարզել, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է նկարագրված պատկերը, եւ նա պատասխանեց, թե այդ ամենը «զրպարտություն է, ծայրից ծայր՝ սուտ», իսկ ճշմարտությունն այդ օրվա մասին շարադրված է «Իսկական իրավունք»-ում: Նշենք, որ ըստ այդ թերթի էլ՝ Հրանտ Խաչատրյանն է դիմել «բացահայտ խուլիգանության», «արհամարhական վերաբերմունք» դրսեւորել ՍԻՄ վերադաս մարմինների որոշումների եւ անդամների նկատմամբ եւ այլն:

Հայկ Բաբուխանյանն այժմ հավելեց. «Մենք ոչ թե մենյուների մասին ենք գրել, թե ով ինչ է ուտում եւ խմում, այլ այն մասին, որ ՍԻՄ-ի բարձրագույն մարմինը՝ ՍԻՄ Ներկայացուցիչների խորհուրդը նիստ է արել եւ պահանջել, որ Հրանտ Խաչատրյանը, որպես ապօրինի մարդ՝ այսպես ասած, թողնի եւ հեռանա եւ հանձնի իր մոտ եղած, պահած բոլոր փաստաթղթերը, կուսակցությունից բռնազավթված ֆինանսական միջոցները, որոնք ապօրինաբար ծախսվում են անվերահսկողության պայմաններում: Կուսակցականները պահանջեցին, որ Հրանտ Խաչատրյանը հանձնի կնիքը եւ հեռանա: Դրա դիմաց՝ Հրանտ Խաչատրյանը 3 անգամ ոստիկաններ կանչեց, հենց նրան ասում էին, թե դու պետք է հեռանաս՝ որպես կուսակցության հետ որեւէ առնչություն չունեցող անձնավորություն: Դե, ոստիկանություն կանչելը, դատախազություն եւ դատարաններ դիմելը Հրանտ Խաչատրյանի կենսակերպն ու մտածելակերպն է: Ցավոք, արդեն այլեւս երեւի ուշ է՝ իր մոտ այլ կատեգորիաներ նույնպես առաջ բերել, որ, օրինակ, սեփական կուսակցության հետ պետք է փորձել խոսել անձնական վարկանիշը բարձրացնելով եւ ոչ թե դիմելով ոստիկաններին, որպեսզի փորձես բացատրվել կուսակիցներիդ հետ»:

Զրուցեցինք նաեւ Հրանտ Խաչատրյանի հետ, որ հաստատեց «Իրավունքի» հրապարակած վերոհիշյալ բոլոր տեղեկությունները, եւ դեռ ավելին. «Խմբագրության աշխատակիցները՝ լրագրողները շատ ավելի էին հուզված եւ առավել ընդարձակ էին փորձում ներկայացնել կատարվածը: Ես խորհուրդ տվեցի կրճատել»:

Ըստ Հրանտ Խաչատրյանի պատմածի՝ Հայկ Բաբուխանյանի կողմնակիցները հուլիսի 7-ի «ամբողջ ընթացքում փորձում էին սադրել բախում, համբերությունից հանել որեւէ մեկին: Հատուկ բերել էին տեսախցիկ, ու իրենց անկարգությունները չէին նկարահանում: Տեսախցիկը պահում էին «պոտենցիալ» քրեական հանցագործի՝ հիմնականում ինձ վրա ու ամեն կերպ փորձում էին հանել համբերությունից: Ճիշտն ասած, մենք տեղեկատվություն ունեինք, որ գալու էին իրենք: Առաջարկություն եղավ դռները փակել, բայց ես էլի՝ իմ սկզբունքի համաձայն, ասացի, որ թող գան ու վերադառնան: Ուղղակի 11 ժամ իսկապես անտանելի էր: Հիմնականում վերջին ժամերն իմ առանձնասենյակում էին կատարվում դեպքերը, եւ ես գերազանցապես մենակ էի այնտեղ, քանի որ մյուսների համբերությունն արդեն չէր բավականացնում: Այն զրպարտությունները, որ մամուլում նրանք ասել էին իմ մասին՝ կրկնում էին ամենալկտի կերպով: Ու փորձում էին բախում առաջացնել, ուղղակի մեզ հաջողվեց կանխել այն»: Հայտնեց, թե իր կողմնակիցները «հատկապես՝ տղամարդիկ, իմ պահանջով գտնվել են սենյակներում, որ հանկարծ չլինի որեւէ խոսակցություն ու բախում»: Իսկ Կենտրոն համայնքի ոստիկանության կեսգիշերային միջամտության կապակցությամբ էլ պրն Խաչատրյանն ասաց. «Ոստիկանությունը ցերեկն էլ էր եկել, ընդ որում՝ իրենք պնդում էին, թե իրենք են հրավիրել ոստիկաններին (ըստ «Իրավունքի»՝ «Նախկին ՍԻՄ-ական Արթուր Սիրեկանյանը ձայնը գլուխն էր գցել, թե հիմա ոստիկանապետ Հայկ Հարությունյանին կզանգի, ու նրա կարգադրությամբ բոլորիս դուրս կվռնդեն խմբագրությունից»): Հայկ Բաբուխանյանն ամբողջ ընթացքում՝ ե՛ւ ոստիկանության մոտ, ե՛ւ ընդհանրապես ներկայանում էր որպես ՍԻՄ նախագահ, օդի մեջ թափահարելով իր վկայականը՝ Արթուր Սիրեկանյանի կողմից ստորագրված: Մի խոսքով, այդ 11 ժամը դժվար է երկու բառով նկարագրելը: Հատուկ նպատակով էին եկել՝ կա՛մ ճնշման տակ ստանալ իմ համաձայնությունը եւ բացել մի քանի աշխատասենյակ ու այնտեղ բույն դնել, կա՛մ բախում առաջացնել եւ ինձ ներքաշել քրեական գործի մեջ»:

Նշենք, որ Հայկ Բաբուխանյանն ու իր կողմնակիցները հուլիսի 7-ին ՍԻՄ կենտրոնական գրասենյակից հեռանալուց առաջ խոստացել են կրկին վերադառնալ: Թերեւս «ամառ է լինելու, թեժ է լինելու» գովազդը վերաբերում է հատկապես ՍԻՄ-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել