Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄՕԿ-Ն ԸՆՏՐԵՑ ՍՈՉԻՆ

Հուլիս 06,2007 00:00

\"\"Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Գվատեմալայում կայացած համաժողովում 2014 թվականի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի եւ պարաօլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրեց Ռուսաստանի առողջարանային Սոչի քաղաքը:

Բացի Սոչիից, ձմեռային այդ խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել էին նաեւ Ալմաթին (Ղազախստան), Բորժոմին (Վրաստան), Սոֆիան (Բուլղարիա), Խական (Իսպանիա) եւ Զալցբուրգը (Ավստրիա): Սակայն ծանոթանալով ներկայացված ծրագրերին՝ ՄՕԿ-ը 2006 թվականի հունիսի 22-ին Ալմաթիի, Սոֆիայի, Խակայի եւ Բորժոմիի հիմնավորումներն անհամոզիչ գնահատելով՝ «կանաչ լույս» վառեց միայն երեքի՝ Սոչիի, Զալցբուրգի եւ Փխենչիանի առջեւ: Այնուհետեւ Միջազգային օլիմպիական կոմիտեն մերժեց նաեւ Զալցբուրգին: Ու ստացվեց, որ վճռորոշ փուլում պայքարելու էին Սոչին եւ Փխենչիանը, եւ այս երկու քաղաքների միջեւ պայքարի քվեարկության արդյունքում չորս ձայնի առավելությամբ (51:47) նախապատվությունը տրվեց Սոչիին:

Ձմեռային առաջին օլիմպիական խաղերի տարեգրությունն սկսվում է 1924 թվականից, երբ առաջին անգամ դրանք անցկացվեցին Շամոնիում (Ֆրանսիա): Դրանից հետո «Սպիտակ օլիմպիադաներն» ընդունել են.

Սանկտ Մորից (Շվեյցարիա)՝ 1928

Լեյք-Փլեսիդ (ԱՄՆ)՝ 1932

Գարմիշ-Պարտենկիրհեն (Գերմանիա)՝ 1936

Սանկտ Մորից (Շվեյցարիա)՝ 1948

Օսլո (Նորվեգիա)՝ 1952

Կորտինա դ, Ամպեցցո (Իտալիա)՝ 1956

Սքվո-Վելլի (ԱՄՆ)՝ 1960

Ինսբրուք (Ավստրիա)՝ 1964

Գրենոբլ (Ֆրանսիա)՝ 1968

Սապպորո (Ճապոնիա)՝ 1972

Ինսբրուք (Ավստրիա)՝ 1976

Լեյք-Փլեսիդ (ԱՄՆ)՝ 1980

Սարայեւո (Հարավսլավիա)՝ 1984

Կալգարի (Կանադա)՝ 1988

Ալբերվիլ (Ֆրանսիա)՝ 1992

Լիլլեհամեր (Նորվեգիա)՝ 1994

Նագանո (Ճապոնիա)՝ 1998

Սոլթ-Լեյք-Սիթի (ԱՄՆ)՝ 2002

Թուրին (Իտալիա)՝ 2006

2010 թվականին ձմեռային օլիմպիական խաղերն ընդունելու է Վանկուվերը (Կանադա): Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին չեն կայացել 1940 եւ 1944 թվականների ձմեռային օլիմպիական խաղերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել