Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՎԵԼ Է ԷԼԻ ՄԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հուլիս 10,2007 00:00

Հուլիսի 7-ին դիմահար կրակոցով սպանվել է հոր՝ «Քաղցրիկի Աշոտի» շիրմին այցելած Արտավազդ Վարդանյանը

Այս տարվա մայիսի 29-ին «Առավոտն» արդեն առիթ է ունեցել ներկայացնելու երկու հորեղբոր տղաների՝ Գագիկ եւ Աշոտ Վարդանյանների միջեւ ծագած խորը թշնամանքի եւ դրա արդյունքում փոխադարձ ու ֆիզիկական հաշվեհարդարների ողբերգական պատմությանը, որին 2004թ.-ից ի վեր զոհ են դարձել արդեն 6 հոգի՝ Գ. Վարդանյանի որդու՝ Ստեփան Վարդանյանի ընկերները՝ Էդուարդ Նիկողոսյանը, որի դին տակավին հայտնաբերված չէ, մյուս ընկերը՝ Արմեն Թարխանյանը, որի նկատմամբ մահափորձ էր իրականացվել, ինքը՝ «Քաղցրիկ» հրուշակեղենի արտադրամասի սեփականատեր Աշոտ Վարդանյանը, Գագիկ Վարդանյանի տղան՝ այս տարվա մայիսի 9-ին «Պանդոկ» ռեստորանի մոտ սպանված Ստեփան Վարդանյանն ու ընդամենը օրերս՝ հուլիսի 7-ին Երրորդ գյուղի գերեզմանատանը սպանված Աշոտ Վարդանյանի ավագ որդին՝ Արտավազդ Վարդանյանը՝ «Քաղցրիկի Տյոմ», եւ նրա երկու ուղեկիցները: Հիշյալ սպանություններից միայն մեկը՝ «Քաղցրիկի Աշոտինն» է, որ հայրենի իրավապահները համարում են բացահայտված: Ու թեեւ այդ գործով կալանավորվածներ չկան, բայց սպանության կատարման մեջ կասկածվում են երկու երիտասարդներ՝ Հայկ Կարապետյանն ու Վահան Տոնոյանը, որոնք մինչ օրս գտնվում են հետախուզման մեջ: 2004թ.-ից ի վեր Վարդանյանների թշնամանքի արդյունքում տեղի ունեցած այլ սպանությունների եւ հանցագործությունների գործերով հետախուզման մեջ են նաեւ «Քաղցրիկի Աշոտի» կրտսեր տղան՝ Արթուր Վարդանյանը, նրա ընկեր՝ «Նապ» մականունով Կարեն Գեւորգյանն ու Ստեփան Վարդանյանի սպանությունն իրականացրած եւս երկու անձինք:

Ս.թ. մայիսին Ստեփան Վարդանյանի սպանության առնչությամբ «Իրավունքում» հրապարակված հոդվածում ՀՀ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանը, որը ժամանակին ի պաշտոնե տիրապետել է Վարդանյանների ներընտանեկան «վենդետայի» գործին, հայտարարել էր՝ եթե այդ սպանությունը չբացահայտվի, նոր սպանություններ էլի կլինեն: Ահավասիկ հուլիսի 7-ին, ժամը 20.50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասում գտնվող գերեզմանոցում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը գերեզմանոցում հուղարկավորված Աշոտ Վարդանյանի շիրմաքարի մոտ հայտնաբերել էր վերջինիս որդուն՝ 33-ամյա Արտավազդ Վարդանյանի, նրա աներորդու՝ 30-ամյա Վարդան Մելիքյանի, իսկ գերեզմանի պարիսպների մոտ՝ Արտավազդի վարորդի՝ Գրիգոր Ստեփանյանի դիակները՝ երեքն էլ հրազենային վնասվածքներով: Զոհերից երկուսը՝ Ա. Վարդանյանն ու Վ. Մելիքյանը մահացել են տեղում, իսկ Գ. Ստեփանյանը՝ «Մալաթիա» բժշկական կենտրոնում: Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են նաեւ 14 հատ կրակված պարկուճ եւ մեկ հատ կրակված գնդակ:

Դեպքի վայր մեկնած մեր լուսանկարիչը հասցրել էր ֆիքսել 2 զույգ ռետինե արյունոտ ձեռնոցներ եւ այն, որ կրակոցների արդյունքում վնասվել էր սպանվածի հոր՝ «Քաղցրիկի Աշոտի» տապանաքարը, ինչը, թերեւս, վկայում է, որ 3 երիտասարդների սպանությունը նախօրոք է ծրագրավորված եղել: Հանցագործը կամ հանցագործները, ըստ ամենայնի, տեղեկացված են եղել, որ այդ ժամին Աշոտ Վարդանյանի որդին եւ մտերիմները այցելելու են գերեզման, նրանք, հավանաբար, դարանակալել եւ սպանել են իրենց թիրախներին: Ընդ որում՝ սպանվածները հասցրած չեն եղել իրենց հետ բերած ծաղիկները դնել շիրմաքարին կամ խունկ ծխեցնել:

Դեպքի վայրում կայանված եւ սպանված Ա. Վարդանյանին պատկանող «Ֆորդ-էքսպլորեր» մակնիշի 50 ԼԼ 101 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահի ետեւի նստարանին իրավապահները հայտնաբերել եւ առգրավել են «Սայգա-Մ4» տիպի 7.64 տ/չ-ի ակոսավոր որսորդական հրացան: Դեպքի առիթով հարուցվել է քրգործ՝ սպանություն եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածներով: Հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազությունը: Այս պահին ձերբակալվածներ կամ կասկածյալներ չկան: Մեր աղբյուրների ասելով եւ դեռեւս չճշտված տեղեկությունների համաձայն, սպանության օրը դեպքի վայրում է եղել նաեւ սպանված Արտավազդ Վարդանյանի մայրը՝ «Քաղցրիկի Աշոտի» կինը, որը, բարեբախտաբար, չի տուժել: Ըստ մեր աղբյուրների, նրա տված ցուցմունքների հիման վրա ստեղծվել է հավանական հանցագործի ֆոտոռոբոտը, տիկինը նաեւ կասկածյալների անուններ է տվել:

Իրավապահները ձեռնպահ են մնում այս սպանության առնչությամբ քննարկվող որեւէ վարկած հրապարակել, բայց ոչ պաշտոնապես հիմնական վարկածն այն է, որ դրանք նախորդ տարիներին տեղի ունեցած սպանությունների, այդ թվում նաեւ՝ Ստեփան Վարդանյանի, շղթայի շարունակությունն են: Ավելին, ըստ որոշ դիտարկումների, Արտավազդ Վարդանյանի սպանությունն իրականացրած անձը կամ անձինք, ամենայն հավանականությամբ, կարծել են, թե նրա ուղեկիցներից մեկն էլ եղբայրն է՝ հետախուզման մեջ գտնվող Արթուր Վարդանյանը, հույս ունենալով, որ մի հարվածով կսպանեն «Քաղցրիկի Աշոտի» երկու տղաներին էլ: Թե դեռ որքան կշարունակվեն Վարդանյանների ներընտանեկան «վենդետայի» դրսեւորումները՝ հայտնի չեն, եւ տպավորություն կա, որ իրավապահների վրա այս ընտանիքը ուղղակի ծիծաղում է կամ պատժի անխուսափելիությունը չի գիտակցում, թերեւս, հե՛նց իրավապահների մեղքով: Ընդգծենք, որ հուլիսի 7-ին տեղի ունեցած սպանության քրգործով վարույթն իրականացնող քննչական խմբում ներգրավված քննիչներից մեկն էլ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազության ավագ քննիչ Հայկ Էյրամջյանն է, որը նախկինում քննել էր նաեւ վերը հիշատակված Էդիկ Նիկողոսյանի անհայտացման փաստի առիթով հարուցված քրգործը եւ այն «բարեհաջող» փակուղի էր մտցրել, որովհետեւ գործի քննության ընթացքում հիմնական կասկածյալ «Նապ» մականունով Կարեն Գեւորգյանը մեկուսարանից բաց էր թողնվել ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի ակտիվ ջանքերով, ապա երկիրը լքել էր ՀՀ ոստիկանության երկու բարձրաստիճան սպաներ Մայիս Անտոնյանի եւ Աշոտ Միրիջանյանի օգնությամբ: Հիշեցնենք եւս մեկ անգամ, որ Վարդանյանների ընտանեկան թշնամանքի արդյունքում տեղի ունեցած մի քանի հանցագործություններից եւ ոչ մեկով որեւէ մեկը տակավին պատիժ չի կրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել