Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԸ՝ ՏԱՎԻԱՆԻՆԵՐԻ ՊՐԻԶՄԱՅՈՎ

Հուլիս 10,2007 00:00

\"\"ԵՄ ֆինանսական աջակցությամբ նկարահանված ֆիլմում փորձել են պահել հավասարակշռությունը

Երեկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը բացվեց իտալացի ռեժիսորներ Պաոլո եւ Վիտտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» հանրահայտ ֆիլմով, որը մեծ աղմուկ է հանել արտերկրում: Օրեր առաջ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները այն լրագրողներիս դիտելու հնարավորություն ընձեռեցին: Հիշեցնենք, որ ֆիլմը իտալացի գրականագետ եւ արձակագիր Անտոնիա Արսլանի համանուն վեպի էկրանավորումն է, նրա՝ եղեռնից փրկված գերդաստանի պատմությունը:

Այն, որ Հայոց ցեղասպանության թեման մուտք է գործել իտալական կինեմատոգրաֆ, մասնավորապես արժանացել հանրահայտ Տավիանիների ուշադրությանը, խոսուն փաստ է, որովհետեւ Թուրքիայի հետ փայլուն հարաբերություններ ունեցող Իտալիայում նման ձեռնարկները հեշտ չեն ընդունվում: Մյուս կողմից, քանի որ Եղեռնի մասին ֆիլմը նկարահանվել է Եվրամիության ֆինանսավորմամբ, բնականաբար, այնտեղ ներկա է վճարողի վերաբերմունքը՝ հայ-թուրքական պրոբլեմը «հավասարակշռելու» առումով: «Արտույտների ագարակը» ֆիլմի հերոսուհին՝ Նունիկը, մեծացել է հոգեւորականի ընտանիքում, բնականաբար՝ հայեցի դաստիարակություն ստացել, սակայն, ըստ ֆիլմի հեղինակների, նա սիրահարված է թուրք զինվոր Էգոնին, որը ներկայացված է որպես զգայուն ու բարի մարդ: Ֆիլմում նա դրական հատկանիշներով օժտված միակ թուրքը չէ, այդպիսին են նրա զինվորական ընկերը, գնդապետ Արկանը, մուրացկան Նազիմը… Ըստ ֆիլմի, ոտքից գլուխ բարություն է հայերին Դեր-Զոր քշող ոստիկաններից Յուսուֆը. նա եւս այնքան զգացմունքային է, որ կարող է հուզվել ու արտասվել հայ աղջկա ճակատագրի համար: Իսկ հայ հոգեւորականի դուստր Նունիկն էլ, պարզվում է՝ այնքան թուրքասեր է, որ սիրած մարդուն (ազգությամբ թուրք) կորցնելուց հետո սիրահարվում է նրա մեկ այլ ազգակցին՝ տեղահանվածներին անապատ քշող Յուսուֆին: Վերջինս այնքան բարի է, որ հրաժարվում է մարմինը մի կտոր հացի փոխարեն առաջարկող Նունիկի «ծառայությունից» եւ ժամանակի ընթացքում սիրահարվում հայուհուն, իսկ օրեր անց, երբ Նունիկը ինքնակամ ուզում է տրվել նրան, էլի է հրաժարվում, որովհետեւ օրինավոր մարդ է:

Համոզիչ չէ նաեւ թուրք մուրացկան Նազիմի կերպարը, որը մեկ էլ «վերաճում» է «հարց լուծողի», անգամ Թուրքիայում Իսպանիայի հյուպատոսի միջոցով փրկում է հայկական անվանի գերդաստանի ողջ մնացած ժառանգներին: Նազիմը սկզբում դավում է իր հայ տերերին, մատնում նրանց նոր հասցեն, հետո զղջալով սկսում իր եղբայրակից թուրք մուրացկաններից փող հավաքել հայ ընտանիքի փրկության համար: Մի տեսարանում էլ, որտեղ պատկերված են մորթված, ամորձատված, բռնաբարված հայեր, երբ թուրք զինվորները նկատում են թփերի հետեւում թաքնված Նազիմին ու հարցնում՝ ինչ ազգից է, նա պատասխանում է՝ հայ եմ… Այ այսպիսի հայ-թուրքական եղբայրություն Տավիանիների ֆիլմում:

Իհարկե, «Արտույտների ագարակում» քիչ չեն նաեւ թուրքական վայրագությունները պատկերող տեսարանները, որոնց պատճառով թուրքական դիվանագետներն ու մամուլը ժամանակին վայնասուն են բարձրացրել, անգամ դիմել ԵՄ, Իտալիայի ԱԳ նախարարություն՝ ֆիլմի ստեղծումը կանխելու առաջարկությամբ:

Հեռու եմ այն մտքից, թե անցյալ եւ ներկա բոլոր թուրքերը գազաններ են, ինչպես հաճախ հայտարարում են որոշ կուսակցական գործիչներ, սակայն խոնարհվելով Տավիանի եղբայրների մեծության առջեւ, ինձ թույլ եմ տալիս չհամաձայնել նրանց ֆիլմի որոշ շեշտադրումների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել