Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՐԱ ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ»

Հուլիս 10,2007 00:00

Լրագրողներս որեւէ մեկի իրավունքները պաշտպանելիս չենք ակնկալում, որ նա հուր հավիտյան պիտի շնորհակալ լինի մեզ, բայց նաեւ հույս ունենք, որ չենք արժանանա երախտամոռության:

Ցավոք, ուղղակի ահավոր երախտամոռության մի օրինակ ցույց տվեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռ/կ-ի հանդեպ՝ հայտարարելով, թե ռադիոկայանը պաշտպանում էր բանտարկված դաշնակցականներին, քանի որ ընդամենը դեմ էր Հայաստանի վարչակարգին: Ուշագրավ է նաեւ, որ նա այս մասին չէր հայտարարել այնժամ, երբ ընդդիմություն էր եւ ուներ այդ պաշտպանության կարիքը: Այն ժամանակ Հրանտ Մարգարյանը նաեւ չէր հայտարարում, թե իրեն վիրավորված է զգում, որ Հայաստանը փողի պատճառով վերահեռարձակում է այլ պետության ռադիոհաղորդումներ: Թեեւ 1994-ին «Ազատությունը» վերահեռարձակվում էր դարձյալ պետական ռադիոյով: Գուցե «ազգային արժանապատվության» մասին այն ժամանակ մոռանալու պատճառն այն է, որ այդ տարիներին «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության ղեկավարները դաշնակցականնե՞ր էին:

Ի դեպ, փարիսեցիություն է հայտարարելը, թե տարբերություն կա դրսի փողերի միջեւ: Ակնարկը պարզ է՝ մի դեպքում ֆինանսավորում է օտար պետությունը, մյուս դեպքում՝ սփյուռքահայերը: Սակայն անտեսվում է մի պարզ իրողություն, որ նրանք եւս օտար պետության քաղաքացիներ են:

Իսկ մի հարցում Հրանտ Մարգարյանն անշուշտ իրավացի է, երբ հայտարարում է, թե ՀՅԴ համար հարցը «ազատ խոսքը իրա ճիշտ տեղում դնելն է», եւ «եթե ռեժիմն այնպիսին է, որ ազատ խոսքը արգելում է՝ դա պիտի համապատասխան ձեւով արձագանք ունենա: Չի կարող բացատրվի, երբ ռեժիմը վատն է, բայց ազատ խոսքը պետական հնարավորություններով է հաղորդվում ժողովրդին»: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունն արեց ամեն ինչ, որ խորհրդարանի ձեռքով դադարեցնի «Ազատության» վերահեռարձակումը: Գուցե եւս մի փորձ անեն՝ սեպտեմբերին: Իսկ գուցե եւ չդիմանան մինչեւ աշուն եւ ընտրեն այլ տարբերակ: Ո՛ր տարբերակի ընտրությունն էլ կատարվի՝ մի բան պարզ է՝ թե Հայաստանում ռեժիմը չի հանդուրժում ազատ խոսք, եւ այդ ռեժիմի մի մասն էլ այսօր ՀՅԴ-ն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել