Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամերիկա-ադրբեջանական խորհրդակցություններ՝ Վաշինգթոնում

Հուլիս 10,2007 00:00

Երեկ Վաշինգթոնում մեկնարկել են ամերիկա-ադրբեջանական հերթական խորհրդակցությունները՝ նվիրված անվտանգության հարցերին:

Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ այդ կարգի առաջին խորհրդակցությունը տեղի է ունեցել 1997 թվականին, որից հետո դրանք կանոնավորապես կազմակերպվել են ամեն տարի: Երեկ սկսված խորհրդակցությանը մասնակցելու համար ԱՄՆ է մեկնել ադրբեջանական բավական բազմամարդ մի պատվիրակություն՝ փոխարտգործնախարար Արազ Ազիմովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են մի շարք փոխնախարարներ (պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների նախարարություններից), պետական սահմանապահ ծառայության եւ պետական մաքսային կոմիտեի ղեկավար ներկայացուցիչներ: Այդ մասին հաղորդում է «Նովոստի-Ազերբայջան» գործակալությունը: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հազար Իբրահիմը, անվտանգության հարցերին նվիրված ադրբեջանա-ամերիկյան խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը, երկկողմ ռազմաքաղաքական հարաբերություններին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը եւ ՆԱՏՕ-ի հետ գործակցությանն առնչվող հարցեր: Քննարկման առարկա կդառնան նաեւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հետ կապված խնդիրները: Նույն աղբյուրը հաղորդում է նաեւ, որ հիշյալ խորհրդակցությունների ժամանակ անպայմանորեն շոշափվելու են ռազմական բարեփոխումների անցկացման գործում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տեխնիկական օգնություն ցուցաբերելու հետ կապված հարցեր:

Ինչպես քիչ ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը, անվտանգության խնդիրներին նվիրված վերոհիշյալ խորհրդակցությունների ընթացքում քննարկման թեմա կարող է դառնալ նաեւ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի համատեղ օգտագործման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել