Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերբովի» թուղթ ունեցողները քննություն հանձնեցին

Հուլիս 10,2007 00:00

Հունիսի 1-ի միասնական եւ ավարտական քննության չներկայացածների համար երեկ քննություն կազմակերպվեց:

Երեկ ԵՊՃՀ քննական կենտրոնում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնեց 197 շրջանավարտ, ովքեր հունիսի 1-ին ինչ-ինչ պատճառներով չէին մասնակցել քննությանը: «Հունիսի 1-ին հիմնականում առողջական խնդիրներ ունեցողներն են բացակայել կամ նրանք, ովքեր ֆիզիկապես ի վիճակի չեն եղել ներկայանալ քննության: Այդ անձինք համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել, եւ եթե հանձնաժողովը դրանք հիմնավոր է համարել, թույլատրել է այսօր մասնակցել լրացուցիչ քննությանը: Այդ անձանց թվում են նաեւ Հայաստանի, Սփյուռքի, Ջավախքի, արտերկրի նախորդ տարիների շրջանավարտներ, զինծառայությունից վերջերս զորացրվածներ»,- «Առավոտին» տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Վանյա Բարսեղյանը: Ըստ ԳԹԿ-ի տրամադրած տվյալների՝ երեկվա քննությանը 7 հոգի մասնակցել է թիվ 112 դպրոցից, 2-ական աշակերտ՝ թիվ 20 եւ 166 դպրոցներից, մյուս դպրոցներից՝ մեկական: Երեւանից, առողջական պատճառներով, որը հիմնավորված է փաստաթղթերով, հունիսի 1-ի քննությունից բացակայել է 20-ից ավելի աշակերտ:

Երեկ, մինչ ժամը 9-ին կսկսվեր քննությունը, Ճարտարագիտական համալսարանի բակում ծնողները մեզ ներկայացրին իրենց մտահոգությունները: «Մեկ է, տեսախցիկից էլ օգուտ չկա: Նախորդ անգամ դրանք տեղադրված էին, բայց ցանկացողները կարողացան զարտուղի ճանապարհներով ինչ -ինչ գործարքներ անել»,- փաստեց Ջավախքի Սաթխայի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից Սուսաննան: Մի քանի րոպե հետո, ի պատասխան ծնողների դժգոհությանը՝ Վ. Բարսեղյանն ասաց, որ սենյակում չորս տեսախցիկ կա, իսկ դրսում մեծ մոնիտոր է տեղադրված (դա այնքան «մեծ» էր, որ ծնողներից ոչ ոք չէր նկատել): Ծնողներից Լուսիկ Մելքոնյանը դժգոհեց. «Մոնիտորն այնքան փոքր է, որ երեխայիս չեմ տեսնում: Եվ ընդհանրապես ամեն ինչ աղոտ է երեւում»:

Բժշկի թղթերի հետ կապված դժգոհություններն իրենց քանակով առաջին հորիզոնականն էին զբաղեցնում: «Լսել եմ, որ անարդար ճանապարհներով էլ են բժշկի թուղթ ներկայացրել՝ քննությունը հետաձգելու համար: Բայց ես իրականում ջրծաղիկով հիվանդ եմ եղել, եւ 6-րդ մասիվի պոլիկլինիկայից բժշկի թուղթ ունեմ»,- ասաց դիմորդ Արփինե Մանվելյանը: Ծնող Լ. Մելքոնյանն էլ նեղսրտեց. «Հունիսի 31-ին երեխաս բարձր ջերմություն ուներ: Երբ շտապօգնություն կանչեցինք, ասացին, որ «Էրեբունի» հիվանդանոցից բժշկի թուղթ կտան, բայց ապարդյուն: Երկարատեւ ջանքերից հետո միայն այն ձեռք բերեցինք Նուբարաշենի տեղամասային բժշկից, ինչն էլ թեստավորման կենտրոնում չընդունեցին, պատճառաբանելով, թե կնիքը պիտի «գերբովի» լինի: Ստիպված դիմեցինք երեխայիս ավարտած թիվ 95 դպրոց, ու տնօրենը խոստացավ, որ այդ հարցերը կպարզի: Մի՞թե ԳԹԿ-ն նախապես չէր կարող տեղեկացնել, թե ինչպիսի կնիքով թուղթ պիտի բերվի»:

Երեկվա 19 բացակաները այլեւս քննություն հանձնելու հնարավորություն չեն ունենա: Իսկ քննության արդյունքները ԵՊՃՀ-ում կփակցվեն այսօր, ժամը 12-ին: Հանրապետության 24 քննական կենտրոններում ավարտականից անբավարար ստացած աշակերտներն էլ երեկ վերաքննություն հանձնեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել