Ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը
Այս շաբաթ հայրենի խորհրդարանում տապալվեց Հանրային ռադիոյով «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակումը վտանգող երկու օրինագծերի փաթեթի ընդունումը: Որ այդ գործում մեծ էր խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմության եւ 1-2 անկախ պատգամավորների՝ քվեարկությանը չմասնակցելու մարտավարությունը՝ փաստ է: Այդուհանդերձ, մինչեւ երեկ էլ քաղաքական շրջանակներում այս առնչությամբ երկու հիմնական տեսակետներ էին շրջանառվում. ոմանք կարծիք էին հայտնում, թե օրինագծերի տապալումը կազմակերպվել է հե՛նց ՀՀԿ-ի կողմից, որովհետեւ միջազգային կազմակերպությունների եւ մեր հասարակության ճնշումներն էին մեծ, իսկ խորհրդարանում գտնվողների ասելով՝ ԱԺ մեծամասնությունն ուղղակի փնթի եւ չհամագործակցված եւ անկազմակերպ է գործել:
«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, որը այդ օրինագծերի դեմ հ/կ-ների կազմակերպած հուլիսի 3-ի բողոքի երթի կազմակերպիչներից մեկն է, հիշյալ տարբերակներից որեւէ մեկը չբացառեց՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ «եթե իշխանություններն ուզենային տապալել օրինագծերի ընդունումը, ապա դրանք արտահերթ նստաշրջանի օրակարգ չէին մտցնի եւ դրանց շուրջ այդպիսի աղմուկ չէր բարձրանա»: Իրավապաշտպանի ասելով, կոնկրետ դեպքում, թերեւս, գործեց իշխանությունների համար անհարմար իրավիճակից հնարավորինս մաքուր դուրս գալու մարտավարությունը. «Մի կողմից՝ իշխանությունը, կարծես թե, ոչ թե նահանջեց հայ հասարակության եւ միջազգային հանրության պահանջների առաջ, որովհետեւ դա այս իշխանության տրամաբանությամբ՝ թուլության նշան է, այլ օրինագիծը տապալվեց անկախ նրա կամքից: Երկու դեպքում էլ ստացվեց, որ ե՛ւ մեր հասարակությունն ու միջազգային հանրությունը բավարարվեցին, ե՛ւ իշխանությունը իրավիճակից «մաքուր» դուրս եկավ: Ամեն դեպքում սա ցույց է տալիս, որ այնպես չէ, ինչպես մտածում է հասարակությունը՝ իշխանությունն ինչ ուզի՝ կանի: Շատ բան կախված է հասարակության ակտիվությունից: Փաստորեն մի քանի օրվա ընթացքում ոչ հուժկու, բայց հասարակության ակտիվ հատվածի կողմից հնարավոր ամենն արվեց այդ օրինագծերի դեմ, եւ, ըստ էության, դա որոշակի հաջողություն ունեցավ: Իսկ եթե հասարակությունը հետեւողական լինի ամենատարբեր իրավունքների վերականգնման հարցում եւ ընդվզեր նաեւ 2002-ին, երբ փակվում էր «Ա1+»-ը, ապա, կարծում եմ, հաջողություն այն ժամանակ էլ կլիներ: Ուղղակի մեր հասարակությունը շատ շուտ է հուսախաբ լինում եւ հետեւողական չէ իր քայլերում, իսկ մի ստվար հատված էլ իրեն դատապարտված է համարում՝ ինձնից ոչինչ կախված չէ: Քանի մենք այդ մտայնությունը չենք հաղթահարել, իշխանությունն ինչ ուզի՝ կանի, որովհետեւ իշխանության ուժն այսօր հասարակության թուլության մեջ է»:
Մենք իրավապաշտպանին հիշեցրինք, որ «Ա1+»-ի փակման պարագայում ե՛ւ հայ հասարակությունն ու քաղաքական ուժերն էին ակտիվ, ե՛ւ միջազգային հանրությունն էր «Ա1+»-ի հարցը հետեւողականորեն բարձրացնում թե՛ ՀՀ իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ, թե՛ Հայաստանին վերաբերող ամենատարբեր զեկույցներում, բայց՝ ապարդյուն:
Ա. Իշխանյանի դիտարկմամբ, «Ազատության» եւ «Ա1+»-ի միջեւ որոշակի տարբերություններ կային: Նախ՝ «Ազատությունը» համաշխարհային համբավ ունեցող ռադիոկայան է, եւ նրա համար, օրինակ՝ ԱՄՆ-ը պատրաստ էր մեծ աղմուկ բարձրացնել, իսկ «Ա1+»-ը՝ տեղական, եւ միջազգային հանրությանը ոչ հայտնի հեռուստաընկերություն է: Իրավապաշտպանի փոխանցմամբ, եթե «Ազատությունը» հեռուստաընկերություն լիներ, ՀՀ իշխանությունների մտադրությունն էլ այն փակելու հարցում, թերեւս, ավելի հետեւողական կլիներ:
Այսուհանդերձ, գոնե ԱԺ-ում այս հարցի քննարկման ժամանակ իշխանական պատգամավորներն ասում էին, թե «Ազատությանն» առնչվող օրինագիծը խոսքի ազատության հետ որեւէ կապ չունի, որ օտարերկրյա ծագում ունեցող ռ/կ-ի հեռարձակման դադարեցումն անգամ խոսքի ազատության սահմանափակման չափանիշ չէ, մանավանդ որ՝ այդ ռ/կ-ն մի քանի այլ ժողովրդավարական երկրներում էլ չի հեռարձակվում: Ըստ մեր զրուցակցի, «Ազատությունը» չի հեռարձակվում երկու տիպի երկրներում՝ որտեղ խոսքի ազատությունը երաշխավորված է, եւ այդ պարագայում ռ/կ-ի հեռարձակել-չհեռարձակելը երկրորդական է, եւ այն երկրներում, որոնք բռնապետական են եւ ազատ խոսքը չեն հանդուրժում: Հայաստանը երրորդ տիպի երկրներից է, որտեղ խոսքի ազատությունը խիստ սահմանափակ է, բայց քանի որ երկիրը կախված է միջազգային կազմակերպություններից՝ «Ազատությունը» հեռարձակվում է: Դրա արգելափակումը Հայաստանը կմղեր ոչ թե առաջին, այլ երկրորդ տիպի երկրների շարքը, որտեղ խոսքի ազատությունն արգելափակված է»:
Ա. Իշխանյանը նաեւ քիչ հավանական համարեց այս օրինագծերի տապալման առնչությամբ նաեւ ԱԺ-ում հնչած այն տեսակետը, թե ինչ-որ մի ուժ այս օրինագծերով փորձում է գործող խորհրդարանական մեծամասնությանը «փչացնել»՝ միաժամանակ նաեւ վարկաբեկելով առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուական հավակնություններ ունեցող ՀՀ վարչապետին: «Այդպիսի բաները կարող են իշխանության մեջ գտնվող որեւէ մեկի վարկանիշի վրա ազդել, եթե այդ իշխանությանն ընտրում է ժողովուրդը: Իհարկե, երկրում քաղբանտարկյալ ունենալը կամ ԶԼՄ փակելը կարող է ազդել իշխանության կրողի վրա, եթե նա ընտրված է ժողովրդի կողմից: Բայց քանի որ Հայաստանում իշխանությունը ժողովուրդը չի ձեւավորում, ապա վարկանիշի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: Այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը 2003-ի նախագահական ընտրություններից առաջ «Ա1+»-ի փակումով պետք է ընկած լիներ, եւ նա պետք է որ չընտրվեր: Այդ խոսակցություններն ընդամենը ներիշխանական ինտրիգներ են: Հակառակ դեպքում, եթե մի պահ ընդունենք, որ այդ օրինագծերը ԱԺ էին բերվել նախագահական ապարատի հրահանգով, որպեսզի Սերժ Սարգսյանի վարկանիշի վրա ազդի, ապա այդ դեպքում մեծամասնության ղեկավար Սերժ Սարգսյանը դրանք կարող էր ուղղակի չընդունել»,- կարծիք հայտնեց Ա. Իշխանյանը:
Ի դեպ, նրա համոզմամբ, «Ազատություն» ռ/կ-ի գլխին կախված վտանգը դեռ չեզոքացված չէ: «Եթե իշխանությունների մտքին կա, իսկ նրանք վաղուց էին մտադրվել փակել «Ազատությունը», ապա այս անհաջող փորձից հետո կլինեն նաեւ նոր փորձեր: Դա կարող է արվել տարբեր ձեւերով՝ օրենսդրական ճանապարհով, «Ազատության» հետ պայմանագիր չկնքելով եւ այլն: Բայց որ փորձեր անընդհատ արվելու են՝ ես համոզված եմ: Մենք պետք է զգոն լինենք»,- զգուշացրեց իրավապաշտպանը: