Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՄԱՔՈՒՐ ԵՎ ԱԶՆԻՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ»

Հուլիս 06,2007 00:00

\"\"Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվող «Նորմայի» մասին ասում է հրավիրված դիրիժորը:

Հուլիսի 7-ին Ազգային օպերային թատրոնը կներկայանա Բելինիի «Նորմայով»: Այդ առիթով Հայաստանում է ամերիկահայ դիրիժոր Ռիչարդ Ասլանյանը:

2 տարի առաջ էլ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Վաքոյի Լիրիկ օպերայի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռիչարդ Ասլանյանը «Տրավիատայի» իր մեկնաբանությամբ է հանդես եկել մեր օպերային թատրոնում։

Տեղեկացնենք, որ նա ղեկավարել է շուրջ 50 օպերային թատրոնների նվագախմբեր, աշխատել է նաեւ Միլվոկիի, «Բլումինգտոն», «Շըմփեյն-Ուրբանա», Նյու Ջերսիի սիմֆոնիկ նվագախմբերի, «Ռեյնալդ» կամերայինի եւ Ռոչեստերի ֆիլհարմոնիկի հետ:

Դիրիժորից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է սկսվել համագործակցությունը Երեւանի օպերային թատրոնի հետ: Պրն Ասլանյանը տեղեկացրեց, որ 2 տարի առաջ նամակ էր գրել օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր

Կարեն Դուրգարյանին եւ օպերայում հյուրընկալվելու ցանկություն հայտնել: Այնուհետեւ ստացել էր դրական պատասխան եւ հրավիրվել էր «Տրավիատան» ղեկավարելու: Ռ. Ասլանյանը տեղեկացրեց, որ Հայաստան գալու հիմնական պատճառը տիգրանակերտցի հոր ջերմիկ պատմություններն էին հայրենիքի մասին եւ տատից ու պապից սովորած հայերեն բառերը: «Գիտեի, որ Հայաստանում մի հրաշալի թատրոն կա՝ տաղանդավոր արվեստագետներով: Շատ երջանիկ եմ, որ Կարեն Դուրգարյանն առաջարկել է «Նորմայի» առիթով էլ համագործակցել: Դուք հրաշալի երգիչներ ունեք, ընտիր նվագախումբ ու երգչախումբ: Կարծում եմ, որ Երեւանի օպերային թատրոնը ֆինանսական ավելի մեծ միջոցների ու հոգածության է արժանի: Զարմանում եմ, որ չնչին գումարներով այստեղ կարողանում են այնպիսի ներկայացումներ բեմադրել, որոնք որակով չեն զիջում դրսի «արտադրանքին»: Օպերային արվեստը ֆինանսատար է: Արտերկրի թատրոններում մեծ փողեր են «պտտվում», բայց այնտեղ էլ հաճախ լավ երգիչներն են դեֆիցիտ»,- հայտնեց ամերիկահայ արվեստագետը:

Մեր հարցին՝ ուրիշ ի՞նչ օպերային թատրոնների հետ է համագործակցել «Նորմայի» «մասով», օպերա, որը հաճախ չի բեմադրվում, պրն Ասլանյանը պատասխանեց. «Այո, իսկապես, «Նորման» հազվադեպ բեմադրվող բարդ օպերա է: Առաջին անգամ ձեր թատրոնում եմ աշխատելու այս օպերայի վրա: Նորմայի դերերգի «տիրոջ»՝ Մագդա Մկրտչյանի համար էլ սա առաջին կատարումն է»:

Դիրիժորը շեշտեց, որ իր հայաստանյան այցը ամենեւին կապ չունի «Նորման» բեմադրած Բորիս Հայրապետյանի հետ, որը նույնպես վերջերս Հայաստանում էր: Պրն Ասլանյանն ասաց, որ կուզենար հայ երաժիշտների հետ համագործակցել նաեւ արտերկրում, սակայն վիզային խնդիրների պատճառով համատեղ ձեռնարկները ոչ միշտ կարելի է իրագործել: Օրինակ, անցյալ տարի ցանկացել է իր հետ ԱՄՆ տանել ալտահար Վաչե Հովեյանին, սակայն նույն պատճառով ամեն ինչ ձախողվել է: Դառնալով «Նորմային»՝ Ռիչարդ Ասլանյանը հարցազրույցի վերջում հավելեց, որ մեծ սպասելիքներ ունի. «Ուզում եմ, որ մաքուր ու ազնիվ ներկայացում լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել