Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ Է ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հուլիս 06,2007 00:00

\"\"ԿԳ նախարարությունը պատասխանում է

Ի պատասխան «Առավոտ» թերթի 29.06.2007թ. «Պատուհաս Մատենադարանի գլխին» եւ 3.07.2007թ. «Հիլլի» պայմանագիրը սպառնում է վերաճել սկանդալի» հրապարակումների, տեղեկացնում ենք, որ դրանցում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող մի շարք փաստեր:

Մասնավորապես, թե՛ առաջին, թե՛ երկրորդ հոդվածներում խոսվում է Մատենադարանի կանոնադրության փոփոխությունների եւ կառավարման խորհրդի մասին եւ նշվում, թե «օրենքը խախտելով՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը Մատենադարանի տնօրենի ընտրության նախաշեմին փոխել է «խաղի կանոնները», ինչի հետեւանքով Մատենադարանը կորցնելու է գիտական խորհուրդը, եւ հայագիտությունը գերակա ուղղություն հռչակած երկրում կարեւորագույն գիտական օջախը «վերապրոֆիլավորվելու» է:

Մատենադարանը դեռեւս 2002 թ. մարտի 6-ին, կառավարության որոշումով («ՀՀ կառավարությանն առընթեր Մ. Մաշտոցի անվան գիտահետազոտական ինստիտուտի վերակազմավորման մասին» թիվ 205 որոշում), վերակազմավորվել է որպես ՊՈԱԿ: Այդ էր պահանջվում 2001-ին ընդունված «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով:

2002 թվականի սեպտեմբերի 12-ին, կառավարության 1885-N որոշումով, հաստատվել է Մատենադարանի կանոնադրությունը: Գիտխորհուրդը ընտրվել է դեռեւս 2003 թվականի մարտի 14-ին: 43 հոգուց բաղկացած այդ գիտխորհրդի կազմը փոփոխություն չի կրել, եւ այն շարունակում է գործել մինչ օրս՝ գիտական խորհրդին վերապահված լիազորություններով: Ուստի «հայագիտությունը գերակա ուղղություն հռչակած երկրում կարեւորագույն գիտական օջախը վերապրոֆիլավորելու» եւ դրա «գիտական խորհուրդը կորցնելու» մասին հոդվածում նշված մտահոգությունը հիմնազուրկ է: Հետեւաբար, հիմնազուրկ է նաեւ հաջորդ պնդումը, թե ԿԳ «նախարարը ոչ միայն վտանգում է Մատենադարանի ճակատագիրը, այլեւ փաստի առաջ է կանգնեցնում ՀՀ առաջին դեմքերին»:

Իսկ այս տարվա մայիսին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը կառավարություն է ներկայացրել «Մատենադարանի կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որը հաստատվել է հունիսի 21-ի կառավարության N 705-Ն որոշմամբ: Սույն որոշմամբ, Մատենադարանի կանոնադրությունը՝ ինստիտուտի կառավարման խորհրդի եւ տնօրենի ընտրության առումով, համապատասխանեցվել է ՀՀ գործող օրենսդրությանը: Մասնավորապես, ամրագրվել է, որ տնօրենի ընտրությունը պետք է կազմակերպվի բաց մրցույթի ձեւով՝ խորհրդի կողմից, իսկ ընտրվելուց հետո տնօրենը պետք է պաշտոնավարի 5 տարի ժամկետով եւ այլն:

Խորհրդի կազմը եւ կանոնակարգի նախագիծը հաստատվել են 2007 թ. մարտի 15-ի գիտխորհրդի ընդլայնված ժողովում՝ կոլեկտիվի մասնակցությամբ:

ԿԳ նախարարի կողմից եւս արդեն հաստատված կառավարման այս խորհուրդը բաղկացած է 39 անդամից, այդ թվում՝ 3 ներկայացուցիչ հիմնադրի՝ ՀՀ կառավարության, 3 ներկայացուցիչ՝ պետական լիազոր մարմնի՝ ԿԳՆ-ի կողմից, 5-ը՝ ԳԱԱ տարբեր ինստիտուտներից ու Հայաստանի պատմության թանգարանից, 1-ը՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնից: Եվս 27-ը Մատենադարանի կոլեկտիվի եւ գիտխորհրդի կողմից առաջադրված անդամներն են: Այսպիսով, Մատենադարանի կառավարման խորհրդի կազմի ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 65%, ինստիտուտի աշխատակիցներ են: Ուստի իրականության հետ եզրեր չունի նաեւ հոդվածում արտահայտված այն մտավախությունը, թե ամեն ինչ արվել է, որ պետական չինովնիկները մեծ դեր ունենան տնօրենի ընտրության եւ Մատենադարանի հետագան «սեփական հայեցողությամբ կանխորոշելու» հարցում:

Թե որքանով են ԿԳ նախարարի փաստարկները համոզիչ, թողնում ենք մասնագետների դատին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել