Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՈԼՖՍՈՆԸ ՄԻՋՆՈՐԴԵՑ ԴԱՏԱԿՈՉԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հուլիս 10,2007 00:00

\"\"Դատավորի մտահոգությամբ, այդպես որ գնա՝ Հռոմի պապն էլ կդատակոչվի

Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում, Սամվել Ուզունյանի նախագահությամբ, շարունակվեց նախկին մանկավարժ Սիլվա Ասատրյանի եւ Հայաստանի ազգային անվտանգությունում հավաքագրված փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ուղիղ 1 տարի 6 ամիս տեւող դատավարությունը մոտենում է վիճաբանությունների փուլին, ինչը նշանակում է, որ առաջիկայում սպասվում են մեղադրողի եւ պաշտպանների ճառերը: Ասատրյանն ու Վոլֆսոնը մեղադրվում են 2001թ. դեկտեմբերի 28-ի լույս 29-ին Ազգային ժողովի նախկին եւ ներկա պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ կազմակերպելու եւ իրականացնելու մեջ: Նախորդ նիստին դատարանում հետազոտվել էին պատգամավորի վարտիքն ու անդրավարտիքը, Վոլֆսոնի՝ Հայաստանի ԱԱԾ փոխգնդապետի հագուստը, փաստաթղթերն ու վկայականը: Վկայականն ուժի մեջ էր մինչեւ 2004թ.: Այն դեպքում, երբ ազգային անվտանգության ղեկավարները հայտարարում էին, թե Վոլֆսոնը «բեկոր» է, որ նա 1994-ից հետո այլեւս «զորացրված» էր:

Երեկ Յուրի Վոլֆսոնը միջնորդեց, որպեսզի լրացուցիչ վկաներ գան դատարան՝ հանրապետության նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, տեղակալ Գուրգեն Եղիազարյանը եւ ներկայիս վարչապետ, ազգային անվտանգության նախկին նախարար Սերժ Սարգսյանը: «Դուք, այդպես որ գնա, Հռոմի պապին էլ կկանչեք»,- նկատեց դատավոր Սամվել Ուզունյանը, որին հետաքրքրեց, թե կանչվածներն ի՞նչ պիտի ասեն կամ ապացուցեն դատարանում: «Նրանք ինձ պաշտոնական երաշխիք են տվել եւ առաջարկ արել, ես ղեկավարել եմ Ձեր ստորաբաժանումները: Ինձ հատկացվել է զենք ու ինձ նրանք վստահել են պաշտոնական գրություններ, փաստաթղթեր: Ինչո՞ւ են ինձ վստահել: Ինչո՞ւ են առաջարկներ արել, որոնք ձեր երկրի օրենքներից դուրս էին»,- իր պահանջը հիմնավորեց ԱԱԾ նախկին փոխգնդապետը: «Ինչ կապ կա Մելիք Գասպարյանի հետ: Նրա՞նք են ասել, մահափորձի համար»՝ հետեւեց դատավորի հարցը: Յուրի Վոլֆսոնն ասաց, որ իրեն երբ ազգային անվտանգության աշխատակիցները ձերբակալել էին, մասնավորապես՝ Եպիսկոպոսյանը, անհարգալից էր արտահայտվում Տեր-Պետրոսյանի, Ս. Սարգսյանի մասին, իսկ Հրաչ Հարությունյանի անձնական սպառնալիքներից հետո… կորցրել է հորը: «Ինչո՞ւ դատախազին հաղորդում չեք տալիս»,- հարցրեց նախագահող դատավորը, ապա խոստովանեց, որ իր համբերությունը գրանցված է Գինեսի գրքում եւ պատրաստ է դեռ էլի լսել Վոլֆսոնին:

Միջնորդությանը դեմ էր Գլխավոր դատախազության նամակների նորանշանակ բաժնի պետ, մեղադրող Ժաննա Կոտիկյանը: Նա դեմ արտահայտվեց նաեւ այն ժամանակ, երբ Վոլֆսոնը միջնորդեց դատարան բերել Սիլվա Ասատրյանի որդու՝ Վարուժան Գյուրջինյանի գործից՝ քննչական փորձարարության տեսաերիզը: Վարուժանի նկատմամբ նախկինում քրեական հետապնդում իրականացվեց, նա էլ 2002-ին մեղադրվեց Մելիք Գասպարյանի դեմ մահափորձի կազմակերպման մեջ: Ապա ապացույցների անբավարար լինելու պատճառով այն գործը կարճվեց: Մեղադրողի կարծիքով, Վարուժանի գործով անցնող որեւէ մեկը կապ չունի Ասատրյանի եւ Վոլֆսոնի գործի հետ: Վոլֆսոնը պնդում էր, որ կարեւոր է Գասպարյանի մեքենայի պայթյունի վայրում քննիչների մասնակցությունը: Արձանագրության մեջ գրված է, որ քննիչ Նադոյանը չի մասնակցել, իսկ տեսաերիզում լսվում է նրա ձայննԶ ու երեւում պատկերը:

Պաշտպանները միջնորդեցին, որպեսզի դատարան բերվի նաեւ տուժող Մելիք Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, երբ նա մեղադրվել է Սիրիայի քաղաքացի Ավետիս Կարագուլյանին 300 000 դոլար գումար «քցելու» մեջ: Այդ գործը հետագայում փակվել էր: «300 000 դոլարից, եթե Սիլվան 300 դրամ գոնե ստացած լինի, ապա կապացուցվի նրա մասնակցությունը մահափորձին»,- ասաց պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել