Ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը
Երեկ մեր երկրում պաշտոնապես նշվում էր Սահմանադրության օրը: Ասում ենք՝ պաշտոնապես, որովհետեւ մեր հասարակության ներկայացուցիչները խորապես անտարբեր են այս երեւույթի նկատմամբ՝ այն պատճառով, որ երկրի հիմնական, ինչպես նաեւ գործող այլ օրենքները, որպես կանոն, որեւէ դեր չեն խաղում շարքային քաղաքացու իրավունքների, հիմնարար ազատությունների ապահովման, սոցիալ-տնտեսական, կենցաղային հարցերի լուծման իմաստով:
ՀՀ Սահմանադրությունը երեկ ավելի շատ հետաքրքրում էր քաղաքական գործիչներին, ովքեր քաղաքական եւ իրավական գնահատականներ էին տալիս երկրի մայր օրենքին: ՀՀ ԱԺ երեք պատգամավորներ՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ, նախկին Օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Ալվարդ Պետրոսյանն ու խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը Սահմանադրությունից զատ, երեկ անդրադարձան նաեւ այս շաբաթ ԱԺ-ում քննարկված աղմկահարույց եւ տապալված այն օրինագծերի փաթեթներին, որոնց ընդունման դեպքում կարող էր վտանգվել «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակումը ՀՀ տարածքում: «Հայելի» ակումբում Ալվարդ Պետրոսյանը կարծիք է հայտնել, թե՝ «ապրել օրինաց երկրում, բարգավաճ Հայաստանում, հզոր հայրենիքում կարող է լինել միայն այն դեպքում, եթե իրավական պետության մեջ ենք ապրում», իսկ դա, ըստ նրա, յուրաքանչյուրն ինքն իրենից պիտի պահանջի՝ տեր կանգնելով իր իրավունքին եւ անիրավությունն էլ փնտրելով իր մեջ: Հենց այդ վերջինը, թերեւս, վերաբերում էր նաեւ իրեն՝ տիկին Պետրոսյանին, որն այս շաբաթ ԱԺ-ում «Ազատություն» ռ/կ-ի փակման համար պարարտ հող ստեղծող օրինագծերին «ձեռնպահ» քվեարկելով, ըստ Լ. Ալավերդյանի, գործնականում նպաստել էր դրանց ընդունմանը: Նախկին Օմբուդսմենի համոզմամբ, «եթե քվորում ապահովվեր, ապա օրինագծի հավաքած 63 ձայնը բավարար կլիներ այդ օրինագծերը կյանքի կոչելու համար, ուստի՝ յուրաքանչյուր սեղմված կոճակ՝ անկախ «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ» լինելուց, փաստացի ուղղված էր այդ քվորումն ապահովելուն»: ՀՅԴ ներկայացուցչի դիտարկմամբ, Հայաստանում շատ ավելի կարեւոր խնդիրներ կան, քան «Ազատությունը»: Տիկին Պետրոսյանը խիստ բանաստեղծաբար հայտարարել է. «Մի երկիր, որը փորձում է արժանապատվությամբ ուղղել իր ողնաշարը, որն ուզում է կայանալ որպես անկախ, իրավական պետություն, չի կարող համադարման համարել որեւէ ռադիոկայան, նույնիսկ, եթե դա «Ազատությունն» է»: Ուստի՝ նրա համոզմամբ, այդ ռ/կ-ի փակվել-չփակվելու հարցը երկրի համար ճակատագրական համարել չի կարելի:
Իսկ ահա «Տեսակետ» ակումբում հյուրընկալված Ա. Աշոտյանը անդրադառնալով նույն խնդրին՝ իբրեւ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, հայտարարել է, թե երկու օրինագծերի տապալումն ԱԺ-ում ոչ այնքան ընդդիմության վաստակն է, որքան՝ արդյունք է կառավարող ուժերի պոտենցիալի անբավարար մոբիլիզացիայի եւ գործընկեր խմբակցությունների պատգամավորների կազմակերպական աշխատանքի թերացման: Ի դեպ, Ա. Աշոտյանը, որը օրինագծերի փաթեթի 1-ին ընթերցմանը «կողմ» էր քվեարկել, 2-րդ ընթերցմանն ու քվեարկությանը ներկա չէր եղել: Նրա կարծիքը նույնն էր՝ «Ազատությունը», որն ամերիկյան մասնավոր ռադիոկայան է, ՀՀ-ում գործող մյուս ռադիոկայաններից ո՛չ լավն է, ո՛չ էլ վատը, իսկ ԱԺ մեծամասնության մասին դատողություններ անել օրինագծերի տապալումով, ըստ նրա, չարժե: Պատգամավորը համարել է, որ նորընտիր ԱԺ-ում կոալիցիան իր համար կարեւոր փորձությունը՝ կառավարության ծրագրի ընդունումը, հաղթահարել է: Իր հարազատ կուսակցությունը, Ա. Աշոտյանի ասելով, այս օրինագծերի ընդունումը կարեւորել էր՝ ելնելով պետության շահերից եւ խոսքի ազատության սահմանափակման խնդիր ամենեւին չուներ: «Ես խնդրում եմ այս հարցը չչարաշահել, չչարչրկել եւ «Ազատությունը» չդարձնել ինֆորմացիոն դաշտում միակ լույսի ճառագայթը եւ դրանով չվիրավորել ձեր մյուս ընկերներին»,- հորդորել էր հանրապետական պատգամավորը: Ի տարբերություն «Այլընտրանք» նախաձեռնության ներկայացուցիչ Ն. Փաշինյանի, Ա. Աշոտյանը թերագնահատում էր մեկ մարդու, այս դեպքում՝ իր ազդեցությունը, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ-ում սույն օրինագծերի ընդունման համատեքստում: Ա. Աշոտյանը չէր կարծում, որ իր ներկայությունը իր համար կարեւոր նշանակություն ունեցող օրինագծերի քվեարկության ժամանակ կարող էր մեծ ազդեցություն ունենալ եւ փոխել դրանց ճակատագիրը. «Չեմ կարծում, թե իմ համեստ անձից է կախված նման լուրջ հետեւանքներ ապահովող աշխատանքը»: Սա այն դեպքում, երբ փաթեթը տապալվել էր քվորում ապահովելու համար միայն մեկ ձայնի պակասի արդյունքում: