Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախթանգը մարտին պատրաստ չէր»

Հուլիս 10,2007 00:00

\"\"Համոզված է սիրողական բռնցքամարտում նրա անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը:

Կիրակի վաղ առավոտյան ԱՄՆ-ի Բրիջպորտ քաղաքի «Յարբոր Յարդ Արենայում» թեթեւագույն (մինչեւ 50,802 կգ) քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը 5-րդ ռաունդում նոկաուտով պարտվեց ֆիլիպինցի Նոնիտո Դոներին՝ միանգամից զրկվելով չեմպիոնական իր երկու գոտիներից: Դա 2000 թվականի նոյեմբերի 3-ին սկսված պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայում միակ պարտությունն է:

Երեկ Դարչինյանի մենամարտը վերլուծել խնդրեցինք նրա անձնական մարզիչ Վազգեն Բադալյանին:

– Պարոն Բադալյան, դուք այս տարվա մարտի 3-ին Վիկտոր Բուրգոսի հետ կայացած մենամարտում Վիկի կողքին էիք: Ձեր սանի այն ժամանակվա եւ այս անգամվա մեջ տարբերություն նկատեցի՞ք:

– Վախթանգի հետ ինչ-որ բան էր կատարվում: Ասես, ինքը չլիներ: Իմ համոզմամբ, լավ չէր նախապատրաստվել: Մենամարտից առաջ մշտական հեռախոսային կապ ունեցել ենք: Ասել էր, որ երեխա են ունենալու: ԱՄՆ՝ ուսումնամարզական հավաքների մեկնել է համեմատաբար ուշ: Մարզվել է Լոս Անջելեսում ու Բրիջպորտում, որը Նյու Յորքի մոտ է, մեկնել մենամարտից ընդամենը երեք օր առաջ: Դա բավականին հեռու տարածություն է: Սրանք պարտության գումարելիներն են: Մենամարտից հետո դեռ չեմ զանգել: Պատկերացնում եմ տրամադրությունը:

– Վախթանգը կամային բարձր որակներ ունի: Կարծում եմ, որ հայր դառնալու սպասումները նրան պետք է ավելի ոգեւորեին: Մինչդեռ, նա դահլիճ մտավ մի տեսակ շփոթված ու ռինգում էլ ինքն իրեն նման չէր:

– Ես նույնպես դա նկատեցի: Սակայն ինձ մտահոգում է մի այլ բան, որն իմ անձնական կասկածն է: Չմտածեք, թե հայկական բնավորության համաձայն՝ նրա համար արդարացումներ եմ փնտրում: Հիմա ես չեմ նրա մարզիչը ու դրա կարիքը չունեմ: Ասում եմ այն, ինչ մտածում եմ: Չեմ բացառում, որ Ամերիկայում Վիկին վատություն արած լինեն: Ասենք, սննդի մեջ ինչ-որ բան գցելով: Ճիշտ է, նման բաները սովորաբար արվում են բարձր քաշային կարգերում, սակայն Վախթանգի համբավը նույնպես կարող էր դրա համար հիմնավոր պատճառ լինել: Վիկը պարզ ու վստահող անձնավորություն է: Ամերիկայում նա իր կողքին իսկապես հոգատար ու սրտացավ մարդ չունի: Կոլումբիացի Նոնիտոն հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո: Իսկ այդ պարագայում Ամերիկայում ամեն բան հնարավոր է: Որքան գիտեմ, մարտում Դոներին ներկայացնում էր պրոումոթեր Դոն Քինգը, մի մարդ, որը պրոֆեսիոնալ բռնցքամարտում անդրկուլիսային մութ գործերի մեծ վարպետ է: Անցած տարի նույն ԱՄՆ-ում Բրյուսթերի հետ կայացած մենամարտում Կլիչկոն էլ պարտվեց: Բայց մարտից հետո ուկրաինացին բազմիցս հայտարարել է, թե ռինգում ինքն իրեն չէր զգում: Ու դա կապում էր իր սննդի մեջ ինչ-որ բան գցելու հետ:

– Իսկ հնարավոր չէ՞, որ Վիկն ավելորդ ինքնավստահության պատճառով պարտվեր: Նա բացահայտ առավելությամբ հաղթել է անհամեմատ ավելի բարձր կարգ ունեցող մարզիկներին: Իսկ Նոնիտոն առանձնապես տիտղոսներ չուներ:

– Ոչ: Վախթանգը փորձառու եւ լուրջ բռնցքամարտիկ է ու երբեք չի թերագնահատում մրցակցին, որքան էլ դիմացինն անհայտ լինի: Մենք Վիկի հետ հաճախակի ենք զրուցում: Նա անհրաժեշտության դեպքում ինձնից լրացուցիչ խորհուրդներ է հարցնում ու միշտ էլ դրանք հաշվի է առնում: Այս մարտից որոշ ժամանակ առաջ հեռախոսով խորհուրդ էի տվել, որպեսզի առնվազն չորս ռաունդ «խաղա» մրցակցի հետ, լավ պաշտպանությունով ուսումնասիրի նրա ուժեղ եւ թույլ կողմերը եւ միայն դրանից հետո անցնի վճռորոշ գործողությունների, ինչին, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում: Բայց հենց հեռուստաէկրանին տեսա դեմքը, շատ անհանգստացա: Անճանաչելի, ուրիշ մարդ էր: Հնարավոր չէ, որ Վիկն այդ աստիճան հախուռն գնա առաջ՝ առանց գրոհները նախապատրաստելու, մոռանա պաշտպանության մասին: Դիմացինն այն մարդը չէր, որ նա հոգեբանորեն ընկճվեր: Գուցե նախապատրաստական փուլում հոգեբանական ցնցո՞ւմ է ապրել: Ես Վախթանգին այնքան լավ գիտեմ, որ դեմքին, շարժուձեւին նայելով կարող եմ ասել, թե ինչպես է տվյալ մարտին պատրաստվել: Այդ օրը նա պատրաստ չէր:

– Այսինքն, ոչ թե Նոնիտո Դոները հաղթեց, այլ Վախթա՞նգը պարտվեց՝ միանգամից զրկվելով երկու գոտիներից:

– Ամենեւին էլ ոչ: Հակառակ Վիկի, նա մանրակրկիտ էր ուսումնասիրել Վախթանգին: Նոնիտոն ծագող աստղ է: Որպես մարզիչ՝ պարտավոր եմ նշել, որ կոլումբիացու թիմը նախապատրաստական շատ ճիշտ աշխատանք էր տարել: Այս հաղթանակի հիսուն տոկոսը նրա մարզիչներինն է: Իսկ ինչ վերաբերում է գոտիներին, իսկապես Վախթանգը ճիշտ չվարվեց՝ երկուսն էլ «գրավ» դնելով: Պարտությունից ոչ ոք ապահովագրված չէ, հետեւաբար, կարելի էր մեկն ու մեկը պահել:

– Վիկն արդեն հայտարարել է ռեւանշ մրցամարտ անցկացնելու մտադրության մասին:

– Դրա համար առնվազն երեք ամիս կպահանջվի: Բայց պրոֆեսիոնալ բռնցքամարտում մեծ փողեր են պտտվում: Ու թե պրոումոթերական ընկերություններն ի՞նչ կորոշեն, չեմ կարող ասել: Իմ համոզմամբ, Վիկը գոտիները վերադարձնելու համար չպետք է շտապի: Ես մարզիչ եմ: Եվ եթե ինձ կանչում են, գնում օգնում եմ: Այդ շոու-բիզնեսի, փողերի հետ ոչ մի կապ չունեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել