Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատապարտյալին վերադարձրին ՔԿՀ

Հուլիս 06,2007 00:00

\"\"«Անկախ» հանձնաժողովն ուզում էր ազատ արձակել դաժան սպանություն կատարածին

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 1999թ. օգոստոսի 6-ի դատավճռով՝ 27-ամյա Հրաչ Չալաբյանը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման: Այս տարվա ապրիլի 23-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը Հ. Չալաբյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատել է: Սակայն պարզվել է, որ Չալաբյանը չի մարել 45.000 դրամի քաղհայցը՝ տուժողին պատճառված վնասը եւ որ «անկախ» հանձնաժողովը, որը ուժային կառույցների ներկայացուցիչներից էր կազմված եւ ստեղծվել էր ՀՀ նախագահի հրամանով, դատարանին միջնորդություն անելիս հաշվի չի առել դատապարտյալի կողմից կատարած հանցագործության բնույթը, «անձը բնութագրող այլ հանգամանքները»:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահին վերաքննիչ բողոքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ Ա. Ստեփանյանը, որը խնդրել է բեկանել դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին դատարանի կայացրած որոշումը եւ Հ. Չալաբյանին վերադարձնել ուղղիչ հիմնարկ՝ պատիժը կրելու:

Քրեական վերաքննիչ դատարանը՝ Սուրիկ Ղազարյան, Արշակ Խաչատրյան, Սեւակ Համբարձումյան կազմով, օրեր առաջ քննության առավ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի ապրիլի 23-ի որոշման օրինականության եւ հիմնավորվածության հարցը: Պարզվեց, որ 1999թ. ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Հ. Չալաբյանն իր անչափահաս ընկերոջ՝ Գառնիկ Քամալյանի հետ գնացել են Լոռու մարզի Ուրասար գյուղի 70-ամյա բնակչուհի Անգին Գազարյանի տուն: Նրանք տարեց կնոջը պատճառաբանել էին, թե ՌԴ-ում գտնվող նրա որդուց լուր են բերել: Մտնելով Ա. Գազարյանի տուն, նրանք պահանջել էին գումար: Երբ գումարը չէին ստացել, մետաղյա թիով (սավոկ), պղնձյա կաթսայով հարվածել էին եւ սպանել կնոջը: Այնուհետեւ նրանք գողացել էին զոհի հեռուստացույցը, ձայնագրիչը, 8 հատ օճառ (արտասահմանյան արտադրության): Չբավարարվելով կատարվածով՝ ձեթ էին լցրել սպանված Անգին Գազարյանի վրա եւ հրկիզել տունը: 45.000 դրամը կապված էր տանը հասցված վնասի հետ:

Վերաքննիչ դատարանը պարզել էր նաեւ, որ Չալաբյանին մնացել էր կրելու 2 տարի 10 ամիս 9 օր: Վերաքննիչը բեկանել էր Արագածոտնի դատարանի որոշումը եւ հանձնարարել էր ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը՝ Հրաչ Չալաբյանին վերադարձնել ԱՆ համապատասխան հիմնարկ՝ ազատազրկման ձեւով հետագա պատիժը կրելու համար:

Առնվազն տարօրինակ է, որ ՀՀ նախագահի կողմից ստեղծված անկախ կոչեցյալ հանձնաժողովը 200 գրամ սուրճի գողության համար դատապարտվածի նկատմամբ պատիժը մեղմացնող միջնորդություն չի անում, իսկ դաժան սպանություն կատարած Հ. Չալաբյանի դեպքում հանդես է եկել նման «մարդասիրական» առաքելությամբ: Գրեթե ամեն օր «Առավոտի» խմբագրություն են ուղարկվում բողոքներ՝ կին եւ տղամարդ, հաշմանդամ եւ ազատամարտիկ դատապարտյալներից, որոնք չնչին զանցանքների համար են բանտերում հայտնվել, իսկ նրանց պատժի կրման ժամանակը գրեթե լրացել է: Սակայն հանձնաժողովը նրանց մերժել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել