Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԲԱԼԱՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԳՈՎԱԶԴ ԷՐ»

Հուլիս 06,2007 00:00

\"\"Ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովի կարծիքով, Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ վերջին զարգացումները որեւէ լուրջ հետեւանք չեն ունենա, եւ առաջիկա տարիներին այն կշարունակի գործել բացառապես Ռուսաստանի հովանու ներքո, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Յունուսովի պնդմամբ, զուտ տեխնիկապես Գաբալայի կայանը կարող են օգտագործել միայն ռուսները:

«Բալիստիկ հրթիռներին հետեւելու ամերիկյան համակարգն այլ է, նրանք այլ տեխնոլոգիաների հիման վրա էին դրանք կառուցում: Բացի այդ, կայանը վերահսկում է միայն հարավային կիսագունդն ու շրջված է Ռուսաստանից, ինչը ամերիկացիներին ձեռնտու չէ»,- պարզաբանել է փորձագետը:

Յունուսովը համոզված է, որ նույնիսկ Գաբալայի կայանը տեխնիկապես վերազինելու՝ ռուսական կողմի պատրաստակամության պայմաններում ամերիկացիները, միեւնույն է, ռուսների առաջարկը չեն ընդունի: «Պուտինը Բուշին շատ ծանր դրության մեջ գցեց՝ ռուսների առաջարկը մերժել այնպես, որ Միացյալ Նահանգների իմիջն աշխարհում չտուժի»,- ընդգծել է ադրբեջանցի քաղաքագետը: Իսկ Ադրբեջանի համար Գաբալայի կայանի հետ կապված իրադարձությունները, ըստ Յունուսովի, դարձան «պարզ գովազդային արշավ»: «Հիմա գոնե ավելի շատ պետություններ աշխարհում կտեղեկանան մեր երկրի մասին. չէ՞ որ բազմաթիվ մարդիկ Ադրբեջանի մասին առհասարակ ոչինչ չգիտեին»,- նշել է քաղաքագետը:

«Ազատություն» ռ/կ-ն հաղորդում է նաեւ, որ նախօրեին հակասական տեղեկություններ էին ստացվում Ադրբեջանի մայրաքաղաքից՝ կապված Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի Բաքու կատարելիք հնարավոր այցի հետ: Սկզբնապես ադրբեջանական գործակալությունները, վկայակոչելով Stratfor վերլուծական կենտրոնից ստացված տեղեկությունները, հաղորդում էին, թե Պենտագոնի ղեկավարը հուլիսի 9-ին ժամանելու է Բաքու՝ ադրբեջանցի պաշտոնյաների հետ քննարկելու Գաբալայի կայանի ճակատագիրը: Մասնավորապես, APA գործակալության պնդմամբ, Գեյթսը պաշտոնական Բաքվին փորձելու է համոզել, որ 2012 թվականից, երբ ավարտին կմոտենա Գաբալայի կայանի վարձակալության ռուս-ադրբեջանական համաձայնագրի ժամկետը, այս կարեւոր ռազմական օբյեկտը հանձնվի ամերիկացիներին: Օրվա երկրորդ կեսին, սակայն, Բաքվում ամերիկյան դեսպանատունը պաշտոնապես հերքել է Գեյթսի սպասվող այցի մասին լուրը՝ վստահեցնելով, որ Պենտագոնի ղեկավարը մոտ ապագայում չի պատրաստվում այցելել Բաքու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել