Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը կարող է հայտնվել Գինեսի գրքում

Հուլիս 10,2007 00:00

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը վստահ է, որ ընդդիմադիր դաշտում տիրող այսօրվա մթնոլորտը հույս չի ներշնչում, որ ընդդիմությունը նախագահական ընտրությունների կգնա մեկ միասնական կամ առանցքային թեկնածուով:

– Խորհրդարան չանցած ուժերի պահվածքը այսօր համարժե՞ք է իրավիճակին, մի տեսակ զարմանալի պասիվ չե՞ն:

– Նախ, կարծում եմ, դուրս մնացած ուժերը, այդ թվում նաեւ մենք, պետք է կարողանան վերագնահատել իրավիճակը, արվածը եւ չարվածը, այն սխալները, որոնք գործեց ընդդիմությունը վերջին տարիներին: Հիմնական հարց կա՝ արդյո՞ք ընդդիմությունն այս ընտրություններում հաղթեց եւ ձեռքից այդ հաղթանակը տարան: Կարծում եմ՝ ոչ ոք չի ասի, որ այդպես է: Ցավոք, այդպես չեղավ, եւ ընդդիմությունը ուղղակի պարտավոր է վերջապես վերագնահատել իր պարտության պատճառները եւ հասկանալ, թե ինչու չստացավ այն ձայները, որոնք ինքն ուզում էր: Առանց այս վերագնահատման, կարծում եմ, նախագահական ընտրությունները նույն արդյունքին կհանգեցնեն: Երեւի պետք է ծնվի նոր ընդդիմություն, քանի որ այսպիսի, այս ոճի ընդդիմությունը կարծես իրեն արդեն սպառել է:

– Սակայն հայտնի է, որ խորհրդարանից դուրս մնացած մի շարք ուժեր արդեն բանակցություններ, քննարկումներ են անցկացնում նոր ձեւաչափով, այս անգամ արդեն առանցքային եւ ոչ թե միասնական թեկնածուով հանդես գալու համար:

– Վերջին երեւի չորս տարիներին անընդհատ լսում ենք, որ բանակցում են, քննարկում են, պայմանավորվում են տարբեր բաների շուրջ, ասենք՝ միասնական ցուցակով հանդես գալու, 41 ընտրատարածքներում միասնական թեկնածուներ առաջադրելու, միասնական վերահսկող շտաբի ձեւավորման եւ այլնի շուրջ: Այնպես որ, այդ խոսակցությունները միշտ էլ եղել են եւ դրանցից ոչինչ չի ստացվել: Խնդիրն այն չէ, որ մարդիկ սեղանի շուրջ նստեն եւ պայմանավորվեն, խնդիրն ավելի խորն է:

– Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ ավելի խորն է:

– Ասեմ, ինչու: Ընդդիմությունը գտնում է, որ այս իշխանությունը չի բավարարել երկրի, պետության պահանջները: Լավ, ուրեմն ի՞նչ է առաջարկում ընդդիմությունն առանցքային հարցերում, որպեսզի վերջապես երեւա, որ խոսքը սովորական աթոռակռվի մասին չէ: Երկրորդ. պետք է վերջապես վերագնահատել, թե ինչ կոպիտ սխալներ են արվել վերջին տարիներին, որոնց արդյունքում ընդդիմության վարկանիշն այնքան ընկավ, որ չկարողացավ հասնել հաղթանակի: Ես խոսում եմ առնվազն ձայների մակարդակով հաղթանակի մասին:

– Ձեր նշած կոպիտ սխալների առաջին եռյակը կարո՞ղ եք թվարկել:

– Սխալներից մեկն այն է, որ տեղի-անտեղի, առանց թիկունքին ունենալու ժողովրդի շունչը, համապատասխան մթնոլորտը, անընդհատ հայտարարվում է հեղափոխության մասին: Իսկ սա ընդամենը գոլորշի է բաց թողնում եւ հիասթափեցնում ժողովրդին: Երկրորդը՝ առանցքային հարցերում ընդդիմությունը հայտնվեց այնպիսի աբսուրդային վիճակում, որը նույնիսկ Գինեսի գրքում կարելի է արձանագրել: Բոլոր երկրներում ընդդիմությունը պայքարում է թեկուզ չնչին փոփոխությունների համար, որոնք տանում են դեպի ժողովրդավարություն, իսկ մեր երկրում ստացվեց մի զավեշտալի վիճակ, երբ իշխանությունը Սահմանադրության բովանդակության մասով գնաց դրական փոփոխությունների, ընդդիմությունը դեմ դուրս եկավ դրանց: Նախագահի լիազորությունները սահմանափակվեցին, ընդդիմությունը դեմ էր, իսկ նախագահը դա առաջ էր տանում: Չէ՞ որ ակնհայտ էր, որ առաջարկվողը էապես դրական էր եւ տարբերվում էր արդեն եղածից: Հաջորդը՝ «Ընտրական օրենսգիրքը», որը շատ առանցքային նշանակություն ուներ ընտրությունների համար, փոխանակ միավորվեին մեր նախագծի շուրջ, որը ավելի լավն էր, միացան իշխանության նախագծին, մի նախագիծ, որում չկան ոչ հարյուր տոկոս համամասնական, ոչ հավասարակշռված հանձնաժողովների կազմ, ոչ էլ այլ կարեւոր դրույթներ: Եվ ամենակարեւորը՝ մի՞թե պարզ չէր, որ իշխանությունը բռնի քայլերի չէր գնալու, այն, ինչ անելու էր, անելու էր այնպես, որ լինի չերեւացող: Ամփոփեմ, մարդկանց թվում է, թե ընդդիմադիր լինելը անընդհատ խոսելու, կարծիք հայտնելու եւ սուր ճոճելու շնորհ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել