Թիվ 15-ում էլի ընտրություն է լինելու, որը թեժ է լինելու: Թեկնածուներից մեկը՝ Մեխակ Մխիթարյանը, կարծում է՝ ընտրվելու իր շանսերը բավականին մեծ են:
Եթե հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում ընտրողները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ իրենց ձայներն արդեն մինչեւ 2008 թվականի գարուն գնողներ չեն լինելու, ապա նույնը չի կարելի ասել թիվ 15 ընտրատարածքի բնակիչների մասին: Այստեղ նոր ընտրություններ են սպասվում, եւ արդեն վաղվանից կսկսվեն պատգամավորության թեկնածուների պաշտոնական առաջադրումները: Ըստ ամենայնի, այս մեկ պատգամավորական մանդատի համար կպայքարի 10 կամ ավելի թեկնածու:
Մեր տեղեկություններով, թիվ 15-ում կմրցակցեն Րաֆֆի Հովհաննիսյանը, («Ժառանգություն»), Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը (ԲՀԿ), ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը (որը սկզբից «ընտրվել էր», հետո հրաժարվել էր մանդատից, ինչի արդյունքում էլ առաջացավ այդ թափուր տեղը), եւս մի Խաչիկ Մանուկյան, ՀՅԴ-ի թեկնածու Գուրգեն Շահինյանը, անկուսակցական Արսեն Վարդանյանը, Էմիլ Կարապետյանը՝ Արմավիրի ԱԱԾ-ի բաժնի պետը, ով դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու, ինչպես նաեւ նախկին ՕԵԿ-ական, հետո՝ «Գործարար» պատգամավորական խմբի քարտուղար Մեխակ Մխիթարյանը: Վերջինիս հետ զրույցի ընթացքում փորձեցինք հստակեցնել՝ արդյոք որեւէ քաղաքական ուժ պատրաստվո՞ւմ է սատարել այս թեկնածուին, թե՞ առաջադրումը լինելու է քաղաքացիական նախաձեռնությամբ: Մեխակ Մխիթարյանն ասաց, որ ՕԵԿ-ից դուրս գալուց հետո ինքը որեւէ կուսակցության չի անդամակցել եւ չի էլ պատրաստվում:
Դեռեւս նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները վայր դնելուց առաջ «Առավոտը» հարցազրույց էր ունեցել պարոն Մխիթարյանի հետ, եւ նա վստահեցրել էր, որ մտադրություն չունի նորից առաջադրվել պատգամավորության թեկնածու, եւ որ իրեն ավելի հոգեհարազատ է գործադրի աշխատանքը: Ի՞նչ փոխվեց, որ հիմա պարոն Մխիթարյանը պատրաստվում է պայքարել մանդատի համար, այն էլ՝ թեկնածուներով այդքան «խիտ բնակեցված» ընտրատարածքում: Մեխակ Մխիթարյանը դրան պատասխանեց. «Այո, ես չէի ուզում առաջադրվել, բայց երբ այսպիսի վիճակ առաջացավ, եղա մեր մարզի հենց այդ ընտրատարածքը ընդգրկող հատվածում, իսկ դա իր մեջ ներառում է մոտավորապես 23 համայնք, 8-ը՝ Արմավիրի եւ 15-ը՝ Բաղրամյանի տարածքներից՝ այս համայնքներում շուրջ 23 հազար ընտրողի ձայն կա: Այստեղ ընտրողները ինձ հարցնում էին, թե ինչու չեմ առաջադրվել, քանի որ սա ընդգրկում է իմ նախկին ընտրատարածքը 2003-ի ընտրություններում: Ես որեւէ հիմնավոր պատճառ չունեի, որ պատասխանեի, թե ինչու չեմ առաջադրվել, եւ հիմա, մարդկանց հետ խորհրդակցելով, որոշեցի, որ պետք է առաջադրվեմ: Այս ընթացքում էլ համոզվեցի, որ իմ ընտրվելու շանսերը բավականաչափ մեծ կարող են լինել, հատկապես այսքան մեծաթիվ թեկնածուների պարագայում: Նրանց մեծամասնությունը հիմնականում Թալինի տարածքից է, եւ բնական վերլուծության արդյունքում հնարավոր է ձայները փոշիանան որոշ թեկնածուների միջեւ եւ առանձին տեղերից հավաքված կոնկրետ ձայները կարող են գերակշռել: Ինքս շատ մեծ սպասելիքներ չեմ կարող ունենալ Թալինի տարածքից, բայց այնտեղից եւս կունենամ որոշակի ձայներ, իսկ ավելի մեծ ձայներ ակնկալելու եմ հատկապես Արմավիրի տարածքից»: Մեխակ Մխիթարյանը նաեւ հարկ համարեց ավելացնել. «Որպես քաղաքական գործիչ, խիստ զարմացած եմ, թե ինչպես կարող են նույն կոալիցիայի մեջ մտած, կոալիցիայի մաս կազմող բոլոր երեք ուժերը թեկնածություններ առաջադրել նույն ընտրատարածքում: Հիմա, ի՞նչ, կոալիցիան ինքն իր թեկնածուների դե՞մ է պայքարելու: Եվ հենց միայն սա բավական է, որ պայքարը լինի շատ թեժ: Տարածաշրջանը եւս բարդ է, իր մեջ ընդգրկում է չորս նախկին շրջաններ՝ Աշտարակը, Թալինը, Բաղրամյանը եւ Հոկտեմբերյանը, տարբեր գյուղեր եւ հիմնականում սոցիալապես ծանր վիճակում գտնվող գյուղեր: Եվ այս պատճառով էլ ընտրազանգվածի մեջ կա ըմբոստության որոշակի չափաբաժին, եւ սա չի կարելի անտեսել»:
Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը չի պատրաստվում ընտրակաշառք բաժանել, նախ, որովհետեւ՝ «Ինքս երբեք ֆինանսական «մոնստր» չեմ եղել, դա չի եղել իմ բարձր արժանիքը, այսօր, ցավոք, փողի մենիշխանություն է, եւ դա դարձել է ամենաորոշիչ հանգամանքը: Իսկ ես պետք է շարունակեմ նույն ոգով՝ մարդկանց պետք է ասեմ, որ ես իմ փորձը, իմ գիտելիքները կարող եմ ներդնել ի նպաստ գյուղական համայնքների առկա խնդիրների լուծմանը, որոնց ճանապարհները նույնպես գիտեմ՝ օրենսդրական գործունեություն՝ կառավարության համապատասխան կառույցների միջոցով»: Հարցին՝ ընտրվելու դեպքում ինքը նորից կդառնա՞ ՕԵԿ խմբակցության անդամ, Մեխակ Մխիթարյանը պատասխանեց, որ ինքը նման բան չի անի ոչ մի դեպքում. «ՕԵԿ վերադառնալը իմ էությանը եւ իմ բնավորությանը հարիր չէ, ես դա բացառում եմ: Ինքս իմ էությամբ երբեք չեմ եղել ընդդիմադիր, միշտ եղել եմ իշխանական համակարգում՝ խորհրդային տարիներից սկսած»: Իսկ ՕԵԿ-ից այսօր հեռացողների մասին պարոն Մխիթարյանն ուներ իր անձնական տեսակետը. «Երբ հեռացողների թվաքանակը ավելանում է, ուրեմն բուն պատճառը պետք է փնտրել ավելի խորքում, մասնավորապես ՕԵԿ-ի ղեկավարության մեջ: Կուզենայի, որ ղեկավարները սառը դատողությամբ վերլուծություն կատարեին, թե ինչու են մարդիկ իրենցից հեռանում, չեն կարող բոլորը մեղավոր լինել եւ մեկը միայն լինի անմեղ եւ անսխալ»: