Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոռացել է երախտավորներին»

Հուլիս 10,2007 00:00

\"\"Ազգային օպերային թատրոնի մասին այս կարծիքին է սիրված երգչուհի Էլվիրա Ուզունյանը:

Հայրենիքում է բոստոնաբնակ օպերային երգչուհի, Հայաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանը: Հիշեցնենք, որ Է. Ուզունյանը Ազգային օպերային թատրոնում 1962-1991թթ. հանդես է եկել հայ եւ համաշխարհային օպերային գրականության շուրջ 25 դերերգերով, այդ թվում՝ Վիոլետա (Վերդիի «Տրավիատա»), Ջիլդա (Վերդիի «Ռիգոլետտո»), Շամախանյան թագուհի (Ռիմսկի-Կորսակով՝ «Ոսկե աքաղաղ»), Մարֆա (Ռիմսկի-Կորսակով՝ «Թագավորի հարսնացուն»), Մարիա (Բերնսթայն՝ «Վեստսայդյան պատմության»), Լուչիա (Դոնիցետի՝ «Լուչիա դի Լամերմուր»), Անուշ (Տիգրանյան՝ «Անուշ»), Աննա (Հարությունյան՝ «Սայաթ-Նովա»), որպես գլխավոր դերակատար նկարահանվել «Հայֆիլմ», «Երեւան», «Լենֆիլմ» կինոստուդիաների ֆիլմերում:

Է. Ուզունյանը շուրջ 15 տարի ապրում, ստեղծագործում է Բոստոնում, համարյա ամեն տարի այցելում է հայրենիք: Մինչ օրս չեն դադարում երգչուհու՝ հայրենիքից հեռանալու մասին տարաբնույթ խոսակցությունները: «Հեռանալ բառն ինձ համար չէ ասված, եւ քանի որ երբեք ունկնդրիցս գաղտնիք չեմ ունեցել, կպատմեմ հետեւյալը: 1989թ. գարնանը Ազգային օպերային թատրոնը պատրաստվում էր մեկնել ԱՄՆ հյուրախաղերի, եւ ինձ հանձնարարված էր Օլիմպիայի դերերգը Չուխաջյանի «Արշակ Երկրորդում»: Երկրորդ Օլիմպիա հանձնարարված էր երիտասարդ մի երգչուհու (տիկ. Ուզունյանը չտվեց նրա անունը- Ս. Դ.) եւ քանի որ նա երբեք հանդես չէր եկել այդ դերերգով, թատրոնի այն ժամանակվա գեղարվեստական ղեկավար Տիգրան Լեւոնյանին առաջարկեցի, որ փորձերին սկսնակ երգչուհին մասնակցի, հմտանա: Հետո ստացվեց այնպես, որ ինձ ասացին, թե սկսնակը պետք է հանդես գա հիմնական կազմում, իսկ ես լինեմ փոխարինող: Նման բան ես ինձ թույլ տալ չէի կարող, որովհետեւ ԱՄՆ-ում վաղուց ճանաչում եւ սպասում էին ինձ: Պայման դրեցի ղեկավարության առջեւ՝ եթե մեկնեմ ԱՄՆ ու այնտեղ Օլիմպիայի դերերգով հանդես չգամ, վերադառնում եմ ու հոժարակամ ազատման դիմում ներկայացնում: Մի խոսքով, երիտասարդ երգչուհին այնտեղ հանդես եկավ Օլիմպիայի դերերգով, ու ես խոսքիս տերը եղա…»,- պատմեց մեր զրուցակիցը: Հյուրախաղերից վերադառնալուն պես, Երեւանի կոնսերվատորիայի եւ «Լոնջի Սքուլ օֆի» միջեւ ուսանողների, դասախոսների փոխանակման պայմանագրով, Է. Ուզունյանը մեկնում է Բոստոն, վարպետության դասեր անցկացնում, մասնակցում հիշյալ դպրոցի ուսումնական ընթացքին, մեկընդմիշտ կապվելով տեղի երաժշտական-հասարակական կյանքին: «1999թ. ծնվեց թոռնուհիս, ու հասկացա, որ իմ կյանքում նոր շրջան է սկսվում: Որոշեցի ստացածս գիտելիքները փոխանցել երիտասարդներին՝ նրանց հաղորդակից դարձնելով ստեղծագործական կյանքիս լավագույն էջերին: Հիմնեցի «Օգնություն երիտասարդ տաղանդներին» կազմակերպությունը, որը համագործակցում է հայաստանյան «Նոր անունների» հետ: Տարիներ շարունակ Բոստոնում հրատարակվող ռուսական «Կոնտրակտ» ամսագրում վարում եմ «Հայկական համայնքի լրատու» էջը: Աշնանը կբացվի «Մենախոսություն օպերայիս հետ» կայքը, որտեղ կներկայացնեմ 1960-70թթ. Երեւանի օպերային թատրոնի ոսկե ժամանակահատվածը: «SONORA» CD արտադրող աշխարհահռչակ ֆիրման թողարկել է իմ 2 CD-ները, 3-րդն էլ ընթացքի մեջ է: Սա դեռ ամենը չէ…»,- ներկայացրեց երգչուհին: Հարցին՝ ի՞նչ կարծիքի է Երեւանի օպերային թատրոնի այսօրվա մասին, տիկին Ուզունյանը պատասխանեց. «Մեր թատրոնը մոռացել է իր երախտավորներին, կարծես նրանք չեն էլ եղել… Երբ 2004-ին Բոստոնում, հետո Գյումրիում ինձ անակնկալ մատուցվեց՝ անասելի ճոխ նշվեց հոբելյանս, հարազատ թատրոնս լռեց… Երեւանի օպերային թատրոնի 70-ամյակի առթիվ լույս տեսած բուկլետում էլ անգամ հարկ չեն համարել հիշատակել անունս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել