Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԵՏՐՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է»

Հուլիս 06,2007 00:00

\"\"Հավաստիացնում է Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Փայլակ Յայլոյանը

«Առավոտի» նախորդ համարներից մեկում Մետրոպոլիտենի 59 գնացքավարներ «Առավոտին» իրենց մտահոգությունն էին հայտնել այն առնչությամբ, որ մետրոյով երթեւեկելը դարձել է խիստ վտանգավոր, քանի որ անսարք գնացքների ու մաշված ռելսերի հետեւանքով վթարների հնարավորությունը մեծ է: Վագոնավարների խոսքերով՝ «առավելագույնը 230 հազար կիլոմետր վազքի համար նախատեսված գնացքներն առանց նորմալ տեխզննման 300.000 կիլոմետրից էլ ավելի են շահագործվել ու այսօր մեր եւ հազարավոր ուղեւորների կյանքը վտանգի տակ է»: («Առավոտ», 27.06.07): Նույն հրապարակման մեջ մեքենավարները խիստ դժգոհ էին նաեւ Չարբախի հավաքակայանում գտնվող իրենց հանգստյան սենյակներից ու սարսափով էին նկարագրում այդ սենյակների խոնավ ու անմարդկային պայմանները: Այս առնչությամբ այս շաբաթ մեր թերթին տված հարցազրույցում Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Փայլակ Յայլոյանը հավաստիացրեց, որ մետրոյի ուղեւորների անվտանգությանը որեւէ վտանգ չի սպառնում. «Գնացքների եւ ռելսերի մաշվածությունը թույլատրելի նորմերի մեջ է: Այո, Մետրոպոլիտենն այսօր շատ խնդիրներ ունի: Քաղաքապետարանից արդեն ֆինանսավորում ենք ստացել ու պետք է վերանորոգենք հավաքակայանների կտուրները, վագոնները, ռելսերը, փայտակոճերը: Խնդիրներ կան նաեւ կայարանային համալիրների արտաքին ձեւավորման հետ կապված: Սակայն ես միանշանակ հավաստիացնում եմ՝ մեր մետրոն աշխարհում միակն է, որի գնացքներն ընթացքի ժամանակ երբեւիցե գծից դուրս չեն եկել: Մեր գնացքները, ճիշտ է, հին են, բայց ենթակա են շահագործման, քանի որ Հայաստանում մետրոյից քչերն են օգտվում, այսինքն՝ գնացքները աշխատում են թերծանրաբեռված: Յուրաքանչյուր վագոնում երթեւեկում է օրական ընդամենը 23-24 մարդ»:

Հունիսի 22-ի «Առավոտի» հիշյալ հրապարակման հաջորդ օրը գնացքավարները մեզ տեղեկացրին, որ Փայլակ Յայլոյանը «Առավոտին» բողոքողներից վրեժ լուծելու համար «Քարշ» մասնաճյուղի պետ Սամվել Եղիազարյանին ստիպել է հրաժարվել զբաղեցրած պաշտոնից: Գնացքավարների խոսքերով՝ «Պարոն Յայլոյանը մեր պետին ասել է, թե նա նույնիսկ իր գնացքավարներին չի կարողանում ղեկավարել, որ բերանները փակ պահեն, հավաքակայանը ո՞նց պիտի ղեկավարի»: Այս առնչությամբ Փ. Յայլոյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ Եղիազարյանին աշխատանքից ազատելը կապ չունի մեր հրապարակման հետ. «Արդեն երկրորդ տարին է, որ Սամվել Եղիազարյանը զբաղեցնում է «Քարշ» մասնաճյուղի պետի պաշտոնը: Մետրոպոլիտենի ֆինանսատնտեսական հանձնաժողովը, որի անդամները մետրոյի ղեկավար անձինք են, այս տարվա փետրվարին նրա աշխատանքը գնահատել են անբավարար: 25 տարվա մեջ առաջին անգամ Եղիազարյանի պետ եղած ժամանակ մեր մետրոյի միակ ու խիստ վտանգավոր վթարն է տեղի ունեցել: Նրա անպատասխանատու աշխատանքի շնորհիվ ռելսերի վրա խափանվել էր անվազույգը: Վթարը, բարեբախտաբար, բացասական հետեւանքներ չունեցավ: Ստալինի ժամանակաշրջանում նմանատիպ վթարի պատճառով հավաքակայանի պետին գնդակահարում են: Եղիազարյանն ինքնակամ է դիմում գրել ու հրաժարվել աշխատանքից: Սակայն ես, նկատի ունենալով, որ նա մեր համակարգում շուրջ 20 տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել, նրան կտեղափոխեմ այլ աշխատանքի»:

Մետրոպոլիտենի մեկ այլ աշխատակցուհի՝ Նարինե Եղիազարյանն «Առավոտին» բողոքեց, որ Փայլակ Յայլոյանն այս տարվա մարտի 21-ին անհիմն կերպով իրեն ազատել է տնօրենի օգնականի պաշտոնից՝ փոխարենն այդ պաշտոնում նշանակելով իր քարտուղարուհուն: Ն. Եղիազարյանի պատմելով՝ նա Մետրոպոլիտենում աշխատել է 15 տարի եւ լավ աշխատանքի համար մի քանի անգամ պարգեւատրվել է, երբեւիցե նկատողություն չի ստացել. «Երբ առանց նախազգուշացման ազատման հրամանս ստացա՝ անակնկալի եկա: Յայլոյանն իրեն անպարկեշտ էր պահում ինձ մոտ, ես ընդդիմացա եւ հավանաբար աշխատանքս կորցնելու պատճառը դա եղավ»: Ն. Եղիազարյանի աշխատանքային գրքույկում գրված է, որ նա «ազատվում է աշխատանքից՝ զբաղեցրած պաշտոնի համար պահանջվող գիտելիքներ չունենալու պատճառով»: Մեր հարցին, թե ինչպե՞ս է Ն. Եղիազարյանն անբավարար գիտելիքներով 15 տարի աշխատել Մետրոպոլիտենում, Փ. Յայլոյանը պատասխանեց. «Տնօրենի օգնականը գոնե տնօրենի կեսի չափ գիտելիք պետք է ունենա: Նարինեն ամեն հարցում հակաճառել է տնօրինությանը, եղել է անհաշտ ու անհանդուրժող: Նա մշտապես ուշացել է աշխատանքից ու գործի հանդեպ ցուցաբերել է անփութություն: Իսկ թե ինչու նա ավելի վաղ չի ազատվել աշխատանքից՝ պատճառն այն է, որ նրա աշխատանքին պարզապես ուշադրություն չեմ դարձրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել